Լրահոս
3 տարեկան երեխա է կորել
Օրվա լրահոսը

Էրդողանը եւ Ալիեւը հրավիրվել են Երեւան․ «Ինչի՞ ենք դժվար պատկերացնում նախագահ Էրդողանի այցը Երեւան, երբ արդեն եղել է վարչապետ Փաշինյանի այցը Անկարա»

Հոկտեմբեր 27,2025 17:29

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նախաստորագրված խաղաղության համաձայնագրի ստորագրման մասին հստակ ժամկետներ եւ տեղ դեռ հայտնի չէ․ այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ կրկնելով պաշտոնական Երեւանի դիրքորոշումը՝ ցանկացած պահին եւ ցանկացած վայրում պատրաստ են ստորագրել համաձայնագիրը։ Նա կրկնեց, որ փաստաթուղթը ստորագրելու համար ադրբեջանական կողմի պայմանը՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը, ինչը հնչեցվում է թե հրապարակային, թե տարբեր ձեւաչափով հանդիպումների ժամանակ, չեն ընդունում, դա «քննարկելի օրակարգ» չեն համարում եւ հուսով են, որ առաջիկա գործընթացները կգնան այնպես, որ համաձայնագիրը կստորագրվի։ Ըստ նրա, մեծ հաշվով՝ խաղաղությունը կա եւ դա փաստում են թե կողմերը, թե միջազգային գործընկերները, իսկ համաձայնագրի ստորագրումը լինելու է շռնդալից նախաստորագրման տեխնիկական գործընթացի շարունակությունը։

Արարատ Միրզոյանը տեղեկացրեց՝ հաջորդ տարի Երեւանում կայանալիք ԵՄ գագաթաժողովին մասնակցության հրավերներ են ուղարկվել Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներին․ «Ինչի՞ ենք դժվար պատկերացնում նախագահ Էրդողանի այցը Երեւան, երբ արդեն եղել է վարչապետ Փաշինյանի այցը Անկարա։ Այսօր չեք պատկերացնում, համաձայնեք, որ 1,5 ամիս հետո ամեն ինչ այլ կարող է լինել։ Այսօր չեք պատկերացնում, չէ՞, վարչապետ Փաշինյանի այցը Բաքու։ Ժամանակ է ընթանալու․ մեկ ամիս, 10 տարի․․․ չգիտենք հարցերն ի՞նչ տեմպով կհաղթահարվեն, բայց մի օր այս իրավիճակը լինելու է»։

Պատասխանելով օրերս ադրբեջանցի քաղհասարակության ներկայացուցիչների՝ Հայաստան այցի մասին հարցին՝ հնարավո՞ր չէ, այցելուների ցուցակները զտել, որպեսզի Արցախի շրջափակմանը մասնակցած «էկոակտիվիստը» չգա Երեւան, Արարատ Միրզոյանն ասաց՝ այլ խոսակցություններ էլ կան, որ այդ մարդիկ ադրբեջանական կառավարության հետ են կապված, քաղհասարակության ներկայացուցիչներ չեն եւ այլն ու մանրամասնեց․ «Վերջը, հռչակել ենք, որ ուզում ենք երկխոսել․ դա էլ մի բան չի, չէ՞, ասել՝ ուզում եմ երկխոսել, բայց այս մեկի հետ չեմ ուզում երկխոսել, այն մեկի հետ եմ ուզում։ Նա էլ այդ հասարակության մի մասն է, մենք փորձում ենք, չէ՞, այդ կամուրջը կառուցել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031