Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ–ում 2026 թ. պետբյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկմանը
Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Ազգային ժողովի նախագահի հարգելի տեղակալներ,
Հարգելի պատգամավորներ,
Կարդացեք նաև
Կառավարության հարգելի անդամներ,
Հարգելի ներկաներ,
Սկսում ենք 2026 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի քննարկումները և առաջին բանը, որ ուզում եմ ընդգծել, հետևյալն է՝ ըստ էության, առաջին անգամ է, երբ մենք Հայաստանի Հանրապետության բյուջեն քննարկում ենք Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության պայմաններում, այսինքն՝ ըստ էության, առաջին անգամ է, երբ մենք բյուջե ենք քննարկում խաղաղության պայմաններում:
Նաև առիթից ուզում եմ օգտվել և ևս մեկ անգամ վերահաստատել, որ 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի Խաղաղության Հռչակագրով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև հաստատվել է խաղաղություն, և այդ խաղաղությունն արդեն ունի կոնկրետ պարամետրեր, կոնկրետ վիճակագրություն: Մի մասի մասին խոսել եմ, բայց ուզում եմ ընդգծել, որ արդեն մեկ տարի ութ ամիս Հայաստան-Ադրբեջան սահմանին փոխհրաձգության հետևանքով զինվոր չի զոհվել: Եվ կրկին ուզում եմ ընդգծել, որ մեր անկախության պատմության մեջ մենք երբեք, երբևէ այսպիսի մեկ տարի ութ ամիս չենք ունեցել:
Բայց կարևոր է, որ նոր փաստեր, հանգամանքներ նույնպես ի հայտ է բերում հաստատված խաղաղությունը և մասնավորապես՝ նկատի ունեմ Ադրբեջանի այն հայտարարությունը, որով Ադրբեջանը վերացնում է դեպի Հայաստան տարանցման սահմանափակումները։ Սա, ըստ էության, պատմական իրադարձություն է և նշանակում է Հայաստանի Հանրապետության շրջափակման հաղթահարման առաջին փուլը: Բայց կարևոր է նաև, որ Հայաստանն էլ արձագանքող լինի այդ հայտարարություններին և նաև համապատասխան քայլեր անի:
Այս պահին դրան մեր արձագանքը հետևյալն է, որ հենց այսօրվանից մենք պատրաստ ենք ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և Ադրբեջանից դեպի Թուրքիա, մասնավորապես՝ Մարգարա-Եղեգնաձոր- Սիսիան-Գորիս երթուղիով: Այսինքն՝ ես սա ինչի համար եմ ընդգծում, որովհետև սա այս պահին միակ տարբերակն է, որ մենք հենց այսօր կարող ենք իրականացնել: Այսինքն, եթե ենթադրենք, որ Թուրքիայից բեռնատար է մոտենում Մարգարա անցագրային կետի՝ դեպի Ադրբեջան ուղևորվելու համար, մենք հենց այսօր կարող ենք ապահովել դա: Մեր ճանապարհները մինչև Գորիս, մինչև Կոռնիձոր գտնվում են լավ վիճակում, և գիտեք, որ Կոռնիձորում էլ որոշակի ենթակառուցվածք մենք ունենք և կարող ենք սպասարկել, այդ թվում՝ հակառակ ուղղությամբ: Այսինքն, եթե Կոռնիձորի կողմից ադրբեջանական բեռնատար մոտենա դեպի Թուրքիա անցում կատարելու համար, մենք հենց այսօր կարող ենք դա իրականացնել։
Իհարկե, մեր իրավիճակներն Ադրբեջանի հետ մի քիչ տարբեր են, դուք տեղյակ եք, որ ներկայումս ընթացքի մեջ է Ղազախստանից Ադրբեջանով դեպի Հայաստան հացահատիկի առաջին խմբաքանակի ներմուծումը, և դա տեղի է ունենալու Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթուղային երթուղով: Եվ իրավիճակների տարբերությունը ի՞նչ է, որ ըստ էության, Ադրբեջանը Վրաստանի տարածքով հասանելիության սահմանափակում չունի, Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով հասանելիության սահմանափակում չունի, բայց իմ հայտարարությունը վերաբերում է բոլոր ուղղություններով, որովհետև կարող է պարզվի ինչ-որ մի ուղղության նկատմամբ հետաքրքրություն կա, և մենք ուղղակի այսպես դահլիճային պայմաններում դա չենք արձանագրում: Այսինքն, ինչպես Ադրբեջանը մեզ համար վերացրել է տարանցման սահմանափակումները, նույն կերպ և մենք վերացնում ենք տարանցման սահմանափակումները:
Իհարկե այս հայտարարությունը, որպեսզի լինի ամբողջական, մենք առաջիկայում պետք է շատ ինտենսիվ զբաղվենք Վաշինգտոնի Խաղաղության Հռչակագրի երրորդ և չորրորդ կետերի լիարժեք իրականացմամբ, որի արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի` միմյանց նկատմամբ տարանցման արգելքի այս որոշումները կլինեն լիարժեք և ամբողջական: Այսինքն` կլինեն ոչ միայն դե յուրե, այլև դե ֆակտո, մենք հնարավորություն կունենանք այդ ամենն իրականացնել:
Կարծում եմ` առիթ ունի հիշեցնել, թե ինչի մասին է խոսքը Վաշինգտոնի Հռչակագրի երրորդ և չորրորդ հոդվածներում: Երրորդ հոդվածը, որ մեջբերում ենք, մասնավորապես ասում է. «Մենք վերահաստատեցինք ներպետական երկկողմ և միջպետական փոխադրումների համար երկու երկրների, այսինքն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը Հայաստանի Հանրապետության համար միջազգային և ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով»։ Սա երրորդ կետն է: Իսկ չորրորդ կետում ասվում է. «Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ Հայաստանի Հանրապետության տարածքում Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման «TRIPP» հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Մենք հաստատում ենք մեր վճռականությունը բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները սույն նպատակին հնարավորինս արագ կերպով հասնելու համար»։
Ցանկանում եմ տեղեկացնել, որ ներկայում Միացյալ Նահանգների հետ բավական ինտենսիվ աշխատանք է տեղի ունենում նախագծի իրականացման շուրջ։ Իհարկե, նախագիծը մեզ համար և տարածաշրջանի համար նոր է, ունի բազմաթիվ նրբություններ, և ես համոզված եմ, որ մենք հնարավոր ամենաարագ ժամկետներում այդ խնդիրները կքննարկենք, լուծումներ կգտնենք և կիրականացնենք այդ ծրագիրը:
Հարգելի ներկաներ,
Ազգային Ժողովի մեծարգո նախագահ,
Նախագահի հարգելի տեղակալներ,
Կառավարության հարգելի անդամներ,
Ազգային Ժողովի հարգելի պատգամավորներ,
Հարգելի ներկաներ,
Շատ կարևոր է արձանագրել, ըստ էության, սա մենք պետք է անընդհատ ասենք, որովհետև հիմա կասեմ նաև, թե ինչու պետք է անընդհատ ասենք, որ խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված փաստ է: Դա հաստատված փաստ է: Եվ մենք պետք է նաև հարաբերվենք այն իրավիճակի հետ, որ խաղաղությունը մեզ համար անծանոթ երևույթ է: Հասկանո՞ւմ եք՝ անծանոթ երևույթ է: Հայաստանի Հանրապետությանը ծանոթ չէ, թե ինչ է նշանակում խաղաղություն, որովհետև Հայաստանի Հանրապետությունն իր անկախության առաջին օրից եղել է կոնֆլիկտի մեջ: Նույնիսկ անկախությանը նախորդող բավական երկար ժամանակաշրջանում, ըստ էության, մենք ապրել ենք կոնֆլիկտային միջավայրում, և ապրել խաղաղության պայմաններում, ունենալ խաղաղության պայմաններին համարժեք ընկալում և մտածողության ձևեր, դա պարզ խնդիր չէ: Եվ մենք պետք է շատ ուշադիր լինենք այդ խնդիրը լուծելու համար: Սա կարևոր բաղադրիչ է խաղաղության նկատմամբ խնամք տանելու անհրաժեշտության առումով, որովհետև մենք պետք է հաստատված խաղաղության նկատմամբ խնամք տանենք, որպեսզի այն ուժեղանա, ամրապնդվի, դառնա առավել ինստիտուցիոնալ։
Իհարկե, այս հարցում մենք աշխատում ենք, շարունակում ենք աշխատանքն Ադրբեջանի հետ, շարունակում ենք աշխատանքը դիվանագիտական խողովակներով, նաև տարբեր մակարդակների շփումներ են տեղի ունենում. վերջերս Ազգային ժողովի նախագահի հանդիպումը տեղի ունեցավ Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահի խոսնակի հետ, նախորդիվ՝ փոխվարչապետների մակարդակով գործող աշխատանքային խմբերի հանդիպումը տեղի ունեցավ, նաև ըստ էության, ամենօրյա աշխատանք է տեղի ունենում հեռավար ձևաչափով: Եվ սա, ըստ էության, արդեն մեր առօրյայի, նախկինում էլ Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները մեր ամենօրյա առօրյայի անբաժանելի մասն են: Հիմա տարբերությունն այն է, որ խաղաղության օրակարգն է, Ադրբեջանի հետ խաղաղությունն է մեր ամենօրյա աշխատանքի անբաժանելի մասը։
Եվ այս առումով, քանի որ 2026 թվականի պետական բյուջեի նախագիծն ենք քննարկում, ուզում եմ ընդգծել, որ 2026 թվականը վճռական նշանակություն է ունենալու խաղաղության համար, որովհետև հունիսին տեղի են ունենալու հերթական խորհրդարանական ընտրություններ, և այդ ընտրությունները, ըստ էության, ունեն մի առանցքային հարց, որի պատասխանը պետք է տրվի, և Հայաստանի Հանրապետության ժողովուրդն իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը։ Սա, ըստ էության, այդ առաջիկա ընտրությունների առանցքային քաղաքական իմաստը և նպատակն է համենայնդեպս՝ Կառավարության տեսակետից, բայց ոչ միայն Կառավարության տեսակետից: Պիտի ընդգծեմ, որ հարցն այդպես է և՛ Կառավարության տեսակետից, և՛ պատմական տեսակետից, և բոլոր հնարավոր մյուս տեսակետներից: Այսինքն՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների առանցքային հարցադրումը կամ անհրաժեշտությունը հետևյալն է՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը, հակառակը՝ Հայաստանը հետ գլորելն է կոնֆլիկտի և ֆորպոստի տրամաբանության մեջ:
Ուզում եմ ընդգծել, որ խաղաղությանը տեր կանգնելով՝ Հայաստանի ժողովուրդը տեր կկանգնի նաև իր անկախության այս նորընծա մակարդակին, իր ինքնիշխանությանը, իր պետությանը: Ես հիմա խուսափում եմ ասել, որ տեր կկանգնի նաև իր ապագային, որովհետև կարծում եմ, որ ապագան հիմա է: Մենք սովորաբար ապագան ընկալում ենք որպես ինչ-որ հեռավար մի բան, բայց նաև ուզում եմ վերադառնալով, քանի որ ընտրությունների կոնտեքստում եմ հարցը դիտարկում, նշել, որ 2021 թվականին ընտրություններին կառավարող քաղաքական ուժը մասնակցեց «Ապագա կա» կարգախոսով։ Հիմա մենք այսօր ապրում ենք այդ ապագայի մեջ։ Սա է այդ ապագան, որի մասին մենք խոսում էինք, հարգելի գործընկերներ։ Ապագան այլևս վաղը չէ։ Եվ, իմիջիայլոց, շատ հետաքրքիր է, որ այդ կարգախոսը երևի ինտուիտիվ ճիշտ է ձևակերպվել: Կարգախոսը նրա մասին չէր, որ ապագա լինելու է, ապագա կա և ապագան կա այն ժամանակ, ինչ-որ իմաստով, սպասվող այսօր, ներկա: Այսինքն՝ ապագան այսօր է: Շատ կարևոր եմ համարում, որ մենք ապագայի հետ կապված մեր ընկալումները փոխենք և հասկանանք, որ ապագան այլևս հեռավոր որոշակի կասկածելի երևույթ չէ։ Ապագան մեր այսօրվա ամենօրյա կյանքն է։
Եվ այս առումով, իհարկե, առանցքային նշանակություն ունի, այդ թվում՝ խաղաղության տրամաբանության մեջ, այն, որ մենք մեր գործողությունների գաղափարաբանության առանցքում դնում ենք պետականությունը և պետությունը, որովհետև պետականությունը և պետությունն առանցքային նշանակություն ունեն, այդ թվում՝ խաղաղության օրակարգի սպասարկման, բայց նաև պետության ֆունկցիան շատ կարևոր է ճշգրտել:
Եվ այս ընթացքում Իրական Հայաստանի գաղափարախոսությամբ մենք ճշգրտել ենք նաև այդ ֆունկցիան, որովհետև հնչած, թե չհնչած, ձևակերպված, թե չձևակերպված, մեր իրականության մեջ այդ հարցը գոյություն ուներ. ի վերջո, ինչի՞ համար է պետությունը, ինչի՞ համար է Հայաստանի Հանրապետությունը։ Նախորդող շրջանում ձևակերպված, թե չձևակերպված, գիտակցված, թե չգիտակցված, ըստ էության մենք առաջնորդվել ենք այն տրամաբանությամբ, որ Հայաստանի Հանրապետությունը հենման կետ է բնույթով այլ պետություն ունենալու համար:
Իրական Հայաստանի գաղափարախոսությունն ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը, ըստ էության, իր միջազգայնորեն ճանաչված տարածքով ինքնաբավ է այդ առումով, և նրա խնդիրը սեփական քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը և երջանկությունն ապահովելն է: Եվ մեր բոլոր ռազմավարությունները, ներառյալ՝ անվտանգային, պաշտպանական և այլն, տեղավորվում են այս տրամաբանության մեջ: Սա շատ կարևոր նրբություն է:
Մենք, օրինակ, իհարկե, նախկինում դրա մասին խոսել ենք, ասել ենք նաև, որ այո, մենք այսօր շատ մեծ տեմպերով զարգացնում ենք մեր բանակը, բայց նաև զարգացնում ենք մեր բանակի հայեցակարգը՝ այն հայեցակարգը, որի վրա հիմնվում է մեր բանակը: Եվ մենք ասում ենք, որ մեր բանակը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքից դուրս խնդիր չունի լուծելու: Եվ մենք նույնիսկ շատ կարևոր ենք համարում, որ մեր ամենօրյա աշխատանքային խոսակցության մեջ «մարտունակ բանակ» հասկացությունը վերափոխենք և վերաձևակերպենք «պաշտպանունակ բանակ», որովհետև երբ ասվում է մարտունակ բանակ, չի տեղորոշվում՝ այդ պոտենցիալ մարտը որտե՞ղ է տեղի ունենում կամ որտե՞ղ կարող է տեղի ունենալ։ Մեզ համար շատ կարևոր է, որ մենք ընդգծենք այս կոնտեքստը, որ Հայաստանի Հանրապետության բանակը պետք է լինի պաշտպանունակ, այսինքն՝ պետք է ի վիճակի լինի պաշտպանել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունը: Ընդ որում՝ ես ուզում եմ ընդգծել, որ սա միջազգային օրենքներով յուրաքանչյուր պետության պարտավորությունն է՝ ապահովել սեփական քաղաքացիների անվտանգությունը, այդ թվում՝ հնարավոր արտաքին միջամտություններից։
Իհարկե, մենք հիմա կարող ենք պաշտպանության ոլորտի, կրթության ոլորտի, ցանկացած ոլորտի տարբեր հայեցակարգային հարցեր քննարկել։ Շատ կարևոր է՝ գնահատելով պետական բյուջե հասկացությունը, արձանագրել, թե բացարձակապես ինչի մասին մենք խոսում ենք՝ մեր հանրային օրակարգի, այդ բոլորն արտահայտված են պետական բյուջեի մեջ այս կամ այն չափով։ Այսինքն, երբ մենք խոսում ենք պետական բյուջեի մասին, պետական բյուջեն մեր հանրապետության ամբողջ կյանքը կազմակերպելու մասին է, հանրապետության կենսագործունեությունն ապահովելու մասին է, ներառյալ՝ յուրաքանչյուր քաղաքացու կյանքը և կենսագործունեությունն ապահովելու մասին: Բայց ես շատ կարևոր եմ համարում, որ մենք ընդհանրապես մեր քաղաքացիների հետ շատ խոսենք «պետական բյուջե» երևույթի մասին, ինքներս իրար հետ էլ շատ խոսենք: Մենք բավարար չափով խոսում ենք, բայց ավելի մանրամասն խոսելու տեղ միշտ էլ կա: Բայց կարևոր է նաև մենք մեր քաղաքացիների հետ մանրամասն խոսենք, թե այնուամենայնիվ, ի՞նչ է և ինչպե՞ս է ձևավորվում պետական բյուջեն:
Ես այսպիսի մի մտավարժանք եմ արել այսօր՝ փորձելու մեր քաղաքացիներին ավելի պատկերավոր, հնարավոր մաքսիմալ պարզ ներկայացնելու, թե ինչ է պետական բյուջեն և ինչպես է այն ձևավորվում։ Իրականում, կարծում եմ՝ պետական բյուջեն լավագույն արտահայտությունն է Իրական Հայաստանի այն գաղափարախոսության, ըստ որի՝ «Հայաստանն իմ տունն է, ժողովուրդն իմ ընտանիքն է»: Պետական բյուջեն, ընդհանրապես, այս հայեցակարգից բխող բան է, որովհետև պետական բյուջեն մեր համատեղ ընտանեկան բյուջեն է, Հայաստանի Հանրապետության ժողովրդի համատեղ ընտանեկան բյուջեն է, եթե մենք ելնում ենք այն կանխավարկածից, իսկ մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ ժողովուրդը մեր ընտանիքն է: Այսինքն՝ յուրաքանչյուր քաղաքացի կարող է և պետք է, մեր կարծիքով, ասի, որ ժողովուրդն իր ընտանիքն է, և այդպես է նաև իրականում։
Հիմա, հասկանանք, թե ինչպես է բյուջեն ձևավորվում։ Եթե վերցնենք 2026 թվականի առաջին վայրկյանները՝ դեկտեմբերի 31-ը եկավ, Նոր տարին եղավ և 2026 թվականը եկավ։ Այդ պահի դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները զրո են, այսինքն՝ 0001 վայրկյանին: Այդ պահի դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները զրո են: Պատկերավոր ասած, եթե դա համարենք ընդհանրապես զրոյական կետ, այդ պահին Հայաստանի պետական բյուջեում ոչ մի լումա չկա։ Զրո է: Բյուջեի գումարը զրո է: Իհարկե, քանի որ բյուջեն շարունակական պրոցես է, մի տարում չի սկսում: Եթե սկսեր մեր բյուջեի պատմությունը 2026 թվականի հունվարի մեկից, ուրեմն՝ կլիներ զրո, բայց քանի որ շարունակական պրոցես է, սովորաբար հաջորդ տարվա ծախսերի մեկնարկի համար նախատեսվում է բյուջետային ռեզերվ և նաև նախորդ տարվա եկամուտների չծախսված մասը փոխանցվում է պետական բյուջե՝ այսինքն ընթացիկ ծախսերն իրականացնելու համար:
Բայց, եկեք պատկերացնենք, որ 2026 թվականը բյուջետային համակարգի մեկնարկի կետն է, մենք էլ քննարկում ենք 2026 թվականի պետական բյուջեն: Ուրեմն կեսգիշերի դրությամբ և նույնիսկ մի ժամ անց, նույնիսկ երկու ժամ անց, նույնիսկ երեք ժամ անց, նույնիսկ չորս ժամ անց, նույնիսկ առավոտվա դրությամբ պետական բյուջեի եկամուտները զրո են։ Հիմա ինչպե՞ս են ձևավորվում պետական բյուջեի գումարները։ Պետական բյուջեի գումարները ձևավորվում են հիմնականում, արտաքին համագործակցություններն էլ այս պահին հաշվի չեմ առնում, հարկերի կամ վճարումների միջոցով՝ ավելացված արժեքի հարկ, ակցիզային հարկ, եկամտային հարկ, սոցիալական վճարներ, շահութահարկ, շրջանառության հարկ, պետական տուրքեր, ներառյալ մաքսատուրք։ Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն ձևավորվում է այս հարկերի միջոցով ձևավորված խողովակներով տեղի ունեցող վճարումներից։
Հիմա ուզում եմ ցույց տալ բյուջեի ձևավորման մեկ կամ երկու փոքր գիծ: Հունվարի լույս մեկի գիշերը, բնականաբար, առավոտյան խանութում մեծ հավանականությամբ, օրինակ, լինում են ապրանքներ և մատակարարվում են։ Վերցնենք ամենապարզ օրինակներից մեկը՝ գիշերը արտադրողն արտադրում է թթվասեր, չէ՞: Հունվարի լույս մեկի գիշերն արտադրողը թթվասերն արտադրեց, թողարկման պահին գոյանում է ավելացված արժեքի հարկը։ Այսինքն, երբ ապրանքը թողարկվեց, դեռ չի վճարվել, բայց իր շուրջ, իր փաթեթավորման հետ ձևավորվում է նաև ավելացված արժեքի հարկ։ Բայց այդ հարկը մտնում է պետական բյուջե այդ ապրանքի շրջանառության արդյունքում, մասնավորապես, բնականաբար թթվասերն առաքվեց խանութ։ Եվ երբ քաղաքացին իր բակի խանութում գնում է թթվասերը՝ ասենք, վճարելով 400 դրամ, այդ պահից սկսվում է բյուջեի համալրման գործընթացը։ Ես ուզում եմ մեր բոլոր քաղաքացիների ուշադրությունը հրավիրել հետևյալ փաստի վրա. այն պահին, երբ նա թթվասերը գնեց, 400 դրամն ամբողջությամբ հենց թթվասերի արժեքը չէ, կոպիտ ասած: 400 դրամի մեջ 20%-ը, այսինքն՝ 80 դրամը, ավելացված արժեքի հարկն է։
Բայց շատ կարևոր է՝ քաղաքացիներն արձանագրեն, որ այդ թթվասերը, երբ իրենք գնեցին 20% ավելացված արժեքի հարկն է, այսինքն` քաղաքացին չի կարող որևէ ձևով գնի թթվասերը Հայաստանում, որ իր գնածի գնի մեջ 20% ավելացված արժեքի հարկը ներառված չլինի: Ըստ էության ամեն ինչ, բացառությամբ կարող են լինել ապրանքներ որոնց գնի մեջ ավելացված արժեքի հարկը ներառված է, այսինքն՝ չկա տարբերակ, որ մենք որևէ բան գնենք և հարկը չվճարենք: Այստեղ խնդիրն ուրիշ բանի մեջ է, թե ինչքանո՞վ է այդ շրջանառությունը ոչ ստվերային, որպեսզի արձանագրվի, որ քաղաքացու վճարած ավելացված արժեքի հարկը մտնի պետական բյուջե: Սա շատ կարևոր նրբություն է: Այսինքն՝ քաղաքացին այսպես թե այնպես վճարում է, այլ բան, որ ստվերային տնտեսության դեպքում քաղաքացու արդեն իսկ վճարած հարկը գնում է մասնավոր անձի գրպան, իսկ երբ շրջանառությունը ստվերային չէ, այդ հարկը մտնում է պետական բյուջե:
Այսինքն՝ ես ուզում եմ էլի ընդգծեմ՝ քաղաքացին տալիս է գումարը բյուջեին, բայց եթե շրջանառությունը ստվերային է, բյուջեին տրված գումարը գողացվում է, կոպիտ ասած: Իհարկե, գողացվում է ուրիշների կողմից։ Եվ, ահա, այս շրջանառության ոչ ստվերայնությունն ապահովելու համար շատ կարևոր է, որ թթվասերը գնելու պահին խանութը դուրս գրի ՀԴՄ, այսինքն՝ մեր մանրածախ առևտրի ոլորտում ստվերային շրջանառությունը կանխելու ձևը հաշվիչ դրամարկղային կտրոնն է: Եվ հաշվիչ դրամարկղային կտրոնը երկու պատճառով է կարևոր. առաջինը՝ նախ դա հնարավորություն է տալիս, որ թթվասերի շրջանառությունը լինի ոչ ստվերային, որպեսզի ի վերջո այն 20 % ավելացված արժեքի հարկը վճարվի և բացի դա, թթվասեր վաճառողն առնվազն շրջանառության հարկ պետք է վճարի: Եվ շրջանառության հարկը գոյանում է ՀԴՄ-ների կուտակման արդյունքում ձևավորված, արձանագրված շրջանառության չափից։ Եվ եթե ՀԴՄ չի բաց թողնվում, իհարկե կան բարեխիղճ տնտեսվարողներ, ովքեր միշտ բաց են թողնում ՀԴՄ, բայց ես սա կարևոր եմ համարում քաղաքացու տեսակետից: Եվ ես շնորհակալ եմ բոլոր այդ բարեխիղճ տնտեսվարողներին, բայց կարևոր է այս հարցին մոտենալ քաղաքացու տեսակետից նաև։ Այսինքն՝ ՀԴՄ-ների ցույց տրված, բացահայտած շրջանառության արդյունքում է նախ որոշում՝ տնտեսվարողը շրջանառության հարկի դաշտում է գործում, թե ավելացված արժեքի հարկի դաշտում է գործում: Սա կարևոր նրբություն է: Բայց նույնիսկ ճիշտ շրջանառությունը ցույց տալու համար կարևոր է, որ հաշվից դրամարկղային կտրոն դուրս գրվի:
Հաջորդը՝ թթվասեր արտադրողն իր աշխատողներին պետք է վճարի աշխատավարձ: Բնականաբար, այդ աշխատավարձն այդ 400 դրամներից է գոյանում, բայց որի արդյունքում պետք է աշխատողների փոխարեն վճարի 20% եկամտային հարկ և սոցիալական վճար: Եկամտային հարկը մեր պետական բյուջեի եկամտային կարևոր տողերից մեկն է: Բայց նաև ուզում եմ մեր քաղաքացիներին հիշեցնել, որ մենք եկամտային հարկի վերադարձի համակարգ ունենք, և 2018 թվականից մինչև այսօր ավելի քան 64000 շահառուներ առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելու համար ստացել են տասնյակ միլիարդ դրամի եկամտային հարկ։ 2024 թվականին, եթե հիշողությունս չի դավաճանանում, 70 միլիարդ դրամ ենք վերադարձրել: Այս տարի կհասնենք 100 միլիարդ դրամի։ Հաջորդը՝ թթվասեր արտադրողը տարվա ընթացքում իր գործունեության արդյունքում ունեցած շահույթի դիմաց պետք է վճարի շահութահարկ: Ներմուծման պարագայում, որովհետև կոմպոնենտներ են ներմուծում, նաև կարող են հումք ներմուծել, պետք է վճարի նաև մաքսատուրք։ Եթե արտադրողն արտադրում է ոչ թե թթվասեր, այլ օղի, պետք է վճարի նաև ակցիզային հարկ։
Ահա, հարգելի գործընկերներ, պետական բյուջեն նոր տարվա գիշերը լինելով զրո, այսպես է ձևավորվում, այսինքն՝ մեր բոլորի կենսագործունեության արդյունքում, մեր բոլորի աշխատանքի արդյունքում: Եվ հետևաբար՝ շատ է բյուջեն թե քիչ, ըստ էության արտահայտում է այն, թե մենք ինչպես, ինչ արդյունավետությամբ և ինչքան ենք աշխատել բոլորով, բացարձակապես բոլորով՝ Կառավարություն, քաղաքացիներ, խորհրդարան: Պետական բյուջեն մեր համատեղ աշխատանքի արդյունավետության արգասիքը և արդյունքն է։ Ընդ որում՝ ուզում եմ ընդգծել, պետական բյուջեով, այդ թվում՝ ապահովվում են բոլորի կարիքները, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների բազմաթիվ կարիքներ ապահովվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից։ Ընդ որում՝ ես նորից ուզում եմ վերադառնալ իմ այն պնդմանը, որ Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացի, որևէ ընտանիք իր բարեկեցության համար ավելի մեծ ծախս չի անում, քան դա անում է պետական բյուջեն:
Ընդհանրապես, եթե Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն և համայնքային բյուջեները պատշաճ եկամտային և ծախսային հոդվածներ չունենան, խնդրում եմ ուշադրություն դարձրեք, Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացու բարեկեցությունը հնարավոր չէ, անհնար է, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և համայնքային բյուջեի բացակայության կամ պատշաճ եկամտային և ծախսային հոդվածներ չունենալու դեպքում որևէ քաղաքացու բարեկեցությունն ուղղակի անհնար է։
Ես ուզում եմ դրա համար բերել իմ սիրած մի օրինակ։ Ասենք, մարդ կարող է ասել, բայց իմ բարեկեցության հետ ի՞նչ կապ ունի պետական բյուջեի ծախսային հոդվածը։ Ես շատ փող ունեմ, ինձ համար դղյակ եմ կառուցում, աննկարագրելի դղյակ եմ կառուցում, հրաշք։ Հիմա կարո՞ղ է լինել այսպիսի դեպք: Այո, կարող է լինել: Կարո՞ղ է կառուցել այդ քաղաքացին։ Տեսականորեն կարող է կառուցել: Բայց, հազար ներողություն, այս կոմունալ մանրամասների համար, այդ դղյակը կառուցած քաղաքացին կարո՞ղ է այդ դղյակում բարեկեցիկ ապրել։ Բացառված : Կարո՞ղ է բարեկեցիկ ապրել, եթե չլինի կոյուղի։ Բացառված է։ Ո՞նց կարող է: Կարո՞ղ է լինել դղյակ, որը չունի կոյուղի: Կարո՞ղ է բարեկեցիկ ապրել: Բացառված է։ Եթե այդ դղյակը չունենա ջրամատակարարում, կարո՞ղ է այդ դղյակում մարդը բարեկեցիկ ապրել: Բացառված է։ Եթե չունենա էլեկտրականություն, կարո՞ղ է քաղաքացին այդտեղ բարեկեցիկ ապրել:
Ենթադրենք, մարդն այնքան բարեկեցիկ է, որ իր համար կոյուղի էլ է կառուցում, ավտոնոմ ջրամատակարարում էլ, էլեկտրականություն էլ է ապահովում ինքը իր համար, շատ լավ, եթե ճանապարհներ գոյություն չունենային, այդ մարդը չէր կարող իր դղյակը կառուցել: Շատ լավ, ենթադրենք, եթե այդ բարեկեցիկ մարդը քարավաններով էր ուզում բերել շինանյութը, եթե երկրում իրավակարգ չլինի, այդ քարավանները հինգ րոպեում այնպես կթալանեն, որ մեծ կտորը կմնա քարավանի ուղտի ականջը, եթե իհարկե, քարավանն ուղտից է, եթե ձիերից և ջորիներից է՝ մեծ կտոր կմնա ձիերի և ջորիների ականջը։ Ուրիշ բան՝ այդ քաղաքացին կարո՞ղ է ապրել բարեկեցիկ, եթե իր դղյակին հասանելի տրամաբանական մոտակայքում առողջապահական ծառայություն չլինի: Այդ քաղաքացին իր չնաշխարհիկ դղյակը կառուցելիս կամ զբոսնելիս, ընկավ, ոտքը ջարդեց, 103 զանգելո՞ւ է, թե՞ չի զանգելու է: Իսկ եթե պարզվի, որ հեռախոս չկա, որ զանգելու է, իսկ եթե պարզվի, որ 103-ը ավտոմեքենա չունի, իսկ եթե պարզվի, որ 103-ում աշխատող բժիշկ չկա, իսկ եթե պարզվի, որ 103-ում չկան անհրաժեշտ սարքեր և սարքավորումներ: Հաջորդը՝ այդ դղյակում կարո՞ղ է մարդը բարեկեցիկ ապրել, եթե հասանելի հեռավորության վրա չլինի դպրոց, օրինակ: Նա կարող է իր երեխաների համար լուսնից դասախոսներ բերել, բայց այն բժիշկը, որ պետք է գա իր ոտքը բուժելու, որտե՞ղ պիտի սովորեր մինչև բժշկական համալսարան։
Հարգելի գործընկերներ,
Սա ցույց եմ տալիս, ասում եմ, որովհետև հիշում եմ նախորդ տարվա բյուջետային քննարկումների ժամանակ ես այս արտահայտությունն արեցի, ինչ-որ տեղ իմպրովիզով արեցի այդ նախադասությունը, ես էլ ասացի ու մի պահ կանգ առա, և այս մի տարվա ընթացքում այդ մտածումներն ու քննարկումներն այնքան են ամրապնդել այս թեզը, որ այս թեզը կասկածի տակ չէ։
Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացու – հիմա երկրորդ հայտարարությունն եմ անում, որը նորից եմ թերևս արել – բարեկեցությունը կախված է, առաջին հերթին, ոչ թե նրանից, թե ինչքան է ինքն իր բարեկեցության համար ծախսում, այլ առաջին հերթին կախված է նրանից, թե ինչքան է պետական և համայնքային բյուջեն իր բարեկեցության վրա ծախսում։ Դղյակի օրինակով ես ցույց տվեցի՝ մարդն իր բարեկեցության վրա միլիոններ ծախսի, եթե պետական և համայնքային բյուջեն չի ծախսում…:
Եվ պետական և համայնքային բյուջեն ծախսում է միշտ ավելի շատ, որովհետև այն, ինչով կարելի է մեկ դղյակ կառուցել, դրանով հնարավոր է կառուցել, օրինակ, մեկ կիլոմետր ճանապարհ ընդամենը, կամ չգիտեմ, գների հաշվարկի մեջ կարող եմ մի քիչ խառնել, թող լինի երկու, թող լինի երեք։ Եվ սա ես ինչի՞ համար եմ ասում, որ ի վերջո մեր պետության երկարատև զարգացման և մեր երկրի անվտանգության, բարեկեցության համար չափազանց կարևոր է, որ բյուջեի ընկալումը փոխվի։ Առաջինը, որ բյուջեն ձևավորվում է մեր բոլորի կատարած աշխատանքի արդյունքում, և երկրորդը, որ պետական բյուջեն է, որ ապահովում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը և այլն։
Բավարար չէ անվտանգությունը և բարեկեցությունը, ուրեմն պետական բյուջեն բավարար չէ։ Բավարար չէ պետական բյուջեն, ուրեմն մենք բավարար չափով, հազար ներողություն, գիտեմ, որ այսպես հայտարարությունները նաև նյարդայնացնում են, ուրեմն մենք բավարար չափով արդյունավետ չենք աշխատում, դրա համար մեր բյուջեն այնպիսին չէ, որ ապահովվի: Ընդ որում՝ միայն աշխատողի մասին չէ խոսքը, խոսքը նաև գործազուրկի մասին է, որը պետական բյուջեի համալրման ճանապարհին ունի շատ կոնկրետ գործառույթ մյուսներիս նման, որովհետև առնվազն նույնիսկ գործազուրկը մտնում է խանութ և թթվասեր առնում է, չէ՞: Լավ, թթվասեր չի առնում, հաց առնում է, չէ՞: ՀԴՄ վերցնո՞ւմ է, թե՞ չի վերցնում: Էլի եմ ասում, բազմաթիվ բարեխիղճ տնտեսվարողներ, անկախ նրանից կպահանջեն, թե չեն պահանջի այդ ՀԴՄ-ն, դուրս են գրում: Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր նման մարդկանց: Բայց ես խոսում եմ քաղաքացու իրավիճակի ընկալման և վերաբերմունքի մասին։ Նույնիսկ գործազուրկը իր գնած հացի ՀԴՄ-ն վերցնո՞ւմ է, թե՞ չէ։
Գյուղերում և ոչ միայն գյուղերում, մեր ցանկացած բնակավայրում այսօր տասնյակ միլիարդների, հարյուր միլիարդների ծրագրեր ենք արել և՛ համայնքներում, և՛ հանրապետական նշանակության: Բայց այսօր կա՞ն չլուծված պրոբլեմներ: Բազմաթիվ են չլուծված պրոբլեմները: Ինչո՞ւ են այդ պրոբլեմները չլուծված, որովհետև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն չի կարողացել լուծել այդ խնդիրները: Ես ուզում եմ, որ մեր բոլոր քաղաքացիներին տեսանելի լինի կապը, ընդ որում՝ ես խոստովանում եմ, որ շատ երկար ժամանակ ինձ համար էլ դիսկոմֆորտ է եղել և մտածել էլ եմ, որ լավ, ՀԴՄ ուզե՞մ, չուզե՞մ: Այսինքն՝ սա բոլորիս է վերաբերում: Ոչ մեկ թող գլուխ չգովա, ասի՝ ես միշտ վերցնում եմ: Ես հիմա կարող եմ ասել, որ միշտ վերցնում եմ: Միշտ։ Չկա այդպիսի տարբերակ, որ չվերցնեմ: Բայց սա նոր գործելակերպ է նաև ինձ համար այս գիտակցությունից։ Հիմա բոլոր գյուղերում, քաղաքներում, թաղամասերում, երբ մարդկանց հարցնում եմ, ասում եմ կա՞ն ձեր գյուղում, օրինակ, կամ քաղաքում, կամ թաղամասում չլուծված պրոբլեմներ։ Ասում են՝ կան, ասում եմ ինչքա՞ն պետք է լինի գումարը: Այսինքն՝ առանց գումարի հնարավոր չէ, չէ՞ այդ պրոբլեմը լուծել, և այդ գումարը պետք է լինի բյուջետային։ Ընդ որում՝ մեր փորձն ի՞նչ է ցույց տալիս։ Երբ գումարը բյուջետային չէ, գումարը ծախսվում է և պրոբլեմը չի լուծվում։
Մենք այսօր ունենք հանրապետությունում կառուցված բարեգործական տրամաբանությամբ բազմաթիվ մանկապարտեզներ, մինչև պետական բյուջեն տեր չի կանգնել այդ մանկապարտեզներին, դպրոցներին, զբոսայգիներին, որովհետև այդ, այսպես կոչված, բարեգործական նպատակներով կառուցվածքների հիմնական մեծ մասը, ցավոք, մի ռեպորտաժի կյանք ունեն, կամ չորս ռեպորտաժի կյանք, որովհետև հավաքվեցինք, նկարվեցինք… Ես, անկեղծ ասած նյարդ ունեմ կուտակված այն դեպքի համար, երբ մարդիկ, ենթադրենք, 100 հազար դրամի բարեգործություն են անում, իրենց 4 միլիոն դոլարի գովազդ են անում: Այսինքն՝ 100 հազար դոլար ծախսում են մեկ ցայտաղբյուր սարքելու վրա, հետո 4 միլիոն դոլար ծախսում են լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի վրա։ Ու բարեգործի կրծքավանդակի կեսը փակող մեդալները վրաները կախած ման են գալիս։ Սա նորից մեր հանրային ընկալման մասին է։
Ես, օրինակ, որտեղ տեսնում եմ բարեգործություն, կներեք, արդեն ալերգիա ունեմ, որովհետև վարչապետի պաշտոնում տեսել եմ, թե դա գործնականում ինչ է նշանակում։ Ձեզ օրինակ պատմեմ, մարդիկ նամակ են գրում, ասում են՝ մեր գյուղի նոր կառուցված մանկապարտեզը չի գործում: Այսպես ո՞նց կլինի և այլն: Հետաքրքրվում ենք, թե ի՞նչ մանկապարտեզ է։ Պարզվում է, որ մանկապարտեզը կառուցվել է բարերարների ջանքերով։ Կառուցվել է, բացումը արվել է, ռեպորտաժները գնացել են, դիտումները ապահովել են, լայքերը ապահովել են, քոմենթները ապահովել են, մեդալը կախվել է, անունները քանդակվել է պատերին ոսկետառ, ադամանդակուռ և այլն: Ու պարզ է՝ երեկոյան ընթրիք, առավոտյան խաշ, և բոլորը արդեն ցրվել են: Եվ դրանից մի ամիս հետո մանկապարտեզը փակվել է: Ինչո՞ւ, որովհետև հոսանքի պարտք ունի, և պարզ չէ՝ ով պիտի վճարի, ջրի պարտք ունի: Աշխատողներն աշխատել են, ո՞վ է վճարելու իրենց աշխատավարձը և այլն: Իհարկե, հիմա այդ մանկապարտեզը գործում է, որովհետև Կառավարությունն իր որոշումներով դա արել է, այդ թվում՝ համայնքային: Եվ մենք այդ պահից արգելել ենք, հույս ունեմ, ես գոնե այդպես եմ հանձնարարել, արգելել ենք ցանկացած նախագիծ, որը Կառավարության սահմանած ստանդարտի մեջ չէ։
Եվ, հետևաբար, հարգելի գործընկերներ, պետական բյուջեն յուրաքանչյուր ընտանիքի բարեկեցության վրա ավելի շատ գումար է ծախսում, քան ցանկացած առանձին վերցրած ընտանիք։ Ուզում եմ նաև ասել, այո, ես հասկանում եմ, մի վիճակագրություն էլ ասեմ, որը էլի ասել եմ, նորություն չէ՝ 2025 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով մենք բյուջեի եկամտային մասը 2018 թվականի համեմատ ավելացրել ենք 781 միլիարդ դրամով կամ 136%-ով։ Այսինքն՝ սա ի՞նչ է նշանակում, որովհետև այս տոկոսներն էլ երբեմն լավ չի ընկալվում։ Սա նշանակում է, որ 2018 թվականի առաջին կիսամյակի բյուջեի եկամուտների կողքը մի հատ էլ նույն չափով եկամուտներ են ձևավորվել: Այսինքն՝ մի հատ այս բաժակը կար 2018 թվականին, մի հատ էլ սրա նման բաժակ կողքը նույն ձև հայտնվել է, գումարած 36%: Այսինքն՝ ես նկատի ունեմ այս պրոցեսը գնում է:
Բայց էլի եմ ասում, սա Կառավարության ջա՞նքն է: Ոչ միայն։ Ես կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն տնտեսվարողներին, ինչպես ասում եմ՝ աշխատող, արդյունք ստեղծող և հարկերը վճարող մեր բոլոր տնտեսվարողներին։ Ես հիմա ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն քաղաքացիներին, ովքեր, կապ չունի, 10 դրամի, թե 10000 դրամի, թե 110000 դրամի առևտուր են անում, առանց ՀԴՄ կտրոնի խանութից դուրս չեն գալիս։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր այդ քաղաքացիներին: Բայց ես նաև ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել պետական և համայնքային բոլոր այն ծառայողներին, ովքեր իրենց գործունեությամբ, ամենօրյա աշխատանքով ջանք են ներդնում ստվերային տնտեսությունը կրճատելու և պատշաճ հարկային հավաքագրումներն ապահովելու համար։ Եվ սա չափազանց կարևոր կոնտեքստ է:
Նաև ուզում եմ խոսենք այն առանցքային ծրագրերի մասին, հիմա գումարը հավաքեցինք, հունվարի մեկի թթվասերը գնեցինք, ՀԴՄ-ն վերցրինք, հարկը վճարեցինք 2026 թվականին, ի՞նչ ենք անելու: Իմիջիայլոց, դա էլ է շատ կարևոր արձանագրում, ես սա ինչի համար եմ ասում, որ մենք հասկանանք, որ բյուջեն ոչ թե ճամպրուկներ են կամ սենյակ է, որի մեջ փողերը դրած է և բանալին էլ Ֆինանսների նախարարի կամ վարչապետի կամ Կենտրոնական բանկի…, բյուջեն ընդամենը կանխատեսում է, թե մենք ինչքան ենք աշխատելու նախորդող շրջանի փորձի և տնտեսական ու քաղաքական պրոցեսների վերլուծության հիման վրա։ Այսինքն՝ ես ուզում եմ մենք շատ լավ հասկանանք, այդպիսի սենյակ չկա, որտեղ այդ փողը դրված է, չնայած ասում եմ՝ կան ռեզերվներ, որոնք բանկային հաշիվներում, Կենտրոնական բանկում Կառավարությունը պահում է, կան վարկային միջոցներ, բայց մեծ հաշվով բյուջեն հոսք է, բյուջեն ամենօրյա աշխատանք է և ամենօրյա աշխատանքի արդյունքում ապրանքների, ծառայությունների, արտադրանքի շրջանառության արդյունքում ձևավորված հարաբերությունների կողմից արտահայտված դրամական միջոցների հոսք է: 2026 թվականի պետական բյուջեի եկամտային մասը, ըստ էության, մենք նախատեսում ենք, որ կավելացնենք 253.4 միլիարդ դրամով կամ 8.9%-ով:
Բայց կարևոր է նաև արձանագրել, թե 2026 թվականին ինչ առանձնահատուկ ծրագրեր ունենք, բացի այն սովորական ծրագրերը, որ բյուջեով պետք է ապահովենք։ Ամենակարևոր նորություններից մեկը՝ կներդրվի առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգը: Եվ 2026 թվականին, ըստ էության, քաղաքացիները դրա հետ կապված որևէ ծախս չեն նկատի, որովհետև ծախսերն ամբողջը կանի Կառավարությունը ադապտացիոն այս շրջանում: Այսինքն Կառավարությունն էլի կանի քաղաքացիների վճարած հարկերի ծախսման արդյունքում, բայց նաև հետագայում Կառավարությունը նախատեսում է, որ պետք է ապահովի մինչև 18 տարեկան երեխաների, օրինակ 65+ տարիքի թոշակառուների և նաև որոշակի սոցիալական խմբերի առողջապահության ապահովագրությունը։ Որոշակի սոցիալական խմբեր ասելով՝ պետք է նկատի ունենալ նաև, որ մենք անապահովության գնահատման մեր համակարգերը փոխում ենք, և այդ համակարգերի փոփոխության հայեցակարգային իմաստը և նպատակն այն է, որ մենք մարդուն ոչ թե քաջալերենք չաշխատել, այլ քաջալերենք աշխատել։
Տեսեք, հիմա, օրինակ սոցիալական ապահովության թեման շատ շահարկվում է, բայց մենք սա պետք է ասել: Ես ինչի՞ եմ ցույց տալիս բյուջեի ձևավորման այս համակարգը, որովհետև պետք է հասկանանք, որ բյուջեն, որով այդ թվում վճարվում է անապահովության նպաստը, գործազրկության նպաստը, վճարվում է աշխատող մարդկանց հաշվին: Այսինքն, եթե մի քաղաքացին իրավունք ունի ասել, որ գիտեք ինչ, ես չեմ աշխատում Կառավարություն, բերեք իմ ծախսերը հոգացեք, եթե մի քաղաքացի այդ իրավունքը ունի, իսկ իրավունք ունե՞ն բոլոր քաղաքացիները: Մեկ էլ մի օր բոլոր քաղաքացիներն ասում են՝ Կառավարություն, եթե այդպես է, այս մի հոգու բոլոր հնարավոր ծախսերը հոգում եք, ես էլ չեմ աշխատում, հոգացեք իմ ծախսերը։
Եկեք, պատկերացնենք տեսական իրավիճակ, երբ 2026 թվականի Նոր տարին այդպես առանձնահատուկ լավ է ստացվում, մեկ էլ քաղաքացիները գցում, բռնում են, ասում են սկզբունքորեն չենք աշխատում, անապահովության գնահատման համակարգ կա, որը քաղաքացիներին պիտի ապահովի, չէ՞: Պետության պարտքն է չէ՞ ապահովել քաղաքացիների սոցիալական ապահովությունը, թող ապահովի, և քաղաքացիները համընդհանուր ասում են՝ չենք աշխատում Կառավարություն, նպաստ տուր մեզ, առողջապահություն, դպրոց, մանկապարտեզ, ճանապարհներ, լուսավորություն և մնացած ամեն ինչ: Թթվասերն էլ «նիսիա» ենք առնելու։ Որտեղի՞ց, ժողովուրդ ջան, որտեղի՞ց։ Չի լինում այդպես։ Ես ուզում եմ ասել, որ երբեմն չեմ հասկանում, որովհետև առանձնահատուկ սոցիալական խմբերի դեպքում դա հանրային համերաշխության խնդիր է, բայց երբեմն անկեղծ ասեմ, ինձ համար ընդունելի չէ, հազար ներողություն, որոշակի մունաթային տոնը, որ մենք չենք աշխատում 20 տարի է, ու տուն չունենք, այս չունենք, այն չունենք: Դա խնդիր է, մենք պիտի ասենք՝ դա նորմալ չէ, ժողովուրդ ջան, այդպիսի բան ասել, ասել գիտես ինչ՝ չեմ աշխատում, տուն չունեմ, այս չունեմ, այն չունեմ, խնդրում եմ ապահովել ինձ, չի լինում այդպես, ժողովուրդ ջան, չի լինում, դա նորմալ հանրային հարաբերություն չէ:
Բայց ես այս առումով ուզում եմ նաև ընդգծել, որ սա է նաև պատճառը, որ մենք հայտարարում ենք, որ կրթությունը մեզ համար ռազմավարություն է, կամ կրթությունն է մեր ռազմավարությունը, որովհետև երբ նման դեպքերի մեջ խորանում ես, հասկանում ես՝ ինչն է դրա պատճառը, հասկանում ես, որ դեպքերի 80%-ում խնդիրը կրթության մեջ է: Կամ մարդիկ, ովքեր աշխատում են, բայց սոցիալական մինիմում չեն կարողանում ապահովել, այստեղ էլ է խնդիրը կրթության մեջ, որովհետև այդ մարդիկ օբյեկտիվորեն չունեն որակավորում ավելի բարձր աշխատավարձ ապահովող սեգմենտներում աշխատելու: Ես կարծում եմ, որ բյուջենային քննարկումները շատ լավ առիթ են, որպեսզի մենք այս բոլոր շերտերին անդրադառնանք:
Բայց վերադառնալով առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգին, որը համոզված եմ՝ բյուջետային քննարկումների ընթացքում մանրամասներով կխոսենք: Կարևոր եմ համարում նաև ընդգծել, որ 55 միլիարդ դրամ տրամադրվելու է Ղարաբաղի մեր քույրերի և եղբայրների բնակապահովման և այլ կարիքների խնդիրների հասցեագրման համար: Շարունակվելու է և զարգանալու է անկանխիկ եղանակով թոշակառուների ծախսերի հետվերադարձի համակարգը, և 2026 թվականին սա հասնելու է 20% -ի՝ ներկայիս 10% -ի փոխարեն: Ես ուզում եմ ընդգծել, նախկինում մենք որդեգրեցինք քաղաքականություն, ըստ էության, թոշակի բարձրացում է: Բայց այո, նաև հանրային համերաշխության տրամաբանության մեջ մենք խնդրում ենք և մեխանիզմ ենք ստեղծում, որ այդ թվում՝ թոշակառուները որոշակի ներդրում ունենան հենց իրենց եկամուտներն ապահովելու գործում, որի մեջ վատ, արգահատելի ոչ մի բան չկա։ Հաջորդը՝ մենք ներդնելու ենք համընդհանուր հետվճարի համակարգ: Այսինքն, բոլոր քաղաքացիներն անկանխիկ առևտրի դեպքում իրենց առևտրի որոշակի տոկոս հետ են ստանալու։ Համակարգը կներդրվի, 2%-ի մասին է, անկանխիկ առևտրի 2%-ը քաղաքացիներն էլի հետվճարի ձևով կստանան։
Մենք, հարգելի գործընկերներ, թևակոխելու ենք «Ակադեմիական քաղաք» նախագծի իրականացման հաջորդ փուլ: Այս տարի՝ մինչև տարեվերջ, մենք արդեն դեյուրե որոշմամբ կհաստատենք «Ակադեմիական քաղաքի» մաստեր պլանը կամ գլխավոր հատակագիծը և կսկսենք իրագործման հաջորդ արդեն դեյուրե և դե ֆակտո լիարժեք փուլը։
Իհարկե կշարունակվի, մենք 2026 թվականին ավարտին կհասցնենք մեր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը: Ուզում եմ ընդգծել, որ մեզ համար հիմա ակնհայտ է, որ 300 դպրոցի ծրագրից հետո մենք պետք է որդեգրենք նոր 300 դպրոց ծրագիրը, որովհետև դա էլ հաջորդ մեր արձանագրումն էր: Սա այն դեպքերից է, երբ մենք մեր երկրի մասին ինֆորմացիա, մեզ թվում է, շատ գիտենք, բայց իրականում շատ չգիտենք, որովհետև երբ 300 ասում էինք, մեզ թվում էր, թե 300 դպրոց կկառուցենք և երկրում դպրոցների պահանջարկը դրանով կբավարարվի, բայց ո՛չ, ես ավելին ասեմ, այն հաջորդ 300-ից հետո, մենք պետք է ևս մի 300 անենք: Այո, ևս երեք հատ 300 պետք է կառուցենք, որպեսզի կրթության պատշաճ մակարդակ տեղի ունենա։
Հարգելի գործընկերներ, Հայաստանում աղքատության տոկոսը շարունակում է մնալ բարձր՝ 23% վերջին տվյալներով, եթե ճիշտ եմ հիշում։ Ես ուզում եմ մենք խորանանք այս երևույթի պատճառի մեջ, որովհետև այստեղ կոնֆլիկտ կա, իրոք: Մենք մի կողմից ցույց ենք տալիս տնտեսական աճ, փողի մեծ շրջանառություն Հայաստանի Հանրապետությունում, բայց մենք աղքատության էական նվազում չենք ունենում։ Ես շատ մտածել եմ այդ երևույթի մասին: Գիտե՞ք, ինչն է դրա պատճառը: Իմ համոզմամբ, դպրոցների ավերակներն են դրանց պատճառը: Դա ուրիշ որևէ պատճառ չունի: Ավերակ դպրոցները: Այն որ հանրապետության երեխաների մի զգալի մասը, ըստ էության, զրկված է պատշաճ որակի կրթության իրավունքից: Ուրիշ պատճառ դրա համար չկա, որովհետև ո՞նց է, որ տասնյակ հազարավոր քաղաքացիներ կարող են արտերկրից գալ, Հայաստանում աշխատել, և բոլոր հիմնարկները ուղղակի խնդրում, աղաչում են, աշխատող են փնտրում և չեն գտնում:
Մի կողմից՝ բարձր վճարման սեգմենտներում աշխատողների մեծ պահանջարկ կա, մյուս կողմից՝ աղքատության այս երևույթը։ Դրա պատճառն այն է, որ տասնամյակներով Հայաստանի երեխաները դպրոց չեն ունեցել, հարգելի գործընկերներ։ Հիմա այդ երեխաները մեծացել են, հասուն մարդիկ են և պետք է վաստակեն։ Ինչո՞վ վաստակեն։ Ո՞ր գիտելիքով: Որտե՞ղ ստացած գիտելիքով վաստակեն։ Հիմա սա ինչի՞ համար եմ ասում, որովհետև այն օրը լսում եմ՝ Հայաստանի նախկին ղեկավարներից մեկն ասում է՝ աղքատությունը ոնց եղել է, էական փոփոխություն չի ունեցել: Այո, չի ունեցել, այսինքն՝ փոփոխություն ունեցել է, նվազում ունեցել է, բայց այդ նվազումն էական չէ, այսինքն՝ գոհացուցիչ չէ: Դա նրա պատճառով է, որ դուք ավերել եք դպրոցները, այսինքն ոչ թե ավերել եք, այլ ավերակ են եղել դպրոցները ձեր ժամանակ: Դա նրանից է, որ ձեր ժամանակ բարձրագույն կրթական համակարգի որակը, ըստ էության, գահավիժել է, որ բուհերը եղել են ընդամենը կոռուպցիայի և քաղաքական հարկադրանքի միջոցներ: Այսօրվա աղքատությունը դրա համար է: Ուրիշ որևէ պատճառ աղքատության համար չկա:
Այսօր Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, ով ունի հմտություններ և գիտելիքների մի որոշակի գծից թեկուզ մի քիչ ավելի պաշար, հեշտությամբ կարող է հաղթահարել աղքատությունը։ Մենք ո՞նց ենք պատկերացնում: Եվ երկրորդը՝ աղքատությունը հաղթահարում են աշխատանքով: Աղքատությունը հաղթահարելու ուրիշ տարբերակ չկա, իսկ որպեսզի աշխատանքը բերի աղքատության հաղթահարում, այդ աշխատանքը պետք է լինի որակավորված աշխատանքով: Մենք աղքատության հաղթահարումը ո՞նց ենք պատկերացնում: Տանենք ամեն աղքատի ամիսը երկու միլիոն դրամ տանք, նախ չի հաղթահարելու աղքատությունը, որովհետև այդ երկու միլիոն դրամը ծախսելու գիտելիք էլ է պետք ունենալ։ Եվ երկրորդ՝ այդ երկու միլիոն դրամը որտեղի՞ց տանք, ո՞ւմ հաշվին տանք: Ես ցույց տվեցի բյուջեի ձևավորման մեխանիզմը: Ո՞վ է պատրաստ ինքը աշխատի, որպեսզի չաշխատողները…, ո՞վ է պատրաստ, որ ինքը 10 տարի ներդրում անի իր կրթության մեջ, հետո աշխատի: Մարդիկ կան այսօր այո, երկու-երեք միլիոն դրամ աշխատավարձ են ստանում, բայց մինչև հիմա իրենց ուսանող ժամանակ եղած վարկերն են փակում: Կան նաև այդպիսի մարդիկ։
Ես ինչի՞ համար եմ այս ամեն ինչը ասում, հարգելի գործընկերներ, որ մենք այնուամենայնիվ, այս պետական բյուջեի նկատմամբ վերաբերմունքը…: Մեկ էլ հաջորդ խոսույթն այն է, որ Կառավարությունը՝ ա) շատ է ծախսում, պետական պաշտոնյաների աշխատավարձի թեման: Ես դրան անդրադարձել եմ: Մենք կարող ենք ուղղակի ասել՝ պետական համակարգ չկա, աշխատավարձ էլ չենք տալիս: Ի՞նչ տեղի կունենա: Ամեն ինչ կկանգնի, բացարձակապես այս ամենը։
Հաջորդը, խոսք է գնում նրա մասին՝ ինչքանով ենք մենք ծախսում արդյունավետ։ Ես էլի, ես չգիտեմ այս օրինակը ոնց է հնչում, բայց դրանում խորը համոզված եմ, որևէ մեկը հակառակը չի կարող ապացուցի։ Ասում եմ՝ ծնունդ ենք կազմակերպում, հարսանիք, Նոր տարի, եկեք գնանք կամ գնում ենք այն օրը, մի տեղ քաղաքացիների հետ շփվելիս, ասում եմ, օրինակ, լինո՞ւմ է, որ առևտուր եք անում՝ ձեր ընտանիքի անդամներն ասում են, այս ի՞նչ թթվասեր ես բերել, ժամկետն անցած է, այս ի՞նչ միս է՝ հոտ է գալիս, այս ձմերուկը լխկած էր, այս սալորը որդնած էր, լինո՞ւմ է այդպիսի բան ձեզ հետ, ասում է՝ այո, լինում է, ասում եմ՝ ինչո՞ւ ես անարդյունավետ ծախսում ընտանեկան բյուջեն, կոռուպցիոնե՞ր ես: Բոլորիս հետ դա լինում է, չէ՞:
Իհարկե սպառողական կուլտուրան ուրիշ բան է, մենք էլ ենք սովորում: Ասում եմ՝ այդ փողը ծախսելն էլ է հատուկ հմտություն: Ամեն Նոր տարուց հետո մենք քանի՞ միլիարդ դրամի ապրանք ենք տանում, լցնում աղբանոց: Ցանկացած բանից հետո: Հիմա մենք բոլորս մի ընտանիքի անդամներ ենք, չենք կարող մեր ընտանեկան խնջույքի կազմակերպման համար, օրինակ, ծախսենք գումարը ուրիշ արդյունավետությամբ, հետո հաջորդ օրը գնանք Կառավարություն աշխատանքի լրիվ 180 աստիճան դառնանք սուպեր արդյունավետ: Այս երկուսը շատ փոխկապակցված են, և դա կառավարման, այո, այդ թվում՝ կրթական հարց է:
Եվ այո, լավագույն հարթակն այդ խնդիրների մասին խոսելու պետական բյուջեի նախագծի քննարկումներն են, որովհետև պետական բյուջեն, նրա ծախսային և եկամտային մասը և բյուջեի հաշվետվությունները, հարգելի գործընկերներ, արտահայտում են ոչ միայն Կառավարության, այլ մեր հանրային բոլոր առավելությունները և թերությունները, բոլոր արդյունավետությունները և անարդյունավետությունները։ Եվ մեր հանրային պրոբլեմները ճանաչելու, դրանք տեղորոշելու և լուծելու միակ մեխանիզմը պետական բյուջեն է։
Ես էլի ուզում եմ ասել, մենք պատուհանից նայում ենք, ինչ տեսնում ենք և ինչ չենք տեսնում, այդ ամեն ինչը պետական բյուջեն է. ինչ տեսնում ենք՝ պետական բյուջեն այդտեղ ինչ-որ մի բան արել է, ինչ չենք տեսնում՝ ուրեմն պետական բյուջեն ինչ-որ մի բան չի արել: Իսկ չի արել այն պատճառով, որ մենք տասնամյակներով մեր թթվասերը առնելիս ՀԴՄ չենք վերցրել։ Եթե մենք հաշվենք, թե մեզնից յուրաքանչյուրը մեր կյանքում չվերցրած ՀԴՄ-ների արդյունքում ինչքան եկամուտ է շրջանցել Հայաստանի Հանրապետության բյուջեն, հավաստիացնում եմ, խոսքը ոչ թե միլիոնների, խոսքը ոչ թե միլիարդների, խոսքը տրիլիոնների մասին է: Այդ տրիլիոնների մի մասն անվերադարձ կորել են, մի մասն ինչ-որ ձևով հնարավոր կլինի, այդ թվում՝ ապօրինի գույքի բռնագանձման և այլ մեխանիզմներով հետ բերել, բայց մեր խնդիրը հետևյալն է, որ մենք այլևս այդ տրիլիոնները չկորցնենք։ Եվ մենք կենտրոնացած մնանք այն թեմայի և ընկալման վրա, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն մեզնից յուրաքանչյուրի և մեր համընդհանուր ընտանեկան բյուջեն է։
Շնորհակալություն և հաջողություններ եմ մաղթում Ազգային ժողովում բյուջեի նախագծի քննարկումներում։
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


















































