«Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնությունը հետեւում է Վաղարշապատի նախընտրական քարոզարշավին եւ արձանագրելու է խախտումները
«Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնությունը Վաղարշապատ համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկի պահից հետեւում է նախընտրական պրոցեսին, կմշտադիտարկի նաեւ նոյեմբերի 16-ին կայանալիք ընտրությունները։ Հաշվի առնելով ՏԻՄ ընտրություններում ընտրական ու հետընտրական պրոցեսներում տարբեր ուժերի եւ առավելապես իշխանական ուժի նախկինում ցուցաբերած հակաիրավական վարքագիծը՝ մենք վեր ենք հանելու ԶԼՄ-ներում, սոցիալական ցանցերում թույլ տրվող չարաշահումները, ինչպես նաեւ իշխանության կամ նրա հետ ասոցացվող քաղաքական ուժերի կողմից վարչական ռեսուրսի կիրառման բոլոր դրսևորումները եւ չարաշահումների դեպքերը։
Կոչ ենք անում քարոզարշավին մասնակցող քաղաքական բոլոր ուժերին գործել օրենքի շրջանակում եւ ձեռնպահ մնալ իրավախախտումներից։ Խախտումների վերաբերյալ հավաքագրված տվյալները կուղարկվեն իրավասու, այդ թվում` իրավապահ մարմիններին, ինչպես նաև կկատարվի համապատասխան վերլուծություն: Արդյունքների վերաբերյալ հանդես կգանք առանձին գնահատականներով, ինչպես նաև կապահովվի կատարվող գործողությունների հրապարակայնությունը:
«Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնություն


















































