«Եթե խաղաղության պայմանագրի տեքստն էդքան լավն է, քանի որ ասացիք՝ բավարարված եք, էդ դեպքում ինչի՞ Ադրբեջանի վերջին երկու առաջարկությունների հետ միանգամից չհամաձայնեցիք, այլ այն բանից հետո, երբ Ադրբեջանը մոտ երկու ամիս հրետակոծում էր Սյունիքի հայկական առնվազն երկու գյուղ։ Հենց համաձայնեցիք տեքստի հետ, հրետակոծությունները դադարեցրին»,- ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ պետական բյուջեի 2026 թվականի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգմավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով նրա հայտարարություններին։
Արարատ Միրզոյանը պատասխանեց․ «Այս մասին առիթ ենք ունեցել մի քանի անգամ խոսելու․ որևէ պայմանագրի տեքստը մի տեքստ է, երբ կողմերը շարունակում են բանակցել իրենց պայմանների կատարման ուղղությամբ մինչև այն պահը, երբ կգան փոխհամաձայնության կետի։ Մենք առաջարկներ ներկայացրինք երկու հոդվածի վերաբերյալ, որոնց շուրջ չկար վերջնական համաձայնություն։ Ինչ-որ պահի եկանք այն համոզման, որ այդ հոդվածների հետագա կատարման ուղղությամբ ջանքերը և ժամանակը կարող են վտանգել մնացած բոլոր հոդվածներով ձեռք բերված համաձայնությունները։ Ավելին, այն մտադրությունները, որ մենք դնում էինք այդ՝ դեռ վերջնականապես չհամաձայնեցված երկու հոդվածների շուրջ, եկանք այն համոզման, որ այդ ուղղությամբ աշխատանքները թերևս ավելի դյուրին կընթանան արդեն հաստատված խաղաղության պայմանագրի շուրջ, այն պայմաններում, երբ մենք փոխանակ մնանք շարունակաբար մեկ-երկու նախադասության շուրջ չհամաձայնեցված նույն հակափաստարկները ներկայացնելու գործընթացների մեջ, այլ կլինեն մեկ քայլ առաջ տարբեր ուղղություններով։ Էս պատճառով էր, որ մենք հայտարարեցինք, որ տեքստը այլևս փոխհամաձայնեցված է և պատրաստ ենք օր առաջ սկսել խորհրդակցություններ ստորագրման, տեղի ու օրվա, ամսաթվի հստակեցման շուրջ»։
Անդրադառնալով հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝ Արթուր Խաչատրյանն ասաց․ «Եթե չբացվի Երասխ-Սադարակ հատվածը, TRIPP-ը աշխարհի ամենալավ ճանապարհն էլ լինի, ՀՀ-ին ոչինչ չի տալու, պետք է բացվի Երասխ-Սադարակը, հետո բացվի Մեղրիից Ագարակը՝ Սյունիքով անցնող ճանապարհը»։
Կարդացեք նաև
Արարատ Միրզոյանն էլ արձագանքեց․ «Կարծում եմ՝ երկիմաստության, մանևրելու որևէ ակնարկ չեմ անում։ Ուղիղ պատասխանում եմ՝ այո, պետք է Երասխ-Սադարակ հատվածն ապաշրջափակվի։ Ասում եմ՝ ընդհանրապես ապաշրջափակումն իմաստ չի ունենա, եթե էդ կտորը չապաշրջափակվի։ Դա ենթադրում է, որ պետք է լինի համաժամանակյա։ Համաժամանակյա տրամաբանական ռացիոնալ բանով եմ ասում․ նույն րոպեին նկատի չունեմ, մի շաբաթն էլ է օքեյ։ Եկեք պատմության համար ֆիքսենք, որ եթե Երասխ-Սադարակը բացվի ՀՀ Սյունիքի հարավով անցնող երկաթուղու բացվելուց մեկ շաբաթ հետո, դա նորմալ է։
Նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































