Լրահոս
3 տարեկան երեխա է կորել
Օրվա լրահոսը

Մանկապարտեզին հատկացվող սնունդը պահել է նկուղում, այնտեղից հանել, վաճառել. ինչպե՞ս են ծնողները բացահայտել տնօրենի կողմից սննդամթերքի յուրացումը

Հոկտեմբեր 27,2025 19:56

Շենգավիթ վարչական շրջանի թիվ 143 մանկապարտեզի նախկին տնօրենի վերադարձով մտահոգված ծնողներն ու աշխատակիցները ստորագրահավաք են կազմակերպել՝ դիմելով վարչական շրջանի ղեկավարին ու Երեւանի քաղաքապետին: Ավելի քան 200 ծնող է միացել ստորագրահավաքին:

Հիշեցնենք, այս մանկապարտեզի նախկին տնօրեն Ռուզաննա Դանիելյանի աշխատանքից ազատման պատմությունը:

2024 թվականի հունիս-հուլիս ամիսներին Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում մանկապարտեզում աղաղակող խախտումներ բացահայտվեցին՝ գրանցված մի շարք կեղծ հաստիքներ, աշխատավարձերի եւ երեխաների համար նախատեսված սննդամթերքի յուրացման դեպքեր։ Մանկապարտեզի նկուղում հայտնաբերվել էին արկղեր, որոնցում թաքցված էին թռչնամիս, կարագ, ձեթ, ջեմ եւ այլ մթերքներ, որոնք պարբերաբար դուրս են բերվել մանկապարտեզի տնտեսվարի կողմից:

Հնարավոր քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով՝ Ռուզաննա Դանիելյանը եւ տնտեսվարը ներկայացրել էին ազատման դիմումներ եւ ազատվել աշխատանքից։ Դեռևս այն ժամանակ վարչական շրջանի աշխատակազմը ծնողներին հավաստիացրել էր, որ հետամուտ կլինեն դեպքի լիարժեք բացահայտմանը եւ մեղավորների՝ հատկապես տնօրենի, պատասխանատվության անխուսափելիությանը։

Սակայն բացահայտված չարաշահումները ոչ միայն այդպես էլ իրավական գնահատական չստացան եւ երեխաների սննդի յուրացումների դեպքերը քննության առարկա չդարձան, այլ Ռուզաննա Դանիելյանն իր ազատման գործընթացի իրավաչափությունը հասցրեց վիճարկել քաղաքացիական դատարանում եւ վերականգնել իր «ոտնահարված» աշխատանքային իրավունքը: Եվ վերջին օրերին մանկապարտեզի աշխատակազմը տեղեկացել է, որ Դանիելյանը դատարանի ուժի մեջ մտած վճռով պատրաստվում է վերադառնալ իր աշխատանքին:

Ի դեպ, Ռուզաննա Դանիելյանը մեզ հետ զրույցից հրաժարվեց, չցանկացավ մեկնաբանել իրեն վերագրվող դեպքերը:

-Սննդի օրվա չափաբաժինը չէին տալիս երեխաներին, պանիր էին տալիս հասանելիքի մեկ երրորդ մասը, բանան էին տալիս, 0,5 մասը: Երեխեքն էլ էին պատմում, որ բանանն այնքան բարակ էր, որ կպնում էր ձեռքներին, չէին կարողանում ուտել: Ձուն տուփերով տանում էր իր սենյակ, այնտեղից՝ իր տուն: Տնից էլ վաճառք է իրականացրել, հարեւաններից ենք ճշտել: Վաճառել է մակարոնեղեն, ձու, բրինձ… Վարչական շրջանի ներկայացուցիչներն էլ են պատահաբար Դանիելյանի աշխատասենյակում դարակներից որոշակի սնունդ հանել՝ ձու, շաքարավազ,- Aravot.am-ի հետ զրույցում Ռուզաննա Դանիելյանի յուրացումների մասին պատմեց մանկապարտեզի ծնողկոմիտեի խորհրդի անդամ Ժասմինա Սարգսյանը:

Մեր զրուցակցի խոսքով, վարչական շրջանի աշխատակիցներից բացի ծնողական համայնքն էլ իր առանձին հետաքննությամբ է բացահայտել յուրացումները. «Շատ պատահական մտել ենք նկուղ, տեսել տարբեր արկղեր: Սկսեցինք շարժել ու տեսանք արկղերի մեջ է՛լ հավ, է՛լ բանջարեղեն, մուրաբաների տեսակներ, որոնք երեխաներին պիտի տային ու չէին տալիս: Դա խոհանոցի պահուստային մասը չէր, իրենք պահեստավորման չափաբաժին չեն ստանում, իրենք օրվա չափաբաժին են ստանում: Իմացանք, որ նկուղում հավերը կշռում էին, ոսկորները պահում էին սառցախցում, հաջորդ օրը էլի նույն ոսկորները ցույց էին տալիս վարչական շրջանին, բայց հավը յուրացնում էին: Թե հիմա մեզ աշխատակիցներն են օգնել, որ բացահայտենք, թե ով, դա էլ ենք բացահայտել, ընկել էինք հետքի վրա: Մենք գողոնը բռնել էինք, այդ ամենը տրամադրել վարչական շրջանին, իրենք իրենց գործը պատշաճ չարեցին: Հանցագործության մասին չհայտնեցին ոչ մի իրավապահ կառույցի: Ես թույլ չեմ տա, որ այն մարդը, որը երեխայի հաց կարող է գողանալ, վաճառել, նորից երեխաների բնագավառում աշխատի: Վարչական շրջանի սխալն է, որ չի տեղեկացրել Ազգային անվտանգության ծառայությանը»:

 

Իսկ ինչպե՞ս է հնարավոր յուրացումների մեջ բռնված տնօրենին հաջողվել վերականգնվել իր աշխատանքին: 2024թ. հունիսի 28-ին Դանիելյանը աշխատանքից ազատման իր առաջին դիմումն է ուղարկել վարչական շրջանի ղեկավարին. «Խնդրում եմ ազատել ինձ աշխատանքից» բովանդակությամբ, ապա նույն օրը մի քանի ժամ անց երկրորդ՝ խմբագրված դիմումն է ուղարկել. «Խնդրում եմ ինձ ազատել աշխատանքից հուլիսի 6-ից» բովանդակությամբ: Հուլիսի 1-ին, ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ տնօրենը վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի
ընդհանուր բաժին է մուտքագրել երրորդ դիմումը. այս անգամ լրիվ այլ բովանդակությամբ. «Խնդրում եմ իմ 28.06.2024թ. ազատման դիմումը համարել անկատար» բովանդակությամբ:

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարն էլ, ի պատասխան երրորդ դիմումին, 03.07.2024թ. գրավոր հայտնել է, որ 28.06.2024թ. «Խնդրում եմ ինձ ազատել աշխատանքից» բովանդակությամբ դիմումին ընթացք դեռ չի տրվել:

Հենց այդ վրիպումից էլ Ռուզաննա Դանիելյանը օգտվելով՝ դիմել է ՀՀ քաղաքացիական դատարան՝ պահանջելով վերացնել (անվավեր ճանաչել) ՀՀ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի» 04.07.2024թ.-ի թիվ 56-Ա կարգադրությունը, վերականգնել իրեն նախկին աշխատանքում:

Երեւանի քաղաքապետարանի մեկնաբանությունը այս դեպքի վերաբերյալ կներկայացնենք, երբ ստանանք պատասխանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031