Լրահոս
3 տարեկան երեխա է կորել
Օրվա լրահոսը

Խստապահանջ քաղաքն ու իր գերբնական ուժ ունեցող թատրոնը․ Գյումրու դրամատիկականը դարձավ 160 տարեկան

Հոկտեմբեր 27,2025 20:17

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում մեծ շուքով՝ բազում մտավորականների, ներկա ու նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, ԱԺ պատգամավորների մասնակցությամբ բացվեց 160-րդ հոբելյանական թատերաշրջանը։

Այն ազդարարվեց ոչ սովորական միջոցառումներով․ ճեմասրահում հնչեցին Գյումրու փողային նվագախմբի կատարումները, ի ցույց դրվեց թատրոնի անցած ճանապարհը՝ «160 ակնթարթ» խորագրով լուսանկարների ալբոմով, տարբեր ներկայացումների մակետներով, բեմական հագուստներով, երգիչների փոխարեն բեմ բարձրացան դերասանները՝ հանդես գալով «Արտիստիկ համերգ» շոու-ներկայացմամբ՝ «Ֆոլկաստիկ բենդի» մասնակցությամբ։

Իսկ մինչ այդ հրավիրած մամուլի ասուլիսում ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանը ներկայացրեց՝ 1865 թվականի մայիսի 23-ին ժամանակի մամուլը ֆիքսել է մի փաստ, որը Ռազմիկ Մադոյան թատերագետի համար հիմք է հանդիսացել գրելու Գյումրու թատրոնի 100 տարվա պատմությունը։

«Ուշագրավն այն է, որ ասում է՝ բացվեց քաղաքային ակումբի վարագույրը, ազդարարվեց ներկայացումը, և այդ օրը Գյումրիում համաժողովրդական ցնծություն էր։ Այսօր հանգամանքների բերումով նույն այդ ցնծությամբ մենք նշում ենք մեր 160-ամյակը։ Սա հենց այնպես թատրոն չէ, պահանջն է եղել ժամանակի, որ այս թատրոնը պիտի ծնվի և այսօր մենք վավերացրել ենք այդ պատմությունը՝ «160 ակնթարթ» խորագրով ֆոտաալբոմով, որտեղ տարբեր տարիների լուսանկարներ են, որոնք ցայտուն կերպով խոսում են, թե ինչ ճանապարհ է անցել թատրոնը»-ասաց Տիգրան Գաբոյանը։

Նա առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց իր բնութագրմամբ՝ խստապահանջ ու բարձրաճաշակ հանդիսատեսին, որի շնորհիվ էլ թատրոնն առաջ է գնում՝ հանրահռչակվելով նաև հանրապետության սահմաններից դուրս։

Թատրոնի ամենանվիրյալ ու անդավաճան հանդիսատեսը բժիշկներն են․ չկա որևէ ներկայացում, որ այս ոլորտի ներկայացուցիչները բաց թողնեն։ Այս մասին էլ տեղեկացրեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը՝ չնայած որ, Գյումրու թատրոնի համբավն այնքան է տարածվել, որ հանրապետության տարբեր տեղանքներից ու նաև դրսից են գալիս Գյումրի՝ ներկայացումներ դիտելու։

Տարվա ամենապահանջված ներկայացումը Լևոն Շանթի «Ինկած բերդի իշխանուհին» է, որը բեմադրել է Լյուդվիգ Հարությունյանը։ Այս մասին էլ խոսեց թատրոնի տնօրեն Արամ Կարապետյանը։

«Մեկ տարվա կտրվածքով ինչպես ենք հասկանում՝ ո՞րն է ամենասիրված ու պահանջված ներկայացումը, իհարկե՝ տոմսերի վաճառքով։ Ամենաշատ ու ամենաթանկ վաճառվածը եղել են «Ինկած բերդի իշխանուհին» ներկայացման տոմսերը։ Երբեք ու երբեք մի տոմս անգամ չի մնացել տոմսարկղում»,- ասաց Արամ Կարապետյանը։

Լյուդվիգ Հարությունյանն էլ հավելեց, որ թատրոնի ներկայացումները բազմաժանր են, խաղացանկը՝ հարուստ․ յուրաքանչյուր ներկայացում ունի իր հանդիսատեսը։ Իհարկե՝ պատմական ծանր դրաման յուրահատուկ ձևով է սիրվել հանդիսատեսի կողմից, բայց կան ներկայացումներ, որոնք Գյումրիում քիչ են խաղում, իսկ դրսում մեծ պահանջարկ ունեն, օրինակ՝ «Միզրին», «Տունը՝ սահմանին», որոնք փառատոնային են դարձել։

Ի դեպ, Լյուդվիգ Հարությունյանը նաև շեշտում է, որ Գյումրին այն բացառիկ քաղաքն է, որի հանդիսատեսը սիրում է տոմսարկղից տոմս գնել, թեև առցանց վաճառք ևս կազմակերպվում է։ Սա քաղաքի հին ավանդույթներից է, որից գյումրեցիները երբեք չեն հրաժարվում։

Նա նաև նշում է, որ իրենք երբեք հանդիսատեսին չեն խնդրում, որ տոմս գնի ու գա թատրոն․ Գյումրին այն քաղաքն է, որի հանդիսատեսը հաճույքով է գալիս։

Թատրոնի հոբելյանական թատերաշրջանին մասնակցող ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն էլ, որը դատարկաձեռն չէր եկել․ վարչապետի հուշամեդալով, նախարարության մեդալներով պարգևատրեց դերասաններին, լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ պետությունը թատրոնի համարը լուսաձայնային նոր համակարգ է ձեռք բերել, որը մինչև տարեվերջ նոր լույս ու հնչողություն կապահովի թատրոնի շենքում։ Ըստ նրա, նաև անհրաժեշտ քայլեր են ձեռնարկում կաթսայատան արդիականացման համար։

Ըստ նախարարի, թատրոնի հետ աշխատանքն անընդհատ է, իրենք ամեն տարի կնքում են նոր պայմանագիր, որի շրջանակում էլ նոր անելիքներով են հանդես գալիս․ նոր պրեմիերաներ ու հյուրախաղեր են ֆինանսավորում։ ԿԳՄՍ նախարարությունն աջակցել է նաև հոբելյանական երեկոյի կազմակերպմանը։

Ժաննա Անդրեասյանը հպարտությամբ նշեց, որ Գյումրիին ամենադինամիկ զարգացող թատրոններից է․ այստեղ գալիս են ներկայացումներ դիտելու ոչ միայն գյումրեցիները, այլ տարբեր տեղանքների ու բնագավառի ներկայացուցիչները, ինչը, ըստ նախարարի, նշանակում է, որ ներկայացումները դուրս են եկել այս դահլիճի սահմաններից, դարձել են սիրված ու պահանջված ոչ միայն մեր երկրում, այլ դրսում․ թատրոնը հաճախակի է դուրս գալիս հյուրախաղերի, ու պետությունը հաճույքով է աջակցում։

«Արտիստիկ համերգ» շոու ներկայացումն էլ, որի ժամանակ իրենց երաժշտական տաղանդը ցույց տվեցին թատրոնի տարբեր սերունդների ներկայացուցիչներ՝ բեմ բարձրանալով, տարբեր սիրված երգեր կատարելով, պարծենալու մեծ առիթ տվեց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին։

Նա ասաց․ «Այսօր աշխարհի բոլոր մյուզիքլները հանգստանում են, որովհետև Գյումրու դրամատիկական թատրոնն իրական շոու է ցույց տալիս։

160 տարի մեր թատրոնը գյումրեցու մեջ կաթիլ առ կաթիլ մշակույթ, արվեստ է սերմանել, որը «լեգիտիմացնում» է Գյումրին մշակութային մայրաքաղաք կոչելը, «լեգիտիմացնում» է հայրաքաղաք կոչելը, և ինչու ոչ, «լեգիտիմացնում» է մեր գլուխգովանությունը։

Ինձ համար հպարտություն է կանգնել այս բեմին` իմանալով ինչ մեծություններ են այստեղ հանդես եկել և զգացմունքների, հպարտության այս հրավառության մեջ ուզում եմ բոլորին ասել` իսկական Գյումրին այստեղ է, իսկական ու իրական գյումրեցին այստեղ է, այլ տեսակ չկա»,- ասաց Շիրակի մարզպետը՝ պատվոգրեր հանձնելով թատրոնի գեղարվեստական ղեկավարին, տնօրենին և մի շարք աշխատակիցների` թատերական արվեստի հանրահռչակման և ներդրած նշանակալի ավանդի համար։

Գյումրու քաղաքապետարանի ու Հայաստանի թատերական գործիչների միության կողմից ևս եղան պարգևատրումներ, ոսկե մեդալների հանձնում։

Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանն էլ թատրոնն անվանեց Գյումրու ամենախիտ մշակութային գույներից մեկը։

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը մեկ անգամ ևս հիշեց, թե ինչպես հետերկրաշարժյան թատրոնում, որն այդ ժամանակ գլխավորում էր ինքը, կատակերգություն էին խաղում։ Նա Գյումրին անվանեց գերբնական ու անբացատրելի ուժ ունեցող քաղաք։

«Էդ մութ, ցուրտ, փոշոտ, անգույն, մռայլ տարածքից հանկարծ գալիս էիր թատրոն ու հայտնվում էիր մի դրախտում, հայտնվում էիր մի հեքիաթում։ Չկար ընտանիք, որի կողքով անցած չլիներ երկրաշարժը, բեմի վրա կոմեդիա էինք խաղում, մի անհասկանալի իրողություն, չգիտեմ աշխարհի որ հոգեբանը կկարողանա դա բացատրել:

Երկրաշարժից հետո այս բեմում «Սիրո ապարդյուն ճիգերը» խաղացինք, ես շատ անհանգիստ էի, մտածում էի՝ դեռ երկրաշարժի տարին չբոլորած՝ ինչպես կարելի է կոմեդիա խաղալ, դուք տեսնեիք՝ ինչպես ընդունեց դահլիճը։ Շքեղ ձևավորում․ Ռուբեն Հախվերդյանի հրաշալի երաժշտությունը, Գրիշա Սահակյանի անկրկնելի ձևավորումը»,- հիշեց Հակոբ Ղազանչյանը։

Նա Գյումրու թատրոնը համարեց անփոխարինելի փարոս, որը օգնության է հասնում գյումրեցուն բոլոր դժվարին պահերին՝ տխրության ու հուսահատության ժամանակ։

Ի դեպ, «Արտիստիկ համերգ» շոու ներկայացումը, որի ռեժիսորը Ռաֆայել Ասատրյանն է, պարային հատվածների հեղինակը Արինա Արարատյանը, զգեստների ձևավորողը՝ Լուսինե Խաչատրյանը, կընդգրկվի թատրոնի խաղացանկում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ Գյումրու դրամատիկական թատրոնի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031