ԳԵՐՄԱՆԱՀԱՅՈՑ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը ուշադրությամբ է հետևում Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումներին, որոնք վերաբերում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և դրա ներկայացուցիչներին։
Մենք նշում ենք մեր անհանգստությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ հարուցված քրեական գործընթացների և իրավապահ մարմինների կողմից իրականացված քննչական գործողությունների առնչությամբ։ Մենք հույս ենք հայտնում, որ այս գործընթացները կիրականացվեն օրենքի և արդարադատության սկզբունքներին համապատասխան, թափանցիկ և անկողմնակալ ձևով։
Նաև արձանագրում ենք Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի ձերբակալությունն ու կալանավորումը։ Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր անձի՝ ներառյալ հոգևորականների, նկատմամբ կիրառվող իրավական միջոցները պետք է հիմնված լինեն հստակ և համարժեք ապացույցների վրա՝ պահպանելով բոլոր իրավական երաշխիքները։
Մենք գիտակցում ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կարևոր դերը հայ ժողովրդի պատմության, մշակույթի և ինքնության պահպանման գործում։
Կարդացեք նաև
ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն՝
Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու, բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում։
Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով։
Մենք կարևորում ենք, որ ցանկացած իրավական գործընթաց իրականացվի այնպես, որ չվնասի հասարակական միասնությանը և պահպանի վստահությունը արդարադատության համակարգի նկատմամբ։
Մենք հույս ենք հայտնում, որ Հայաստանի իշխանությունները կապահովեն արդար, անկախ և թափանցիկ դատավարություն, որը կհարգի բոլոր կողմերի իրավունքները և կնպաստի հասարակական համերաշխությանը։
Մենք շարունակելու ենք հետևել իրադարձություններին և մնում ենք հավատարիմ արդարության, օրինականության և ազգային միասնության արժեքներին։
Գերմանահայոց կենտրոնական խորհուրդ

















































