Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում Հայաստանի Այկիկենդո կարատեի ազգային ֆեդերացիայի եւ WKO կազմակերպության կազմակերպած միջազգային մրցմանը մասնակցեցին մարտարվեստների Հայաստանի, Իրանի եւ Վրաստանի առաջատար ներկայացուցիչներ: Նրանք տարբեր տարիքային խմբերում հանդես եկան կոնտակտային ձեւաչափով՝ ներառելով տարբեր ոճեր:

Հայաստանի Այկիկենդո կարատեի ֆեդերացիայի նախագահ Դավիթ.Աթանեսյանը Aravot.am-ին պատմեց, որ այս տարի անցկացվում է իրենց ֆեդերացիայի 18-րդ առաջնությունը եւ 10-րդ միջազգային առաջնությունը, որոնց մասնակցում են 6-16 տարեկան պատանի մարզիկները: «Այստեղ մենամարտում են նաեւ միջազգային մրցաշարերի մասնակցություն ունեցած այնպիսի երեխաներ, որոնք արդեն Եվրոպայի, Եվրասիայի ու Աշխարհի մրցանակակիրներ են»:
Ֆեդերացիայի նախագահը նշեց, որ Հայաստանի մարզիկների մրցելույթները ընդհանուր առմամբ գոհացնող են: «Ունենք լավ մարզիկներ հատկապես մարզերից: Գեղարքունիքի մարզը, կարծես, գրավում է թիմային առաջին տեղը: Նշեմ, որ կոնտակտային ձեւաչափի 10-ից ավելի ակումբներ եւ ֆեդերացիաներ են մասնակցում այս մրցաշարին եւ բավականին լավ արդյունքներ են ցույց տալիս: Հաղթող եւ մրցանակային տեղ գրաված մարզիկներով կձեւավորվի հավաքական թիմը, որը կնախապատրաստվի 2026 թվականի Եվրասիայի եւ Կովկասի առաջնություններին:
Այսպիսի միջազգային մրցումները շատ կարեւոր են մեր մարզիկների համար փորձի փոխանակման եւ նոր հմտություններ ձեռք բերելու առումով: Յուրաքանչյուրը մասնակցում է իր մարզվածության աստիճանի համեմատ: Իհարկե, նրանք նաեւ նոր ընկերներ են ձեռք բերում»,-ասաց Դավիթ Աթանեսյանը:
Մեր դիտարկմանը, որ մենապայքարային մարզաձեւերը թեեւ մարզիկին որոշակի առավելություն են տալիս սովորական մարդկանց նկատմամբ, բայց դրանք գերազանցապես ինքնապաշտպանական նշանակություն ունեն, այլ ոչ թե ագրեսիայի ու բռնության: Ու թերեւս դա՞ է պատճառը, որ մարտարվեստների ներկայացուցիչներ գրեթե չկան կամ շատ քիչ են հանցագործությունների մասին հաղորդագրություններում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մենապայքարային մարզաձեւերում ուժեղ մարզիկներ, իրոք, շատ կան: Բայց մենք նրանց դաստիարակում ենք մարտարվեստների փիլիսոփայության համաձայն: Այն է, խուսափել փողոցում կռիվներից: Նրանց մենք դաստիարակում ենք այնպես, որ հասարակության մեջ ոչ թե չարիքներ ստեղծեն, այլ կանխեն դրանք: Մեր մարզիկների համար մարզումների ժամանակ յուրացրածը դրսում կիրառելը արգելվում է: Բայց նրանք ունեն ինքնապաշտպանվելու իրավունք: Եվ այդ քայլին նրանք կարող են դիմել բացառիկ դեպքերում, երբ ինքնապաշտպանության այլընտրանքային բոլոր միջոցները սպառվել են»,-ասաց Դավիթ Աթանեսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































