«Ես ցանկացած միջոցառման մասնակցում եմ ոչ թե ակնկալիքներով, այլ պահանջատիրությամբ: Կարծում եմ, որ արդեն ամոթալի վիճակ է, երբ Հայաստանի Հանրապետությունում ամբողջ տարածաշրջանի համար միայն Հանրայինն է կարողանում արձակել իր հաղորդումները,ու փաստորեն, մենք ունենք ոչ թե Հանրային, այլ պետական հեռուստաընկերություն, ինչպես Սովետի ժամանակ»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը, որը մասնակցում էր Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը վերադարձնելու օրակարգով՝ «ՆԺԱՐ»-ի նախաձեռնած քննարկմանը:
Նրա ձեւակերպմամբ, սա պիտակավորում է մեր հանրապետությունը որպես ոչ ժողովրդավար, որպես անազատ մամուլի ու ազատորեն տեղեկատվություն ստանալու հնարավորությունից զրկված երկիր. «Ոչ մի ուրիշ հեռուստաալիք չի հասնում մեր գյուղերը: Ես տեղյակ եմ, որովհետեւ հաճախ եմ լինում գյուղերում:
Մինչդեռ պետք է պատիվ բերի այս իշխանությանը, որ Հանրայինն իսկապես դառնա Հանրային: Հիմա իսկական Հայաստան է, թե իրական Հայաստան, դա կապ չունի, մենք ունենք օրենք, մարմին, որը պետք է դրան հետեւի: Ժամանակին նման հարցերում շատ պահանջատեր էր մեր հասարակությունը, իսկ այժմ պարզվում է՝ քաղաքացիական հասարակության ակտիվ զանգվածը ոչ թե ինչ-որ երեւույթի դեմ էր պայքարում, այլ կոնկրետ անձանց»:
Լարիսա Ալավերդյանն ընդգծում է. «Հանրայինն իշխանության ղեկին նստած թիմի գաղափարախոսությունը տարածող, կարծիքը ներարկող մի ալիք է: Սա ոչ միայն հասարակության խնդիրն է, այլեւ երկրի, պետության եւ ի դեպ նաեւ իշխանության»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

















































