Լրահոս
3 տարեկան երեխա է կորել
Օրվա լրահոսը

«Ցոր»-ի հրամանատար Արթուր Օհանյանը պնդեց, որ բանակային հակահարվածի ձախողման համար պատասխանատվության չեն ենթարկվում բարձրաստիճան զինվորականները, որոնք առ այսօր պաշտոններ ունեն բանակում, գեներալի ուսադիրներ են կրում. Civilnet

Հոկտեմբեր 27,2025 22:31

Civilnet. 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում բանակային հակահարվածը ձախողվել է՝ կազմակերպչական սխալների, թերի պլանավորման և կազմակերպման հետևանքով։ Նման պնդում կա փորձագիտական եզրակացության մեջ, որը հրապարակվեց հոկտեմբերի 27-ին՝ բանակային հակահարվածի գործով դատական նիստի ընթացքում։ Փորձագետները չեն կարողացել մեղավորների մասով գնահատական տալ՝ պնդելով, թե այն իրավական հարց է։ Այս գործով մեղադրյալ Արթուր Օհանյանը դատարանում պնդեց, որ ձախողման համար պատասխանատվության չեն ենթարկվել բարձրաստիճան զինվորականներ, որոնք մինչ օրս պաշտոններ ունեն բանակում։

«Ես ինչպե՞ս պետք է հետախուզություն կազմակերպեի այս մարտական կանոնադրությունների պահանջների համաձայն, եթե իմ այն ուժը, որով պետք է հետախուզություն անեի, արդեն իսկ 4-5 օր առաջ ինձանից վերցված է եղել՝ տրված ուրիշ հրամանատարների», – 44-օրյա պատերազմի ժամանակ բանակային հակահարվածի գործով դատական նիստին ասաց «Ցոր»-ի հրամանատար Արթուր Օհանյանը (ՀՀ պաշտպանության նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի որդին- խմբ․

Երևան քաղաքի դատարանում այսօր կայացած նիստում շարունակեց քննարկվել փորձագիտական եզրակացությունը, որը գնահատում է 2020-ի հոկտեմբերի 7-ի ռազմական գործողության պլանավորման և իրականացման թերությունները։

Դատավորի ճշտող հարցին, թե արդյոք այդ գործողությունը կատարվել է գրավոր հրամանով, Օհանյանը դրական պատասխան տվեց՝ նշելով, որ այն արձակել է բանակի հրամանատարը։ Միաժամանակ նա նշեց, որ հակահարվածի հատուկ գործողություն սկսելու հրամանը բանավոր է եղել, մինչդեռ մինչ այդ ՊԲ-ի հրամանները գրավոր էին տրվում։

Փորձագիտական եզրակացության մեջ, որն ընթերցում էր դատախազ Ալեքսանյանը, նշված էր, որ հակահարվածի նախապատրաստման և իրականացման գործընթացում հետախուզություն չի վարվել։

2020-ի հոկտեմբերի 3-ին Ադրբեջանը գրավեց Ջաբրայիլի շրջանի մի քանի գյուղ և բացեց Հորադիզի միջանցքը։ Հայկական կողմը որոշեց հակահարված ձեռնարկել՝ ներթափանցած խմբավորումներին շրջափակելու և սնուցումից զրկելու նպատակով։ Պաշտպանության բանակը հակահարվածն իրականացնելու նպատակով ներգրավեց ռեզերվային ուժերը՝ 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը («Ցոր») և Իվանյանի տանկային բրիգադը։ Այդ օպերացիայի գաղափարի հեղինակը Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն էր։

«Լելե Թեփեի օպերացիայի» գործով մեղադրյալի աթոռին են Պաշտպանության բանակի 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (Ցոր) հրամանատար Արթուր Օհանյանը, նույն զորամասի մոտոհրաձգային գումարտակի հրամանատար Գեղամ Աբրահամյանը և տանկային գումարտակի հրամանատար Գառնիկ Մնացականյանը։

Ո՞վ է պատասխանատու ընդհանուր ձախողման համար

Դատական նիստին Արթուր Օհանյանը պնդեց, որ հակահարվածի ձախողման համար պատասխանատվության չեն ենթարկվում բարձրաստիճան զինվորականները, որոնք առ այսօր պաշտոններ ունեն բանակում։ «Այդ մարդիկ հիմա ողջ ու առողջ են, մի մասն էլ պաշտոններ են զբաղեցնում, գեներալի ուսադիրներ են կրում։ Ըստ փորձագիտական եզրակացության՝ ձախողվել է ընդհանուր հակահարվածը։ Ո՞վ է պատասխանատու դրա համար։ Վաղն էլ մի մարզ ենք կորցնելու, էլի մի փոխգնդապետի եք դատելու»։

Ըստ փորձագիտական եզրակացության՝ բանակային հակահարվածը ձախողվել է չկազմակերպված իրականացվելու հետևանքով, և առկա է պատճառահետևանքային կապ հակահարվածի թերի պլանավորման, կազմակերպման, իրականացման ու ձախողման միջև։

Հայկ Ղազարյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031