Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանին գաղտնի տեսաձայնագրելու եւ այդ տեսանյութերը տարածելու վերաբերյալ ասում է. «Կոնվենցիոն իրավունք է մարդու անձնական, ընտանեկան կյանքի հանդեպ հարգանքը, մարդու արժանապատվության նկատմամբ պետության պաշտպանությունը: Սա ե՛ւ կոնվենցիոն իրավունք է, ե՛ւ սահմանադրական: Սահմանադրությունը եւս մարդու անձնական կյանքն ամբողջականորեն պաշտպանված հիմքերի վրա է դիտարկում՝ ներառյալ անձնական եւ ընտանեկան կյանքը: Այստեղ նախեւառաջ պետք է քննարկել, թե ինչ է անում պետությունը մարդու անձնական կյանքը պաշտպանելու համար: Իրավապահներն այնպիսի փութաջանորեն, ինչպես քրեական վարույթներ են նախաձեռնում՝ այլ դեպքերով, այս դեպքով նույնպես արագորեն պետք է վարույթ նախաձեռնեն եւ դիտարկեն բոլոր հնարավոր վարկածները, որոնք կարող էին մարդու իրավունքների խախտման հիմք հանդիսանալ: Եթե ապացուցվի, որ այս ամենի ետեւում իշխանությունն է, ապա ստացվում է, որ պետությունն է խախտում մարդու իրավունքները: Ինձ բացարձակ չեն հետաքրքրում խղճի եւ կրոնի ազատության տիրույթում գործող եկեղեցական կառույցի ներքին կանոնակարգերը: Անձնական կյանք ունենալու մասով` որպես քաղաքացի, նման արգելք չկա, իսկ թե եկեղեցական կարգերով այն ինչպես է դիտարկվում, դա Եկեղեցու քննելիք հարցն է: Ինձ՝ որպես իրավապաշտպանի, այդ կանոններն ընդհանրապես չեն հետաքրքրում, որովհետեւ այդ հարցերը դուրս են ցանկացած քաղաքացիական կարգավորման շրջանակներից: Այստեղ խոսքը բարոյական արժեքների մասին է, ինչն իրենից որեւէ հետեւանք չի ենթադրում: Մարդուն փորձել են թիրախավորել ու վարկաբեկել: Այն արել են բարոյահոգեբանական գործիքակազմով, մարդու վրա ճնշում գործադրելով»:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































