Լրահոս
Օրվա լրահոսը

Կարելի է ասել, որ կալանքն ինչ-որ տեղ պատժիչ, ինչ-որ տեղ ռեպրեսիվ և ինչ-որ տեղ քաղաքական գործիքի է վերածվում. Արամ Վարդևանյան. «Փաստ»

Հոկտեմբեր 28,2025 11:02

Մեծ թվով քաղբանտարկյալներ, ձերբակալությունների և կալանքի որոշումներ, քրեական գործեր։ Այս իրականության մեջ ենք գտնվում արդեն ամիսներ։ Փաստաբաններն ահազանգում են, որ այս իրողությունների մեջ բարդ է արդարադատության կյանքի կոչումը, քանի որ գործերում բացակայում են օրենքն ու օրինականությունը։ Փաստաբան, սահմանադրագետ Արամ Վարդևանյանն իրեն ուղղված՝ «ի՞նչ բնորոշում կարելի է տալ տեղի ունեցող գործընթացներին» հարցին հետևյալ հարցադրմամբ է արձագանքում՝ արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունում նախկին ժամանակահատվածներում, տարբեր փուլերում ևս եղել են քաղաքական հետապնդումներ։

Շարունակում է՝ ի՞նչ ունենք օբյեկտիվ իրականության մեջ՝ 2022 թվականին հաջորդած ժամանակահատվածում։ «Դիտարկենք հենց այս վերջին ժամանակահատվածը։ 2025 թվականի հունիսի 17-ից Սամվել Կարապետյանը կալանավորված է։ Կարելի է ասել, որ բոլոր՝ կալանքի առաջնային, դրա երկարաձգման և հաջորդիվ երկարաձգման նիստերին ներկայացվել է դիրքորոշում, որ, ինչքան էլ աբսուրդ է, ինչքան էլ հիմնավոր կասկածի ապացուցման շեմը ոչ մի մեղադրանքով չի հաղթահարվում, բայց եթե այդպիսի համառություն է ցուցաբերվում այն հաստատված համարելու հարցում, ապա դիտարկեք այլընտրանքային խափանման միջոցները։ Դրանք մերժվում են, նույն հաջողությամբ կարող ենք ասել նաև բազմաթիվ այլ գործերով։ Հիմա այս պայմաններում ինչպե՞ս կարելի է ասել, որ իրավիճակը, այսպես ասած, իրավական է կամ ողջամիտ։ Պարզապես չենք կարող։ Ի վերջո, հաճախ ներկայացվող մեղադրանքները և զգայունություն պարունակող գործերը նույնիսկ միջին ծանրության աստիճանը չեն հաղթահարում։ Օրինակ բերենք Միքայել սրբազանի գործը։ Ի սկզբանե միջին ծանրության ենթադրյալ հանցանք էր։ Ինչի՞ համար պետք է ընտրվեր կալանքը՝ որպես խափանման միջոց, հենց առաջին պահից սկսած։ Կալանքը միջազգային փորձում առանձնապես ծանր հանցանքների հետ է առնչվում ռիսկայնության տեսանկյունից, բայց Եվրոպական դատարանն արդեն տասնյակ տարիներ է, ինչ բոլորիս հուշում է, որ մեղսագրվող արարքի ծանրության աստիճանը նշանակություն չունի խափանման միջոցի ընտրության հետ՝ ելնելով նրանից, որ անմեղության կանխավարկածը հաղթահարված չէ։ Բայց պրակտիկայում տեսնում ենք, որ այդ զգայունությունը հիմնականում նման տեսակ դեպքերում է ավելի ցայտուն լինում, բայց նույնիսկ այդ դեպքում էլ չպետք է այդպես լինի։ Նույնիսկ միջին ծանրության, ծանր աստիճանի հանցանքների մեղսագրման, դրանց անմեղության կանխավարկածը հաղթահարված չլինելու պայմաններում տեսնում ենք միայն ու միայն կալանքներ այն պարագայում, երբ 2022 թվականից ի վեր գիծ է քաշվել։ Հայաստանի Հանրապետությունում ներդրվեցին նոր տեսակի խափանման միջոցներ, որոնք իրենց ծանրության աստիճանով շատ համահունչ են կալանքի հետ, որովհետև տնային կալանքն իրենից նույն խստությունն է ենթադրում, պարզապես անձը քրեակատարողական հիմնարկում չէ իրավունքների ինտենսիվ սահմանափակման մեջ լինում, այլ տանը։ Ի վերջո, մեկ ամիս էլ չի անցել, ինչ Սահմանադրական դատարանը հատուկ որոշմամբ ընդգծել է, որ կալանք չկիրառելը արդարության և մարդասիրության կարևոր երաշխիքներից է։ Պատկերացրեք, թե ինչ ազդակ է տալիս։ Հետևաբար, նման ծավալի կալանքները, նման տևական կալանքները նույնիսկ մարդասիրությանն են հակասում՝ որպես սկզբունքի։ Արդարությանը, բնականաբար, հակասում են, դա ցայտուն է։ Բավարար է միայն այն օրինակը, որ խափանման այլ միջոցներ կան, բայց միշտ կալանքն է ընտրվում։ Այստեղ կարելի էր հարցնել՝ առաջարկվե՞լ են այլընտրանքային խափանման միջոցներ, թե՞ ոչ։ Պատասխանը հնչում է՝ այո՛, և այստեղ բանավեճն ավարտվում է»,-նշում է մեր զրուցակիցը։

Ստացվում է, որ Հայաստանում կալանքը դարձել է պատժի միջո՞ց։ «Ակնհայտորեն՝ այո, այն պարագայում, երբ կալանքը պարզապես խափանման միջոց է։ Ուրիշ որևէ բնութագրում այն չունի, խափանման միջոց է զուտ անձի պատշաճ վարքագիծն ապահովելու համար։ Այսքան փաստարկների պայմաններում, երբ որևէ մի տվյալ չի ներկայացվում, որ անձը պայմանականորեն ոչ պատշաճ վարքագիծ է դրսևորել կամ նման ծանրակշիռ մի տվյալ չկա, բայց միշտ կալանքը պահպանվում է, կարելի է ասել, որ դա ինչ-որ տեղ պատժիչ, ինչ-որ տեղ ռեպրեսիվ և ինչ-որ տեղ քաղաքական գործիքի է վերածվում։ Սա մեծ ցավով եմ արձանագրում։ Մեր զրույցի սկզբում ասացի՝ պնդում կատարել, որ քրեական դատավարության, քրեական գործերի նախկին ժամանակահատվածում նման իրավիճակ ընդհանրապես չի եղել, միամտություն է։ Բայց երբ ընդգծում ենք, որ 2022 թվականից կան խափանման միջոցների նոր տեսակներ, և, միևնույն է, կալանքն այսքան գերակայող է, այստեղ ունենք անհերքելի խնդիր»,-հավելում է փաստաբանը։

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031