Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախատեսվում է ընդլայնել նախալրացվող տվյալների շրջանակը, ներդնել լիազորի ինստիտուտը, ինչը հնարավորություն կտա լիազորել այլ քաղաքացու՝ ներկայացնելու հայտարարագիր»

Հոկտեմբեր 28,2025 13:58

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, Տնտեսական լրագրողների ակումբը և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը համատեղ կազմակերպել են պանելային քննարկում՝ նվիրված Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման գործընթացին։ Քննարկմանը մասնակցել են լրագրողներ, շահառու կազմակերպությունների և մասնագիտական կառույցների ներկայացուցիչներ։ Միջոցառման նպատակն է եղել  ևս մեկ անգամ ներկայացնել հայտարարագրման գործընթացի ընթացիկ փուլը, ընդգծել հիմնական շեշտադրումները, քննարկել վերջին փոփոխությունները և դրանց կիրառման մեխանիզմները, տալ մասնագիտական պարզաբանումներ, ինչպես նաև պատասխանել մասնակիցների հարցերին։

Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ ՊԵԿ նախագահի խորհրդական Միքայել Խաչատրյանը կարևորելով հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացումը՝ ընդգծել է, որ հայտարարագրման գործընթացի վերաբերյալ վերջին փոփոխությունն առանցքային դեր ունի հարկաբյուջետային քաղաքականության զագացման և արդյունավետության բարձրացման տեսանկյունից։ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի մենեջեր Լիանա Մարուքյանը նշել է, որ հանրային հնչեղություն ունեցող թեմաները մշտապես գտնվում են հիմնադրամի ուշադրության կենտրոնում, իսկ հրավիրված քննարկումն առանձնահատուկ է, քանի որ այն կազմակերպվել  է անմիջապես օրենքի ընդունումից հետո։ Տնտեսական լրագրողների ակումբի նախագահ Աննա Բաղդասարյանի խոսքով՝ պանելային ձևաչափը հնարավորություն է տալիս  անմիջապես օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներից իրազեկվելու համակարգի վերջին փոփոխությունների և դրանց կիրառման մեխանիզմների մասին։

Քննարկման առանցքում ԱԺ-ի կողմից ընդունված վերջին փոփոխություններն էին, որոնցով պարզեցվում է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացը և ներդրվում է նախալրացված ու ինքնաշխատ ներկայացվող հայտարարագրերի համակարգը։ Անդրադառնալով նոր մեխանիզմի կիրառմանը, ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը տեղեկացրել է, որ այժմ էլ  հարկային մարմինն իր տեղեկատվական բազայի հիման վրա նախալրացնում է ֆիզիկական անձանց եկամուտների տարեկան հայտարարագրերը, իսկ օրենսդրական նոր փոփոխություններից հետո, եթե արդեն իսկ նախալրացված հայտարարագիրը ֆիզիկական անձը, մինչև Հարկային օրենսգրքով սահմանված ժամկետը չի փոփոխում, ապա այն համարվում է ինքնաշխատ ներկայացված։ «Համակարգի բարելավման ուղղությամբ աշխատանքները շարունակական են։ Առաջիկայում ևս նախատեսվում է ընդլայնել նախալրացվող տվյալների շրջանակը, ներդնել լիազորի ինստիտուտը, ինչը հնարավորություն կտա հայտարարատու ֆիզիկական անձին լիազորել այլ քաղաքացու՝ իր անունից  ներկայացնելու հայտարարագիրը»,-հավելել է Ռաֆայել Գևորգյանը։

Նոր փոփոխությունների համաձայն՝ հանվել է հայտարարագիր չներկայացնելու համար սահմանված վարչական պատասխանատվությունը, այսինքն, այն քաղաքացիները, որոնք պարտավոր են հայտարարագիր ներկայացնել, սակայն մուտք չեն գործել համակարգ, պատասխանատվության չեն ենթարկվի։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի դիտարկմամբ՝ փոփոխությունների նպատակը հայտարարագրման գործընթացի պարզեցումն է․ «Համակարգը ներդրվում է պետական կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով՝ ի նպաստ քաղաքացիների կյանքի բարելավման, միաժամանակ, ընդգծելով, որ ճիշտ որոշումների հիմքում՝ ճշգրիտ և ամբողջական տվյալներն են, և այս բարեփոխումն այդ ուղղությամբ կարևոր քայլ է։ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի բնորոշմամբ՝ հայտարարագրման համակարգի մեկնարկը հաջողված է, և բոլոր ջանքերն ուղղվելու են, որպեսզի գործընթացը հանրության համար լինի առավել հարմար ու հնարավորինս  աննկատ՝ կարճ ժամանակում հասնելով վերջնարդյունքի։

Պանելային քննարկմանն անդրադարձ է կատարվել սոցիալական ծախսերի փոխհատուցման նոր կարգին․ փոխհատուցում ստանալու հնարավորությունը հասանելի կլինի միայն այն քաղաքացիներին, որոնք մուտք կգործեն համակարգ և էլեկտրոնային ստորագրությամբ կհաստատեն իրենց հայտարարագիրը։ Փոփոխություններով նաև հստակ սահմանվել է, որ ընտանիքի անդամների միջև դրամական փոխանցումները հայտարարագրման ենթակա չեն։ Ի դեպ, տվյալ դեպքում, ընդլայնվել  է ընտանիքի անդամների շրջանակը․ ավելացվել են նաև հայտարարատուի պապերը, տատերը և թոռները:

ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետի տեղակալ Մարիամ Մանուկյանը պարզաբանել է, թե Հայաստանում և արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացին որ դեպքերում է համարվում հայտարատու։

Պանելային քննարկումը վարել է «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի համահիմնադիր և նախագահ Հակոբ Ավագյանը։ Միջոցառումն անցել է ակտիվ հարցուպատասխանի ձևաչափով։ Մասնակիցները կարևորել են նման նախաձեռնությունների շարունակականությունը՝ ընդգծելով, որ դրանք հնարավորություն են տալիս անմիջապես պատասխանատուներից ստանալ պարզաբանումներ և ներկայացնել նոր առաջարկներ համակարգի հետագա կատարելագործման համար։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031