«Կառավարության որոշում ենք ընդունել, որը վերաբերում է հետեւյալին՝ այն ավիաընկերությունները, որոնք պատրաստակամություն կհայտնեն բազավորվել Երեւանի «Զվարթնոց» կամ Գյումրիի «Շիրակ» օդանավակայաններում եւ նոր ուղղություններից ուղեւորափոխադրում կիրականացնեն դեպի Երեւան եւ Գյումրի՝ պայմանով, որ առնվազն մեկ նոր ուղղություն պարտադիր պետք է ունենան Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից, այդ ավիաընկերությունների համար երկու տարեկանից բարձր ուղեւորների տեղափոխումը դեպի «Զվարթնոց» օդանավակայան կսուբսիդավորվի 20 հազար դրամով, իսկ դեպի «Շիրակ» օդանավակայան՝ 15 հազար դրամով»,- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նա նշեց, որ 2026 թվականի պետական բյուջեում առաջին անգամ 3 մլրդ դրամ գումար է հատկացվել այդ սուբսիդավորումն իրականացնելու համար։ Ծրագիրը բաց է բոլոր ավիաընկերությունների համար, առանց բացառության, որոնք կկատարեն այդ պայմանները։
«Ուրախությամբ պետք է հայտնեմ, որ միջազգային «ՎիզԷյր» ավիաընկերությունն արդեն հայտնել է իր բազավորման պատրաստակամության մասին, ինքը բազավորվել է Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում։ Այսինքն՝ «ՎիզԷյր»-ը բազավորման պայմանը կատարել է եւ հայտարարել է նոր ուղղությունների մասին։ Ուրախությամբ պետք է ասեմ, որ արդեն սեպտեմբերի վերջին եւ հոկտեմբերի սկզբին մենք Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից դեպի Լառնակա ուղղություն ունենք, հիմա կանոնավոր ուղեւորափոխադրում է իրականացնում «ՎիզԷյր» ընկերությունը։ Իրենք արդեն հայտարարել են բազմաթիվ նոր ուղղությունների մասին, խոսքը մասնավորապես Համբուրգի, Պրահայի, Բուխարեստի եւ այլ ուղղությունների մասին է։ Այս բոլոր ուղղություններից իրենք արդեն սկսել են ուղեւորներ տեղափոխել Հայաստան, եւ արդեն 2026 թվականից եռամսյակը կամ կիսամյակը մեկ մենք համապատասխան ծառայությունների հաշվարկ կիրականացնենք եւ այդ 3 մլրդ-ից իրենց ֆինանսական միջոցները կհատկացնենք»,- ասաց նախարարը։
Խուդաթյանը հույս հայտնեց, որ կլինեն այլ ավիաընկերություններ, որոնք կգնան այս ճանապարհով։ Նա նշեց, որ Հայաստանով դեպի այլ երկրներ տարանցիկ չվերթների թիվն ավելացել է։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































