Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԵԿ տեսուչները տնտեսվարողներին ասում են՝ դե բյուջե պիտի լցնենք, ո՞նց կլինի, մտնենք ստուգման, ակտ չգրենք»․ Բաբկեն Թունյան

Հոկտեմբեր 28,2025 14:26

«Մեզ դիմող տնտեսվարողներից շատերն ասում են, որ երբ ՊԵԿ տեսուչներն իրենց մոտ մտնում են ստուգումների, հաճախ լինում են դեպքեր, երբ ստուգման ընթացքում խախտում չի հայտնաբերվում, հետո ասում են՝ ամեն դեպքում մի հատ ակտ պիտի գրենք։ Ու հիմնավորումն է հետաքրքիր, ասում են՝ դե, բյուջե պիտի լցնենք, երկրորդ՝ ասում են՝ ո՞նց կլինի, մտնենք ստուգման, ակտ չգրենք, մեզ դրա համար չեն ների։ Ես ուզում եմ հստակ ձեզանից լսել, մեր տնտեսվարողներն էլ թող լսեն, որ չի կարող լինել բյուջեի պլան, որ տեսուչը կատարի, եւ եթե այդ տեսուչը որեւէ խախտում չի հայտնաբերել, չի կարող լինել նաեւ խախտման պլան»,- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանին դիմեց ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը։

ՊԵԿ նախագահն ասաց․ «Ես ամենայն պատասխանատվությամբ այս ամենաբարձր ամբիոնից հնչեցնում եմ, որ որեւէ նման հանձնարարական եւ պլան գոյություն չունի ՊԵԿ-ում։ Իհարկե, իրականության մեջ կարող են լինել դեպքեր, ես ասել եմ՝ եթե կան այդպիսի դեպքեր, ուղիղ ինձ ներկայացրեք, ավելին, մի հատ էլ հատուկ էլեկտրոնային մեյլ ենք բացել իմ անունով, որ քաղաքացին կարող է ուղիղ ինձ գրել, նույնիսկ անանուն, եթե կարիքը կա։ Այսինքն՝ ես պատրաստ եմ համագործակցել ցանկացած անձի հետ եւ պատասխանատվության ենթարկել նման իրավիճակները»։

Նա ասաց, որ ՊԵԿ-ում «պլան» արտահայտությունը չեն օգտագործում, հիմա այդ երեւույթն այլեւս չկա։ «Ավելին ասեմ, երբ մենք ստուգման ենք ուղարկում, ես ինքս այդ հայտարարագիրը ստորագրում ու ուղարկում եմ ստուգման, դա հիմնվում է հստակ վերլուծությունների վրա, այսինքն՝ ռիսկը վերլուծվել է եւ հիմնավորվել է, որ այդ ռիսկը կա, այդ դեպքում է տեսուչն այց կատարում տնտեսվարողի մոտ։ Թե այնտեղ ինչ վարքագիծ է դրսեւորում, եթե կան նման դրվագներ, մենք պատրաստ ենք համագործակցել ու պատասխանատվության ենթարկել»,- հավելեց Հակոբյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031