Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է իրավական գնահատական տրվի, բայց տվողը ես չեմ. Վլադիմիր Վարդանյանը՝ Հովհաննավանքում քաղաքացու բերանը փակելու ու մեկուսացնելու դեպքի մասին

Հոկտեմբեր 28,2025 14:36

-Յուրաքանչյուր մարդ ազատ է իր ընտրության մեջ: Տեր Արամը Հովհաննավանքում պատարագ է մատուցել, մեր հավատավոր ժողովուրդը այցելել էր այդ պատարագին: Այս կիրակի էլ բազմահազար քաղաքացիներ այցելելու են Հովհաննավանք,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե հա՞շտ են այն իրողության, ընտանեկան պառակտման հետ, որ Ստեփան Ասատրյանը Հովհաննավանքում «պատարագ էր» մատուցում, նրա եղբայրը, որը նույնպես քահանա է, Մայր Աթոռում էր՝ Վեհափառ Հայրապետի թափորում:

Պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ իր հիացմունքը հայտնեց Հովհաննավանքի մթնոլորտի, կարգալույծ արվածի քարոզի որակի վերաբերյալ, ասաց՝ հավատավորների համար նախատեսված միջոցառում էր. «Մթնոլորտը շատ հավատավոր ու քրիստոնեական էր եւ նույնիսկ պատարագից հետո մարդիկ խոսում էին, մտորում»:

Իսկ ծափե՞րը, որ հնչում էին Հովհաննավանք եկեղեցում, նորմա՞լ էր հարցին, պարոն Վարդանյանը պատասխանեց. «Չգիտեմ՝ Աստվածաշնչում ծափերը դիտարկվում են որպես մեղսավո՞ր ինչ-որ բան, թե ոչ: Կարծես թե սա անձի կողմից ոգեւորության, դրական արձագանք դրսեւորելու միջոց է»:

Իսկ քաղաքացու բերանը փակե՞լը հաջորդ այս հարցին ի պատասխան, Վարդանյանը շարունակեց. «Այդ դրվագը չեմ տեսել, լսել եմ դրվագի մասին, ինչ է տեղի ունեցել եկեղեցում ու ինչ միջավայրում ու ինչ գործողությունների արդյունքում: Պետք է իրավական գնահատականի արդյունք դառնա: Ազգային ժողովում չենք կարող լինել ե՛ւ օրենսդիր, ե՛ւ իրավապահ, չենք կարող լինել ե՛ւ օրենսդիր, ե՛ւ գործադիր: Հասկանում եմ՝ խոսքն անընդհատ քաղաքական պատասխանատվության դաշտին է վերաբերում: Մենք ասում ենք՝ ցանկացած ոչ սահմանադրական գործողություն պետք է դատապարտելի լինի, ինչ վերաբերում է անձի իրավունքների խախտմանը, պետք է գնահատական տրվի, բայց այդ գնահատական տվողը ոչ ես եմ, ոչ դուք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031