-Փաշինյանն իր սրտի կաթողիկոսին նշանակելու մեծ ցանկություն ունի,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով եկեղեցի-իշխանություն հակամարտությանը՝ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
– Եկեղեցու դեմ արշավը նոր չի սկսել: 2018 թվականից հետո «Նոր Հայաստան, նոր հայրապետ» այդ արշավը, դրանից հետո մեր եկեղեցու պատմություն առարկան հեռացնելը, առանձին հոգեւորականների թիրախավորումը…այս ամեն ինչը հստակ ուղղորդվում էր իշխանությունների կողմից… այս կոնֆլիկտի հանգուցալուծումը մեկն է. պետք հրաժարվեն, այդ թվում՝ քրեորեն պատժելի գործելաոճից, որը իշխանությունն է ընտրել: Պետք է ձեռ քաշեն այս գործելաոճից, սա մի գործընթաց է, որը մեր ազգին խայտառակում է: Եթե եկեղեցում կան խնդիրներ, դրանք պետք է լուծվեն հստակ ընթացակարգով: Ոչ թե սա մեր սրտի սրբազանն է, նա մեր սրտի կաթողիկոսն է,- հավելեց պատգամավորը:
Նրա խոսքով, իշխանությունները գնում են բաժանարար գծերով, հերթական պառակտումների. դա է վկայում նաեւ Հովհաննավանքի կարգալույծ եղած քահանային սատարելը, որին նույնիսկ չի սատարում նրա հարազատ եղբայրը, որը Մայր Աթոռում քահանայություն է անում:
Կարդացեք նաև
Պարոն Դանիելյանը խնդիր է տեսնում նաեւ, որ իշխանության աջակցությունն է վայելում կարգալույծ եղած մի քահանա, որը ՀՀ ղեկավար է տեսնում Կադիրովին:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանն էլ նկատեց, որ արդեն իսկ հաջորդ տարվա բյուջեով ակնհայտ է, որ այս իշխանությունը մեր հանրության մոտ 40 տոկոս անապահով խավին տված խոստումը չի կատարում. «Դա վերաբերում է թոշակների, աշխատավարձերի եւ սոցիալական մյուս վճարների բարձրացմանը: Ստացվում է, որ էկոնոմիկայի նախարար Քերոբյանը, ում վրա կա քրեական գործ, իր մասով կատարել է, որովհետեւ կա տնտեսական 7 տոկոս աճ: Իսկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը, որ իր ոլորտը փաստացի ձախողել է, նշանակել են ԱՄՆ-ում դեսպան»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































