Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչ ՀԷՑ-ը պետականացվում է, պետական ԲԷՑ-ում միլիարդների չարաշահումներ են, իսկ մեղադրյալ չկա. Civilnet

Հոկտեմբեր 28,2025 16:03

Civilnet. Մինչ կառավարությունը նպատակադրված գնում է «Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) պետականացման ճանապարհով, էներգետիկ մեկ այլ ռազմավարական ընկերությունում՝ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերում» (ԲԷՑ), միլիարդավոր դրամների չարաշահումներ են արձանագրվել, սակայն փոքր մասն է վերադարձվել: ԲԷՑ-ում մեկ տարում վեց քրեական վարույթ է նախաձեռնվել գողություններ կատարելու առիթով։

ԲԷՑ պատկանում է կառավարությանը և հանդիսանում է փոխանցող ցանց (220 կՎ և ավելի), իսկ ՀԷՑ-ը պատկանում է «Տաշիր» խմբին և հանդիսանում է բաշխիչ ցանց (110 կՎ և ցածր), որն էլեկտրաէներգիան հասցնում է արդեն վերջնական սպառողներին։

Ավելի քան 2,6 մլրդ դրամ․ սա՝ պետական կամ ազգային ԲԷՑ-ում վերջին յոթ տարիների ընթացքում արձանագրված վնասի չափն է։ Այս գումարը երեք քրեական վարույթի հանրագումարն է։ 2019-ից սկսած ԲԷՑ-ում կատարված հանցագործությունների վերաբերյալ երեք խումբ քրեական վարույթներ են հարուցվել։ Դրանցից ամենախոշորը պետական վնասի երկու վարույթներն են՝ մեկը 1,1 մլրդ դրամի չափով, մյուսը՝ 1,4 մլրդ դրամի։ Երկու վարույթներն էլ ներառում են մի քանի այլ գործեր և քննվում են յուրացման, խարդախության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փաստաթղթերի կեղծման հոդվածներով։ Բացի այդ, կան նաև վեց դրվագից կազմված վարույթներ գողությունների վերաբերյալ՝ շուրջ 6 մլն դրամի չափով։ Համեմատության համար նշենք, որ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը 24,25 մլրդ դրամ է, այսինքն՝ քրեական վարույթներով արձանագրված վնասը կազմում է ընկերության ամբողջ կանոնադրական կապիտալի շուրջ 10 տոկոսը։

Ընդհանուր առմամբ ԲԷՑ-ում կատարված հանցագործությունների արդյունքում պետության 2,6 մլրդ դրամի վնասից վերադարձվել է ընդամենը 8 տոկոսը՝ 207 մլն դրամ։

Այս ընթացքում ԲԷՑ-ի ղեկավար կազմի աշխատավարձերի ու պարգևատրումների տարեկան ֆոնդը գնալով աճել է։ Եթե 2019-ին այս ֆոնդը տարեկան կազմում էր մոտ 86 մլն դրամ, 2024-ին այն հասել է 114 մլն դրամի (աճը կազմել է մոտ 33 տոկոս)։
1,1 մլրդ դրամի վնասը

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում են քննվում երկու հիմնական վարույթները՝ Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ), Հաշվեքննիչ պալատի և այլ իրավապահ մարմինների ուսումնասիրությունների հիման վրա։

Առաջին վարույթը սկսվել է 2019-ի փետրվարին, ամիսներ անց այս վարույթին միացել են նաև 2019-ի մայիսին Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրության արդյունքները։

Ըստ այդ ուսումնասիրության՝ ԲԷՑ-ի աշխատակիցները, չարաշահելով պաշտոնեական դիրքը, տարբեր դրդապատճառներից ելնելով, բազմաթիվ կոպիտ խախտումներ են կատարել՝ անտեսելով «Գնումների մասին» ՀՀ օրենքը: Պալատը պարզել էր, որ ԲԷՑ-ին այդ գործողությունների հետևանքով պատճառվել է ավելի քան 867 մլն դրամի վնաս։

Սրան գումարվել են ՊՎԾ-ի ուսումնասիրության տվյալները, և վնասը հասել է 1,1 մլրդ դրամի։ Այս գումարից վերականգնվել է 207 մլն դրամը (պատճառված վնասի 17 տոկոսը)։ Նախաքննությունն ընթանում է արդեն վեց տարի, իսկ մեղադրյալ չկա։

Հինը չփակած՝ նոր վարույթ ԲԷՑ-ում

Պետությունը դեռ չէր հասցրել ամբողջական բացահայտել 2019-ի չարաշահումներն ու վերադարձնել գումարները, երբ ՊՎԾ-ի ուսումնասիրությունը հայտնաբերում է նոր և ավելի խոշոր չարաշահումներ։ Այս անգամ վարույթը վերաբերում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փաստաթղթեր կեղծելու և այլնի։

Հետագայում այս վարույթին է միացվում ոստիկանության օպերատիվ տվյալների հիման վրա 2023-ի մարտին նախաձեռնված գործը։

Քրեական վարույթով պատճառված վնասը, ըստ ՊՎԾ-ի, կազմում է շուրջ 1,4 մլրդ ՀՀ դրամ, որը չի վերականգնվել։ Այս գործով չկա մեղադրյալ։

Գլխավոր դատախազությունն իր պատասխանում ևս հաստատել է, որ ՊՎԾ-ի և Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքում ԲԷՑ-ի վերաբերյալ նախաքննության փուլում է երկու քրեական վարույթ։ Ըստ պատասխանի՝ նշանակված են համալիր փորձաքննություններ։

Խոշոր հափշտակություններ և 0 դրամի վերականգնում

Ամենօրյա ռեժիմով ՀԷՑ-ի կառավարման թերացումներից խոսող իշխանության պաշտոնավարման ընթացքում ԲԷՑ-ում տասնյակ գողություններ են կատարվել, որոնց մեծ մասն առ այսօր բացահայտված չէ, և վնասը չի փոխհատուցվել։

Ըստ Քննչական կոմիտեի գրավոր պատասխանի՝ 2024-2025 թվականների ընթացքում ԲԷՑ-ից հափշտակություններ կատարելու դեպքերի վերաբերյալ վեց քրեական վարույթ է քննվում։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031