«Մենք կարող ենք հստակ ասել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատվել է, բայց դեռևս շատ փխրուն է և պետք է փայփայենք ու անենք ամեն ինչ, որ խաղաղությունն անհողդողդ լինի։ Ունենք տեսլական, թե ինչպես ենք պատրաստվելու ապաշրջափակել Հարավային Կովկասը, բացել ճանապարհները, ենթակառուցվածքները ՀՀ-ի և Ադրբեջանի միջև»,- Եվրանեսթ ԽՎ քաղաքական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
Նա փաստեց՝ Ադրբեջանի հետ դեռ շատ չլուծված հարցեր կան․ «Օրինակ՝ գերիների հարցը, Բաքվում պահվող գերիների, անհայտ կորած անձանց հարցը»։
Անդրադառնալով այն դիտարկմանը, թե ինչու ՀՀ-ում քաղբանտարկյալների հարցը չի քննարկվում վեհաժողովի ընթացքում, Սարգիս Խանդանյանը պատասխանեց․ «Չեմ կարող չհասցեագրել ներքին հարցերը ՀՀ-ում։ Ընդդիմությունից իմ գործընկերը զարմացավ, թե ինչու քաղբանտարկյալների հարցը չքննարկվեց։ Չքննարկվեց, քանի որ ՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ։ Քանի՞ մարդ է կարծում, որ մենք ունենք ՀՀ-ում քաղբանտարկյալներ։ Մենք 2018-ից չենք գնում փոխզիջման կոռուպցիայի հետ, ժողովրդավարության վտանգների հետ, մեր երկրի ինքնիշխանության վտանգների հետ։ Մենք թույլ չենք տալիս, որ ՌԴ-ն գա ու ասի մեզ՝ ինչպես ձեզ փրկենք։ Մենք ունենք բավարար փրկիչներ։ Հայ ժողովուրդը չունի փրկիչների կարիք՝ հատկապես Հայաստանից դուրս»։
Կարդացեք նաև
Եվրանեսթ ԽՎ քաղաքական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































