Լրահոս
Օրվա լրահոսը

Արմավիրի մարզպետն աշխատանքային ժամերին զբաղվում է նախընտրական քարոզչությամբ՝ հօգուտ ՔՊ-ի. «Ականատես»

Հոկտեմբեր 28,2025 17:17

Վարչական ռեսուրսի չարաշահում Արմավիրի մարզպետի կողմից

Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը աշխատանքային ժամերին պարբերաբար զբաղվում է նախընտրական քարոզչությամբ՝ հօգուտ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության։

Մարզպետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում շարունակում են հրապարակվել մարզպետի աշխատանքային հանդիպումների և այցերի մասին գրառումներ, ինչը վկայում է, որ նա շարունակում է պաշտոնապես իրականացնել իր աշխատանքային պարտականությունները։ Ավելին, ՀՀ կառավարության էլեկտրոնային կառավարման հարթակում (e-gov.am) և Հայաստանի Իրավական տեղեկատվական համակարգում (arlis.am ) բացակայում է որևէ տեղեկություն ՀՀ վարչապետի՝ Արմավիրի մարզպետին արձակուրդ տրամադրելու որոշման մասին։

Միևնույն ժամանակ, մարզպետը սոցիալական մեդիայի իր էջում պարբերաբար հրապարակում է քարոզչական բնույթի նյութեր, մասնակցում  քարոզչական միջոցառումների՝ հանդես գալով որպես գործող մարզպետ։

Այսպիսով, փաստացիորեն, մարզպետն իրականացնում է նախընտրական քարոզչություն՝ շարունակելով իրականացնել իր պաշտոնեական գործառույթները և  օգտագործելով իր տիրապետության ներքո գտնվող վարչական ռեսուրսներն ու ազդեցությունը:

Հիշեցնենք, որ ըստ պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնագրքի՝

  • Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է իր պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների համար տրամադրված հանրային ռեսուրսները (այդ թվում՝ մարդկային ռեսուրսները, աշխատաժամանակը) օգտագործել բարեխղճորեն՝ բացառապես իր լիազորությունների իրականացման նպատակով, ինչպես նաև՝ չօգտագործել հանրային պաշտոն զբաղեցնող այլ անձանց և հանրային ծառայողների աշխատաժամանակը սեփական շահերը բավարարելու կամ այլ մասնավոր նպատակներով:
  • Ընտրական գործընթացների ընթացքում հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է պահպանել նախընտրական քարոզչության վերաբերյալ օրենքով սահմանված սահմանափակումները և չօգտագործել հանրային ռեսուրսները կուսակցական կամ անձնական քարոզչության նպատակներով։
  • Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է զերծ մնալ սոցիալական մեդիայի հրապարակումներից, հավանումներից կամ այլ վարքագծից, որը կարող է վնասել կամ նսեմացնել հանրային ծառայության հեղինակությունը, կասկածի տակ դնել անաչառությունն ու պատշաճությունը։
  • Հանրային պաշտոն զբաղեցնող անձը սոցիալական մեդիայում հրապարակումներ կատարելիս պարտավոր է հստակ նշել՝ դրանք արտահայտում են իր պաշտոնեական դիրքորոշումը, թե անձնական կարծիքը։
  • Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է իր ծառայողական պարտականությունները կատարելիս դրսևորել անաչառություն և գործել այնպես, որ չառաջանա կողմնակալության կասկած կամ տպավորություն։

Միևնույն ժամանակ, ՀՀ ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածն արգելում է նախընտրական քարոզչության կազմակերպումն ու իրականացումը հանրային ծառայության մեջ գտնվողներին՝ իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս։

Արմավիրի մարզպետի գործողությունները հակասում են հանրային ծառայության անաչառության և վարչական ռեսուրսների չօգտագործման վերաբերյալ իրավական պահանջներին։

«Ականատես» դիտորդական առաքեություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031