– Օդանավակայանում Դավիթ Համբարձումյանին ձերբակալելը անտրամաբանական գործողություն կլինի,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
-Մենք լինելու ենք այսօր օդանավակայանում, թե ինչպես կվարվի իրավապահ համակարգը, որն այս պահին ծառայում է ընդդիմախոսներին լռեցնելու համար, չգիտեմ: Իրավական նորմեր կան բոլոր տարբերակների համար: Բայց հաշվի առնենք, որ Դավիթ Համբարձումյանը նամակ է ուղարկել դատարան, տեղեկացրել է, որ վերադառնում է, ոչ մի վայրկյան իր գտնվելու վայրն անհայտ չի եղել,- շարունակեց Մամիջանյանը:
Անդրադառնալով Համբարձումյանի նկատմամբ դատավճռին՝ 6 տարի, երեք ամիս ազատազրկում, պարոն Մամիջանյանը նկատեց. «Այդպիսի բան պատմության մեջ չեմ հիշում: Եթե վճիռը լիներ վեց տարուց պակաս, ապա այդ պատմությունը կանցներ համաներման տակ ու պարոն Համբարձումյանին չէին կալանավորի: Բայց զարմանալիորեն դատավորը հենց վեց տարի, երեք ամիս ընտրեց պատժաչափը, տեսնես՝ ինչով է դա պայմանավորված»:
Կարդացեք նաև
Մամիջանյանն անդրադարձավ նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի facebook-յան էջում Համբարձումյանի հարցազրույցի մի հատվածի հրապարակմանը. «Ալեն Սիմոնյանն այսօր որոշել է իր facebook-յան էջում Դավիթ Համբարձումյանի հարցազրույցի կտորով կիսվել: Իզուր է կտորը միայն կտրել, թող ամբողջականը տեղադրեր, նաեւ այդ հարթակը կօգտագործեինք տարածման համար: Մի շարք ՔՊ-ականներ այս իրադարձության համատեքստում տիրաժավորում էին տեսանյութ, որը որեւէ կապ չունի քրեական գործի հետ: Այսինքն՝ ակնհայտ սուտ էին ասում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































