Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշխարհի առաջնության արդյունքներից ես գոհ եմ։ Մնացածը թող գնահատեն մյուսները»․ Հակոբ Սերոբյան

Հոկտեմբեր 28,2025 17:56

«Աշխարհի առաջնությունը մեզ համար շատ հաջող ստացվեց։ Լավ պատրաստ էինք։ Մինչեւ մեկնելը մենք 14-օրյա ուսումնամարզական հավաք անցկացրինք Դոհայում, որովհետեւ այնտեղ նույն գործիքներն են, ինչ էին նաեւ Ջակարտայում։ Ակնկալում էի մեդալներ։ Թե ի՞նչ կլիներ, մրցումները պետք է ցույց տային»,- ամփոփելով Ինդոնեզիայում անցկացված սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի մասնակցությունը՝ ասաց մեր ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։

Հակոբ Սերոբյան

«Արդյունքը բավականին լավ էր, բայց ափսոս էր։ Որովհետեւ նույն գնահատականով Մամիկոնը՝ 2-րդ տեղ։ Կարող էինք աշխարհի չեմպիոն դառնալ։ Շատ ափսոս էր 18-ամյա Համլետ Մանուկյանը։ Համլետը շատ ուժեղ պոտենցիալ ունի։ Վստահ եմ։ Մեր երիտասարդների համար շատ ուրախ եմ, որոնք առաջին անգամ մասնակցեցին աշխարհի առաջնությանը։ Համլետը Եվրոպայի առաջնությունում հաղթեց, Աշխարհի գավաթում, Համաշխարհային ունիվերսիադայում հաղթեց։ Այստեղ մի փոքր վրիպում եւ 4-րդ տեղ։ Լալիս էր։ Ցանկացած երկրի համար, եթե մարզիկը մտնում է եզրափակիչ՝ ութ լավագույնների մեջ, դա արդեն մեծ հաջողություն, մեծ ուրախություն է։ Իսկ Համլետը լալիս էր։ Ես ուրախացա։ Նրան մի շանս էլ տան, կանի։ Ու ես վստահ եմ, որ կանի։ Մամիկոնն էլ տեսավ, որ մեծահասակների աշխարհի առաջնությունը այնքան էլ վախենալու չէ։ Իրենք ամենաուժեղն են, իրենք պատրաստ են։

Արթուր Դավթյան

Արթուրի համար ի՞նչ ասեմ։ Ամեն ինչ արեց իդեալական։ Ես հպարտ եմ Արթուրով։ Արթուրի դերը շատ մեծ էր հենց Մամիկոնի ու Համլետի հաջողության մեջ։ Եթե ուշադրություն դարձրել եք, ինքն է լինում մարզիչ Հայկ Նազարյանի կողքին։ Ու ես տեսել եմ, նաեւ Եվրոպայում, թե Արթուրը ինչքան օգտակար է թիմակիցների համար։

Մամիկոն Խաչատրյան

Հայկ Նազարյանը լավ աշխատանք կատարեց։ Թիմը լավն էր։ Արդյունքներից ես գոհ եմ։ Մնացածը թող գնահատեն մյուսները։ Առաջիկայում աշխատելու շատ բան կա։ Դժվար է լինելու, բայց մյուս տարի փորձելու ենք թիմով աշխատել։ Նպատակը օլիմպիական վարկանիշ ձեռք բերելն է։ Եթե թիմային վարկանիշ նվաճենք, ուրեմն արդեն չորս հոգի կունենանք։ Կարեւոր է, որ թիմային ուղեգիրն անվանական չէ։ Այսինքն, ցանկացած ժամանակ մենք կարող ենք որոշել, թե ով մասնակցի։ Եվ եթե օլիմպիական վարկանիշ ունենանք, այդ ժամանակ կրկին կկենտրոնանանք գործիքների եւ մեդալների վրա։ Թիմայինում օլիմպիական խաղերում պետք է աշխատել բոլոր վեց գործիքների վրա։ Ժամանակը ցույց կտա։ Արթուրը պետք է օգնի։ Մամիկոն Խաչատրյանը, Համլետ Մանուկյանը։ Նրանք վեց գործիք անում են։ Էլի երիտասարդներ ունենք՝ Էրիկ Բաղդասարյանը, Գագիկ Խաչիկյանը։ Ընտրություն ունենք, բայց եկեք ժամանակից առաջ չանցնենք։ Պետք է աշխատենք մյուս գործիքներն էլ մոտեցնել։ Այս եռյակի գործիքներին չենք կարող հավասարեցնել, որովհետեւ նրանք ուժեղագույններն են։ Բայց պետք է փորձենք թիմի համար աշխատանք տանել»,-շարունակեց գլխավոր մարզիչը։

Հայկ Նազարյան

Մարզիչ Հայկ Նազարյանը նույնպես գոհ է մեր մարմնամարզիկների մրցելույթներից, որոնք արել են առավելագույնը։ Նա հիշեց, որ Արթուր Դավթյանի ցատկերից հետո մյուս երկրների ներկայացուցիչները մոտենում եւ ասում էին, որ իրենց պատկերացմամբ Արթուրը հաղթել է։ «Մամիկոնը նույնպես։ Ինձ թվաց, որ նա կրեց։ Համլետին եմ շատ ափսոսում, որ վրիպում թույլ տվեց։ Բայց սա սպորտ է։ Ինքը դեռ 18 տարեկան է։ Դեռ շատ բաներ կան անելու։ Տղաներից գոհ ենք»․-կարճ ասաց մարզիչը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031