Օդանավակայանում դիմավորում են Մոսկվայից Երեւան վերադարձող Մասիս համայնքի ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին, ում Երեւանի քրեական դատարանը դատապարտել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման եւ որպես խափանման միջոց կիրառել է կալանքը:
Թռիչքից ժամեր առաջ օդանավակայանն արդեն լցված է ոստիկաններով, իսկ օդանավակայան եկող ճանապարհին մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված:
Դարակերտի բնակիչ Լուսինե Ղազարյանն ի թիվս այլոց եկել էր աջակցելու Մասիս համայնքի ղեկավարին: «Մենք իր աշխատանքի արդյունքը տեսել ենք, այս ողջ ժողովուրդը եկել է իր ձայնը բարձրացնելու:
Կարդացեք նաև
Առանց իր ներկայության անհիմն դատավճիռ են կայացրել… Ես սովորական տնտեսական տնտեսուհի եմ, ով մտածում է իր երեխաների ապագայի համար: Ես ճանաչում եմ Դավիթ Համբարձումյանին, ճանաչում եմ իր ծնողներին: Այդ մարդը որեւէ վատ բանի ընդունակ չէ»,-ասաց Դարակերտի բնակչուհին:
«Ինքը բռնապետության զոհ է դարձել, Հայաստանի Հանրապետությունը դարձել է բռնապետական, ինչքան ուժ կա, որ կարող է դիմակայել Փաշինյանին եւ իր վարչակազմին, բոլորին կալանավորում են եւ մեկուսացնում են:
Եթե ժողովուրդը չմիավորվի, հերթով բոլորին բանտարկելու են, մարդիկ մնալու են Փաշինյանի հույսին: Ինչքան ուղեղներ կան, պետք է միավորվեն, ով զոմբի չի, պետք է հասկանա, որ Հայաստանի Հանրապետությունը կվերանա, եթե միջոցներ չձեռնարկվեն: Իսկ 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկումը Նիկոլ Փաշինյանի վախերն են: Այսօր ես բռնապետության դեմ պայքարի սկիզբն եմ համարում: Նիկոլ Փաշինյանը բոլորիս սարքել է թուրք բաժին»,-ասաց համայնքապետարանի մի աշխատակցուհի
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ





















































