Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում, ցավոք, ահռելի ծավալի են հասնում կարծրատիպերն ու խարանը». ՄԻՊ

Հոկտեմբեր 28,2025 19:33

Հոկտեմբերի 28-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է «Արդարադատության մատչելիություն հաշմանդամություն ունեցող անձանց համար» խորագրով միջոցառմանը և հանդես եկել բացման խոսքով։

Իր ելույթում Պաշտպանը նշել է, որ Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հետ կապված խնդիրները բազմաթիվ են:

«Հայաստանում, ցավոք, ահռելի ծավալի են հասնում կարծրատիպերն ու խարանը՝ կապված հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ վերաբերմունքի, նրանց հաշմանդամություն ունենալու հանգամանքի և համանման այլ հարցերի հետ։ Սա նկատում եմ ամենօրյա ռեժիմով՝ ոչ միայն տարբեր խմբերի հետ շփումների ընթացքում, այլև անձնական շփումներում։ Մարզային այցերիս ժամանակ կարևորագույն օրակարգային հանդիպումներից մեկը մշտապես լինում է ոլորտային հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամների հետ։ Այդ հանդիպումների ընթացքում ակնհայտ է դառնում, որ կարծրատիպերը դեռևս մեծ ծավալով շարունակվում են», – նշել է Պաշտպանը։

Անահիտ Մանասյանը շեշտել է, որ իրական փոփոխությունների հասնելու համար անհրաժեշտ է արմատական փոփոխություն կրթական համակարգում, մասնավորապես՝ մարդու իրավունքների կրթության ոլորտում։

«Ամենակարևորն այսօր այն է, որ կրթական համակարգը, մասնավորապես, մարդու իրավունքների կրթությունը, ենթարկվի համապարփակ և խորքային վերափոխման։ Միայն այդ ճանապարհով կարող ենք ձևավորել հանդուրժող, ներառական հասարակություն՝ ազատ խարաններից և կարծրատիպերից», – ընդգծել է Մարդու իրավունքների պաշտպանը։

Նա նաև անդրադարձել է մատչելիության խնդիրներին՝ նշելով, որ Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող մշտադիտարկումների արդյունքները վկայում են մատչելի միջավայրի շարունակական խնդիրների մասին։

«Մեր մշտադիտարկումները ցույց են տալիս, որ որոշ պետական ինստիտուտներ, ինչպես նաև արդարադատության շղթայում ներգրավված շենք-շինությունները դեռևս մատչելի չեն։ Ավելին՝ անգամ նոր կառուցվող կամ վերակառուցվող շինությունները հաճախ չեն համապատասխանում գործող ստանդարտներին։ Սա անթույլատրելի է, քանի որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է կարողանա իրացնել իր իրավունքները՝ առանց խոչընդոտների և խտրականության», – նշել է Անահիտ Մանասյանը։

Բացման խոսքով հանդես է եկել նաև Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրները։

Քննարկումը կազմակերպել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությունը «Հաշմանդամություն ունեցող անձանց համար արդարադատության հավասար մատչելիության խթանում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Կանադայի տեղական նախաձեռնությունների հիմնադրամի աջակցությամբ։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Հայաստանում, ցավոք, ահռելի ծավալի է հասնում նաև պաշտոնյաների մորթապաշտությունը, որոնք իրենց պաշտոնները չկորցնելու համար, նիկոլի հակաժողովրդական հրամաններն են կատարում, այդ թվում նաև ՄԻՊ-ը։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031