Հարութ Սասունյան
Իրավիճակը Հայաստանում օրեցօր ավելի աղետալի է դառնում։ Երկիրը հարձակման է ենթարկվում թե՛ ներքին, թե՛ արտաքին թշնամիների կողմից։
Երկրի առջև ծառացած բազմաթիվ գոյաբանական խնդիրները լուծելու փոխարեն, Փաշինյանը գործադրում է բոլոր ջանքերը՝ փորձելով փոխարինել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։ Եկեղեցու ներսում ինչ կրոնական խնդիրներ էլ որ լինեն, դրանցից ոչ մեկը չպետք է մտահոգի վարչապետին, քանի որ Սահմանադրությունն արգելում է նրան միջամտել եկեղեցու ներքին գործերին, այդպիսով խախտելով եկեղեցու և պետության տարանջատման սկզբունքը։
Կարդացեք նաև
Ես այստեղ չեմ կրկնի Փաշինյանի բոլոր անօրինական գործողությունները և այն վնասը, որ նա հասցրել է Հայաստանին ու Արցախին, որի համար նա վաղուց պետք է հեռացված լիներ պաշտոնից: Նրա պոռնոգրաֆիկ ֆեյսբուքյան գրառումները և կարգալույծ քահանային աջակցելը բավարար հիմքեր են Հայոց եկեղեցուց նրան արտաքսելու համար։ Կառավարության ղեկավարի վարքագիծը ցույց է տալիս նրա լիակատար անհարգալից վերաբերմունքը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ:
Նախկին քահանան կարգալույծ արվեց «հոգևորականին անվայել վարքագծի» համար։ Սակայն, նա մերժեց ընդունել այդ որոշումը և անցյալ կիրակի անօրինական կերպով պատարագ մատուցեց՝ այդպիսով պղծելով Հովհաննավանքը։ Ստեղծելով լարված մթնոլորտ՝ Փաշինյանը մասնակցեց կարգալույծ քահանա Ստեփան (Արամ) Ասատրյանի կողմից անցկացված անթույլատրելի պատարագին։ Վարչապետին միացան պաշտպանության և էկոնոմիկայի նախարարները, տարբեր մարզպետներ, պատգամավորներ, քաղաքապետեր և ավագանու անդամներ՝ բոլորը Փաշինյանի կուսակցության ներկայացուցիչներ։ Վարչապետի շրջապատը կազմակերպել էր, որ մեծ թվով ոստիկաններ և քաղաքացիներ ներկա լինեն վանքում՝ իրենց աջակցությունը ցույց տալու կարգալույծ քահանային։
Փաշինյանը պատարագի ընթացքում Սուրբ Հաղորդություն ստացավ կարգալույծ քահանայի ձեռքից, ինչը կարելի է համարել սրբապղծություն։ «Այսօր Հովհաննավանքի պատարագը Մայր Աթոռի ազատագրման գործընթացի գործնական փուլի մեկնարկն է խորհրդանշում», հայտարարեց Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում։ Նա նաև հայտարարեց, որ հաջորդ կիրակի նույնպես կլինի նույն վանքում։ Նման սադրիչ հայտարարությունները կարող են հանգեցնել զանգվածային բախումների և արյունահեղության, որի ամբողջ պատասխանատվությունը կրում է վարչապետը։
Անցյալ կիրակի «պատարագի» ժամանակ վանքի ներսում երկու անսպասելի միջադեպ տեղի ունեցավ։ Մի մարդ արարողության ժամանակ բղավեց, որ կարգալույծ քահանան իրավունք չունի պատարագ մատուցել։ Ինչ-որ մեկը շտապ փակեց նրա բերանը և բռնի կերպով դուրս հանեց եկեղեցուց։ Մեկ ուրիշը կարգալույծ քահանայի ձեռքից խլեց Աստվածաշունչը։
Անցած շաբաթ կառավարությունը ոստիկաններ ուղարկեց Հովհաննավանք՝ պաշտպանելու կարգալույծ քահանային և վտարելու օրինական հոգևորականներին, ինչը Հայաստանի օրենքի խախտում է: Սա իշխանության չարաշահում է և ապօրինի միջամտություն եկեղեցու ներքին գործերին: Ոստիկանները պետք է ճիշտ հակառակն անեին՝ կանխեին կարգալույծ քահանայի մուտքը եկեղեցի, քանի որ նա այլևս հոգևորական չէ:
Իրավիճակն ավելի սրելով՝ Քննչական կոմիտեն, Փաշինյանի հրահանգով, անցած շաբաթ երեկոյան գրավոր պահանջեց, որ Արագածոտնի մարզի բոլոր 21 հոգևորականները կիրակի վաղ առավոտյան ներկայանան Քննչական կոմիտեի երևանյան գրասենյակ: Հոգևորականները համատեղ հայտարարությամբ մերժեցին այդ պահանջը՝ նշելով, որ կիրակի առավոտյան պետք է գտնվեն իրենց եկեղեցիներում և պատարագ մատուցեն հավատացյալ ժողովրդին:
Կառավարությունը կրկին ապօրինի միջամտում է եկեղեցական գործերին և խոչընդոտում հոգևորականների կրոնական պարտականությունների կատարմանը: Հոգևորականները նաև հայտարարեցին, որ չեն ցանկանում ներկայանալ Քննչական կոմիտեի գրասենյակ՝ առանց իրենց փաստաբանների ներկայության, որոնք կիրակի օրերին հասանելի չեն։
Արցախի և Հայաստանի շահերը վնասելուց հետո, Փաշինյանը հիմա փորձում է ապակայունացնել Հայ Առաքելական Եկեղեցին, որն ավելի քան 1700 տարվա պատմություն ունի։ Հայտարարելով, թե ստեղծում է կեղծ Հայաստանի չորրորդ Հանրապետություն, նա այժմ կարող է ծրագրել Հայոց եկեղեցու վերակազմավորումը։
Վերջին ամիսներին մի քանի արքեպիսկոպոսների և տասնյակ այլ հոգևորականների ապօրինի ձերբակալություններն անպայման կբողոքարկվեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, որն այլ երկրների գործերով բազմիցս վճռել է, որ եկեղեցին իրավունք ունի վտարել իր ներքին կանոնները խախտող ցանկացած հոգևորականի։
Հրաժարվելով ընդունել Կաթողիկոսի կրոնական իշխանությունը՝ Փաշինյանը փաստորեն մերժում է Կաթողիկոսի կողմից կատարված բոլոր մկրտությունների և հարսանիքների, ինչպես նաև նրա կողմից բոլոր հոգևորականների ձեռնադրությունների օրինականությունը՝ դրանք հայտարարելով անվավեր։
Զավեշտալի է, որ Փաշինյանը, իրեն ներկայացնելով որպես Հայ Առաքելական Եկեղեցու հավատարիմ անդամ, բացահայտ միջամտում է եկեղեցու գործերին: Նա խոստովանել է, որ իր ամուսնությունը չի կատարվել ո՛չ եկեղեցում, ո՛չ էլ քաղաքացիական կարգով։ Այլ կերպ ասած, նա տասնամյակներ շարունակ ապրել է մեղքի մեջ: Նրա զուգընկեր Աննա Հակոբյանը, որին սխալմամբ անվանում են «Առաջին տիկին», իր շքախմբի հետ տարբեր երկրներ մեկնելու և պաշտոնական հանդիպումներ ունենալու համար օգտագործում է պետական ռեսուրսները: Հայտնի չէ՝ արդյոք Փաշինյանը մկրտվել է Հայ Առաքելական Եկեղեցում, թե ոչ։
Մինչ այժմ Փաշինյանը կարողացել է բաժանել աշխարհասփյուռ հայերին մի քանի հակադիր խմբերի՝ փաշինյանամետ և հակափաշինյանական հոգևորականներ, իշխանություն ընդդեմ ընդդիմության, ներկա ղեկավարներ ընդդեմ նախկին ղեկավարների, արցախցիներ ընդդեմ հայաստանցիների, սփյուռքահայեր ընդդեմ տեղացիների և այլն:
Բազմաթիվ լուրջ խնդիրներ ունեցող փոքր ազգը չի կարող պառակտվել՝ բաժանվելով այդքան շատ խմբավորումների: Շուտով ոչինչ չի մնա: Կիրառելով «Բաժանիր, որ տիրես» մարտավարությունը՝ Փաշինյանի չարամիտ նպատակը բոլորին միմյանց դեմ հանելու մեջ այն է, որ իշխանությունը շարունակի մնալ իր կուսակցության ձեռքին։
Հայ հասարակության մեջ եկեղեցու դերը նվազագույնի հասցնելու նպատակով, Փաշինյանի խորհրդարանական մեծամասնությունն անցյալ շաբաթ քվեարկեց Հայ Առաքելական Եկեղեցու կողմից վերահսկվող «Շողակաթ» հեռուստաալիքը փակելու օգտին: «Շողակաթը», որը համաֆինանսավորվում է Եկեղեցու և կառավարության կողմից, գործում է երկու տասնամյակ: Այն հեռարձակում է կրոնական և կրթական ծրագրեր և չի անդրադառնում քաղաքական հարցերին:
Թվում է, թե ստալինիզմը դեռ կենդանի է Հայաստանում․․․
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի


















































