TRIPP-ի գործարկման շուրջ դեռ հստակություն չկա, բայց հայ-ամերիկյան շփումները շարունակվում են
Անցյալ շաբաթ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարեւոր քայլ որակեց Ադրբեջանի՝ իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացումը: «Սա չափազանց կարեւոր հայտարարություն է, եւ ուզում եմ իմ գնահատականն արտահայտել Ադրբեջանի նախագահի այս քայլի առիթով եւ ողջունել այդ հայտարարությունը: Տեղի է ունենում ամիսներ առաջ անհավանական թվացող մի բան՝ Ղազախստանից Ադրբեջանով եւ Վրաստանով Հայաստան է ներմուծվում հացահատիկ», – Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» 5–րդ համաժողովին նշեց Փաշինյանը:
Ղազախստան կատարած այցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, նկատենք, որ նշել էր, որ առաջին տարանցիկ բեռը կլինի Հայաստան առաքվող ղազախական ցորենի խմբաքանակը։
Փաշինյանն արձանագրել էր նաեւ, որ Թուրքիայի հետ Հայաստանի ծավալած դրական երկխոսությունը հույս է տալիս, որ առաջիկայում կարող ենք հայ-թուրքական սահմանի բացում ունենալ: «Մենք ոչ միայն քաղաքական, այլեւ տեխնիկական առումով պատրաստ ենք հենց այսօրվանից ապահովել ՀՀ տարածքով բեռնատարների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան եւ Ադրբեջանից դեպի Թուրքիա», – ասել է նա։ Նաեւ վստահեցրեց, որ քաղաքական առումով Երեւանը պատրաստ է ապահովել Նախիջեւանի ինքնավար հանրապետությունից դեպի Ադրբեջանի հիմնական մաս եւ հակառակ ուղղությամբ տարանցումը ՀՀ տարածքով, բայց տեխնիկապես դա դեռ հնարավոր չէ ենթակառուցվածքների բացակայության պատճառով:
Կարդացեք նաև
Այսպես, Սյունիքով անցնող TRIPP-ն Ադրբեջանը Հայաստանի հետ կապելու է իր էքսկլավ Նախիջեւանի հետ՝ անխոչընդոտ հաղորդակցությամբ: Հայաստանը ստանալու է փոխադարձ առավելություններով հաղորդակցություն: Նշվել է, որ երրորդ կողմեր կարող են ծրագրին մասնակցել, բայց միայն Երեւանի եւ Վաշինգտոնի փոխադարձ համաձայնությամբ:
Ամերիկացիների հետ քննարկումը հայաստանցի պաշտոնյաները մի քանի ամսվա հարց են համարում, իսկ երկաթուղու կառուցման համար երկամյա ժամկետից չեն խոսում: «Թրամփի ուղու» շուրջ հայ-ամերիկյան քննարկումները սկսել են, բայց Փաշինյանն առաջարկում է արդյունքներից կամ ժամկետներից խոսելիս չմոռանալ Թրամփի ու նրա աշխատակազմի գերծանրաբեռնվածությունը:
«Թրամփի ուղու» վերաբերյալ Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունից ավելի քան երկու ամիս անց ո՛չ ծրագրի մանրամասների, ո՛չ էլ աշխատանքային խմբերի ձեւավորման մասին տեղեկություն դեռեւս չկա: Էկոնոմիկայի ՔՊ-ական նախարարն օրեր առաջ նշեց, թե նորություն չունի, սակայն հայտնի է, որ Պապոյանն առաջիկայում Միացյալ Նահանգներ է մեկնելու՝ նաեւ «Թրամփի ուղի» անվանումը ստացած ճանապարհահատվածի ներդրումային ծրագիրը քննարկելու նպատակով:
«Երկու կետ կա. առաջինը՝ բուն TRIPP-ի ներդրումային ծրագիրը, երկրորդը՝ ամերիկյան խոշոր ընկերությունների, այդ թվում՝ առեւտրային ծառայություններ մատուցող ընկերությունների հնարավոր ներդրումային ծրագրերը, դրանց հնարավորությունները: Հիմա մենք բազմաթիվ ուսումնասիրություններ ենք անում, նաեւ զուգահեռ աշխատանք ենք տանում», հայտնել է Պապոյանը:
ԱՄՆ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների համաձայնեցրած հռչակագրով՝ Երեւանն աշխատելու է Վաշինգտոնի եւ փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ, որպեսզի «Թրամփի ուղի» կոչվող ծրագիրը հնարավորինս՝ արագ իրականություն դառնա: Վաշինգտոնյան համաձայնությունից հետո հնչում էին մտահոգություններ, որ այդ երրորդ կողմը կարող է լինել Թուրքիան։ Պապոյանը այդ առթիվ նշել էր՝ «Այդպիսի բան չկա: TRIPP-ի մասով մեր գործակցությունը միայն ԱՄՆ-ի հետ է: Այս հարցը սեւով սպիտակի վրա գրված է, այլ բան հնարավոր չէ, այլ բան անհրաժեշտ էլ չի, այլ բան չի էլ լինելու»:
TRIPP-ի գործարկման շուրջ դեռ հստակություն չկա, բայց հայ-ամերիկյան շփումները շարունակվում են, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատունը օրերս հաղորդեց դեսպան Նարեկ Մկրտչյանի ու ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հանդիպման մասին, որի առանցքում հենց օգոստոսի 8-ի համաձայնագրերի ընթացքն է եղել: Սթիվ Ուիթքոֆը, որը Թրամփի գլխավոր բանագնացն է Մերձավոր Արեւելքում եւ Ռուսաստանում, վերահաստատել է Միացյալ Նահանգների հետեւողական աջակցությունը հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգին։
ԵՄ-ն «անմիջական ներգրավվածության պատրաստակամություն» է հայտնում, ՌԴ-ից շեշտում են, որ քննարկում են հայկական կողմի հետ
Եվրամիությունը անցյալ շաբաթ վերահաստատեց դիրքորոշումը «Թրամփի ուղի» նախագծի առնչությամբ, շեշտելով, անմիջական ներգրավվածության պատրաստակամությունը: Օրերս Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը նշել է. «Վաշինգտոնում օգոստոսի 8-ին տեղի ունեցած իրադարձությունները եւ հանդիպումները Եվրամիությունը ողջունել է, եւ մենք այդ օրվանից պատրաստակամություն ենք հայտնել աջակցելու այդ նախաձեռնություններին եւ կապակցվածությանը։ Մենք պատրաստ ենք մեր գործիքները ներդնել ոչ միայն «Թրամփի ուղի» նախագծի շրջանակներում, այլ նաեւ ամբողջ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության համատեքստում, որը ողջունվել է Եվրամիության կողմից դեռ երկու տարի առաջ, երբ Հայաստանի կառավարությունը հայտարարեց դրա մասին»:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա անցյալ շաբաթ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հասկացնել է տվել, որ «Թրամփի ուղի» նախագծում դեռեւս հստակություն չկա այն գնահատելու համար։ Ռուսաստանը աջակցում է ցանկացած քայլի, որը կհանգեցնի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իրական խաղաղության, կայունացման եւ բարգավաճման, ասել է Սերգեյ Կոպիրկինը «Սպուտնիկ Արմենիային» տված հարցազրույցում։ «Միեւնույն ժամանակ, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում համաձայնեցված տրանսպորտային նախագիծը քննարկվում է բարձր մակարդակի երկխոսության շրջանակում։ Ամեն դեպքում, այդ թեման չի կարող չբարձրացվել։ Ես այստեղ կհիշեցնեմ Հայաստանի ղեկավարության հայտարարությունները, որ այդ հարցը քննարկվում է միայն ԱՄՆ-ի հետ։ Բայց թեման կարեւոր է, եւ այն, իհարկե, չի կարող չարծարծվել մեր երկխոսության շրջանակում», – շեշտել է ռուս դիվանագետը։
Սակայն նա հարկ է համարել անդրադառնալ հայ-ռուսական հարաբերություններին, նկատելով, որ դրանք ավելի հասուն են դարձել, բայցեւ հավելել է՝ «տանգոյի համար 2 հոգի է պետք»։ «Մեզ շրջապատող աշխարհը փոխվում է։ Հարաբերությունները նոր հատկանիշներ են ձեռք բերում։ Չեմ վախենա ասել` դրանք ավելի հասուն են դառնում։ Դա չի նշանակում, որ բոլոր խնդիրները լուծվում են, որ չկան տարաձայնություններ։ Հասունությունը վերաբերում է երկրների կենսական, տնտեսական, սոցիալական շահերին։ Դրա համար էլ քննարկումներ են ընթանում։ Դա նորմալ է: Կարեւոր է, որ շարժում կա երկու կողմից էլ»: Միեւնույն ժամանակ նա շեշտել է, որ հայ-ռուսական երկխոսության կարեւոր հարթակ է Եվրասիական տնտեսական միությունը, որը Երեւանին իրական տնտեսական օգուտներ է բերում՝ ի տարբերություն ԵՄ-ին անդամակցելու մշուշոտ հեռանկարների, եւ որ ՀՀ իշխանությունները դեռեւս հետաքրքրություն են ցուցաբերում ԵԱՏՄ-ի նկատմամբ, իսկ Մոսկվան գնահատում է այս դիրքորոշումը եւ միշտ պատրաստ է սերտ համագործակցության եւ աջակցության։
Իսկ ահա Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նախօրեին մի առարկայական տեղեկություն է հայտնել, նշելով, որ «Ռուսական երկաթուղիները» ներկայում իրենց տարածաշրջանային գործընկերների հետ քննարկում են ռուսական ապրանքների տարանցման կազմակերպման հարցերը՝ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան։ «Ադրբեջանական կողմը հաստատել է, որ հնարավոր է օգտագործել Ադրբեջանի երկաթուղիները՝ ռուսաստանյան արտադրանքը Ադրբեջանի տարածքով Հայաստան տեղափոխելու համար։ Այս առումով ունենք շատ հետաքրքիր առաջընթաց։ Այժմ «Ռուսական երկաթուղիները» տարածաշրջանի իր գործընկերների հետ միասին լուծում են այդ փոխադրումների կազմակերպման հարցերը։ Միաժամանակ համապատասխան հանձնարարականներ են տրվել գյուղատնտեսության նախարարության գծով՝ այս նոր լոգիստիկ ուղղությունը զարգացնելու համար», – նշել է Օվերչուկը։
Ինչպես նկատում ենք, Ռուսաստանը «Թրամփի ուղուն» զուգահեռ փորձում է ներգրավվել տարանցիկ գործընթացներում:
Ամփոփումը` վաղվա համարում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
28.10.2025


















































 
                         
                                    
 
                                    
                                   