Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ միջոցներ են նախատեսվում նման այլանդակությունը եւ հանցագործությունը կանխարգելելու ուղղությամբ». Արծվիկ Մինասյանը՝ անձնական տվյալների գաղտնի ձեռք բերման եւ հրապարակման մասին

Հոկտեմբեր 29,2025 11:43

Կա առաջարկ՝ առանձին անկախ մարմին ստեղծել, որը կզբաղվի անձնական տվյալների պաշտպանությամբ․ այս մասին խորհրդարանում՝ 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Հարցը Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկվելու է, եթե համաձայնության եկան՝ ֆինանսական լրացուցիչ միջոցներ կտրամադրվեն։

Նախարարը պատասխանում էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին։ Նա անդրադարձել էր Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող անձնական բնույթի տեսանյութին եւ հետաքրքրվել՝ ի՞նչ հավելյալ միջոցառումներ են ձեռնարկվում մարդկանց անձնական տվյալների պաշտպանության համար։

Կոնկրետ դեպքի վերաբերյալ նախարարն ասաց․ «Անձնական տվյալները պետք է պաշտպանված լինեն, դրանց ապօրինի ձեռք բերումը եւ տարածումը դատապարտելի է։ Կառավարությունում, կարծում եմ, չկա մարդ, ով այդպես չի մտածում»։

Այդ գնահատականը Արծվիկ Մինասյանին չբավարարեց․ «Չլսեցի կոնկրետ դեպքի վերաբերյալ գնահատականը։ Դա այն դեպքն է, երբ անձի բնակարանում իրականացվել է տեսագրություն՝ ինտիմ հարաբերության մասին եւ հրապարակվել է։ Ի՞նչ միջոցներ են նախատեսվում նման այլանդակությունը եւ հանցագործությունը կանխարգելելու ուղղությամբ։ Չեմ լսել կառավարության դատապարտումը»։

Նա նկատեց նաեւ, որ Արդարադատության նախարարության կազմում գործող անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը պետք է անկախ գործի՝ ըստ գործող օրենսդրության, բայց այդպես չէ։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Հարցը Արծվիկ Մինասյանը տվեց նաեւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին։

«Միանշանակ դատապարտում եմ եւ հրապարակումը եւ տարածումը։ Առհասարակ՝ դեռ ընդդիմադիր եղած ժամանակներից, ես հրաժարվել եմ այսպիսի մեթոդներով արված հրապարակումները մեկնաբանել»,- ասաց նա՝ հավելելով՝ մեկնաբանելով պարարտ հող ես ստեղծում դրանց շարունակման համար։ Դատապարտմանը միացավ նաեւ ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանը։

Արայիկ Հարությունյանը նաեւ հեգնեց՝ Արծվիկ Մինասյանը բոլորից դատապարտումներ է պահանջում, արդյոք 2019-ին ընդդիմադիրները դատապարտեցին ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի եւ Սասուն Խաչատրյանի զրույցի գաղտնի ձայնագրումը եւ տարածումը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031