Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի կալանավորումից հետո ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը իմպիչմենթի գործընթացի համար վարչապետի նոր թեկնածու չի առաջադրի: Այսօր այս մասին Հակակոռուպցիոն դատարանի շենքի բակում լրագրողներին ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:
-Ոչ, որովհետեւ դեռեւս Դավիթ Համբարձումյանի մասով վճիռը օրինական ուժի մեջ չի մտել, փաստաբանները բողոքարկելու են: Այդ ընթացքում նրա բոլոր իրավունքները պաշտպանվելու են: Դավիթ Համբարձումյանը մնալու է իմպիչմենթի գործընթացով մեր վարչապետի թեկնածու,- հավելեց Սարգսյանը:
Հարցին՝ իմպիչմենթի գործընթացի պատճառո՞վ Համբարձումյանը կալանավորվեց, պարոն Սարգսյանը շարունակեց.
Կարդացեք նաև
-Ոչ միայն այդ գործընթացի, իր դիրքորոշման պատճառով: Խնդրել եմ մեր կուսակցությունում իրավական հարցերով զբաղվողներին փնտրել ու տեսնել՝ արդյոք այդ հոդվածով այդպիսի պատժաչափ երբեւէ կիրառվե՞լ է , դեռ պատասխան ինձ չեն տվել: Շատ դաժան որոշում են կայացրել, այն պարզ պատճառով, որ համաներումը որեւէ ազդեցություն չունենա,- ասաց Սերժ Սարգսյանը:
Հովհաննավանքում կիրակի օրը կարգալույծ եղածի կեղծ պատարագի վերաբերյալ հարցին ի պատասխան Սերժ Սարգսյանն ասաց, որ չի էլ ուզում արձագանքել այդ խայտառակությանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































