Լրահոս
Մոսկվան ու TRIPP-ը
Օրվա լրահոսը

Դա նրա շնորհքը չէ, որ առանց արյան եկան իշխանության, դա միայն ու միայն Սերժ Սարգսյանի շնորհքն է. Մարգարիտ Եսայան

Հոկտեմբեր 29,2025 14:19

-Ինչքան էլ ուզում է մուրճը ճոճի, ինչքան էլ ուզում է լրբանա, ինչքան էլ ուզում է վախի մթնոլորտ ձեւավորի, ինչքան էլ այս վնգստացող դատավորներին ու իրավապահներին բերի ու վախեցնի, մեկ է՝ իր գնացքն արդեն գնացել է,- այսօր Հակակոռուպցիոն դատարանի շենքի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին:

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը միայն չարիք է բերում մեր երկրին, ու ինքը պետք է գնա ժողովրդի ճնշմամբ, ժողովրդավարական ճանապարհով:

Անդրադառնալով Հովհաննավանքում անցած կիրակի անցկացված կեղծ պատարագին, որն այս կիրակի եւս կրկնվելու է, տիկին Եսայանն ասաց. «Ընդդիմադիր այն ուժերը, որոնք գնում են անվստահության գործընթացի, ունեն տարբերակներ, եւ որեւէ քաղաքական ուժ չի կարող մտնել այս քաղաքական գործընթացի մեջ առանց այլ տարբերակների: Նիկոլ Փաշինյանն այնքան պարզունակ ու պրիմիտիվ է, ինքը ուզում է տանել քաղաքացիական բախումների: Նիկոլի սիրտը արյուն է ուզում, բայց ինքը դա չի ստանալու: Ինքը ղալաթ է անում, որ ասում է՝ 2018-ին անարյուն եկան իշխանության: Դա նրա շնորհքը չէ, որ առանց արյան եկան իշխանության, դա միայն ու միայն Սերժ Սարգսյանի շնորհքն է: Այդ մարդը չգնաց բախումների»:

 

Անդրադառնալով երեկ Մոսկվայից Երեւան վերադարձած Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի կալանավորմանը՝ տիկին Եսայանը նկատեց, որ տեղի ունեցածը վկայում է մի բան, որ այս իշխանությունները վախենում են իրական ժողովրդավարությունից. «Դավիթ Համբարձումյանն այն քիչ համայնքապետերից է, որն արդար ընտրությունների արդյունքում ընտրված, սիրված գործիչ է: Ակնհայտ է, որ իշխանությունները ընտրություններից առաջ փորձելու են բոլոր ընտրված համայնքապետերի, քաղաքապետերի շուրջ վախի մթնոլորտ ձեւավորել նաեւ Էջմիածնի ընտրություններից առաջ: Անսպասելի չէ, որ այս իշխանություններն անցել են ավտորիտար գործողությունների:

Դավիթ Համբարձումյանն արցախցիների հանդեպ ունի ընդգծված վերաբերմունք, մոտ 20.000 արցախցու օգնել ու աջակցել է: Այն, ինչ պետությունը չի անում արցախցիների համար, պետության դերում գտնվեց Դավիթ Համբարձումյանը: Մասիսում ում հարցնեք, կտեսնենք, թե ինչպիսի հարգալից վերաբերմունք կա այս համայնքի ղեկավարի հանդեպ»:

Տիկին Եսայանը վստահ է, որ այս գործողությունները իշխանությունը շարունակելու է, որովհետեւ հասկանում է՝ չունի այլեւս ժողովրդի վստահության քվեն. «Շատ լավ հասկանում է, որ բռնության ու ուժով, իր համար վնգստացող դատավորներով փորձելու է պահել իշխանությունը եւ նորից իշխանության գալ: Ինքը շատ լավ հասկանում է, որ ժողովուրդը իրեն արդեն տանել չի կարողանում ու մի անսպասելի պահի ինքնաբուխ ոտքի է կանգնելու»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031