«Վաղարշապատում ընտրություններ են, եւ շատ կուսակցականներ կամ կուսակցականներից կազմված դաշինքներ պատրաստվում են ընտրությունների։ Ես ուսումնասիրել եմ ԿԸՀ-ի հրապարակած հայտարարագրերը եւ կարող եմ ձեզ տեղեկացնել, թե որ կուսակցություններն են զրոյական հայտարարագիր ներկայացրել՝ չունեն գույք, դրամական միջոցի մնացորդ եւ չունեն տարեկան շրջանառություն՝ որպես եկամուտ։ Արդյոք ձեզ մոտ հարց չի առաջանում, եւ դա ուսումնասիրության կարիք չի առաջացնում, թե ինչպես կարող է կուսակցությունը մասնակցել քարոզարշավի ամբողջ պրոցեսին, ունենալ տպագրություն նման տարեկան հաշվետվություններով»,- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանին հարցրեց ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Մանավազյանը։
Մանավազյանը նշեց, որ ՔՊ մեկ փոխանցումը կամ նվիրատվության հարցը դառնում է լայն հանրության քննարկման առարկա, բայց երբ մյուս կուսակցությունները որեւէ թափանցիկություն չեն ապահովում, սա չի դառնում ոչ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի քննարկման հարց, ոչ էլ ԿԸՀ։
Մարիամ Գալստյանն ասաց, որ վերջին մեկ ու կես տարվա ընթացքում են վերլուծել 2022, 2023 եւ 2024 թվականների հայտարարագրերը եւ որպես առաջնահերթություն ֆինանսավորում ստացած կուսակցությունների հաշվետվություններն են ստուգել։ «Բայց երբ ավարտեցինք դա, ներկայում ստուգում ենք եւս երկու կուսակցության հաշվետվություն, որոնք աուդիտի են ենթակա եւ վեց կուսակցության հաշվետվություն, որոնք ձեր ասած դեպքերով առերեւույթ անհամապատասխանություններ են պարունակում։ Ընդ որում, մենք սոցիալական կայքերում կամ ԶԼՄ-ներով տեսել ենք, որ քարոզչություն է իրականացվում, բայց մուտքեր ու ելքեր առկա չեն։ Սա մեզ համար արդեն ազդակ է, որ վերլուծություն անենք, կուսակցությունների հաշվետվության վերլուծություն անենք։ Մենք հիմա վարչարարություն ենք իրականացնում, այդ վարչարարության ավարտից հետո այդ արդյունքները եւս կհրապարակենք»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նույն հարցը ՔՊ-ական պատգամավորն ուղղեց նաեւ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին։
«Ես իմ ձեռքի տակ ունեմ, որ Երեւանի ավագանու ընտրություններում Հայկ Մարությանի «Ազգային առաջընթաց» կուսակցությունը տվել է նույնաբովանդակ հայտարարագիր՝ զրոյական։ Նայել եմ նաեւ իր հաշվետվությունը ԿԸՀ-ին, որտեղ ամբողջ նախընտրական պրոցեսին ծախսել է 9 մլն դրամ։ Մենք բոլորս լավ տեսել ենք, թե ինչ ծախս է արել Հայկ Մարությանը նախընտրական պրոցեսների ժամանակ։ Եվ ունենք այսօր իրավիճակ Վաղարշապատի ընտրություններում, ձեր վերահսկողությունն այդ մասով ո՞նց է կատարվում, որ հնարավոր բոլոր ծախսերը կատարում են, բայց վերջում հաշվետվությունը ներկայացնում ենք շատ փոքր թվով»,- հարցրեց Արուսյակ Մանավազյանը։

Chairman of the Central Electoral Commission Vahagn Hovakimyan gave a press conference ahead of the upcoming Yerevan Council of Elders elections
ԿԸՀ նախագահն ի պատասխան ասաց, որ կուսակցություններն իրենք քարոզարշավի բոլոր ծախսերը պետք է իրականացնեն փոխանցումով, չի կարող լինել կանխիկ շարժ։ «Եթե կանխիկի մասին է խոսքը, դա արդեն հանցագործություն է, այստեղ ԿԸՀ-ն չի կարող քաղաքական գործիչների կամ կուսակցությունների կանխիկ ծախսերը վերահսկել»,- ասաց Հովակիմյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































