Սկիզբը՝ այստեղ:
Վաշինգտոնում համարում են, որ Հայաստանն ու Ադրբեջանը «թոթափել են ռուսական հարկադրանքի լուծը» Թրամփի վարչակազմի համար «Հարավային Կովկասն այլեւս երկրորդական չէ»
Նախագահության երկրորդ ժամկետում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել է հետաքրքրվել հատկապես հակամարտությունների կարգավորմամբ, նա պարբերաբար արդյունքներն է ամփոփում՝ իր միջնորդությամբ լուծված հակամարտությունների շարքում չմոռանալով թվարկել նաեւ հայ-ադրբեջանականը, թեեւ երկրների անունները երբեմն շփոթում է:
Վաշինգտոնում օրերս կայացել է «ԱՄՆ-ը Հարավային Կովկասում. նոր ռազմավարական հնարավորությունների բացահայտում» խորագրով համաժողովը։
Կարդացեք նաև
Հադսոնի ինստիտուտի Մերձավոր Արեւելքի խաղաղության եւ անվտանգության կենտրոնի տնօրեն Մայք Դորանը նշել է, որ Հարավային Կովկասը դառնում է գլոբալ աշխարհաքաղաքականության կարեւոր հանգույց ու հավելել է. «Դոնալդ Թրամփի վարչակազմը հասկանում է, որ Հարավային Կովկասն այլեւս երկրորդական չէ ԱՄՆ շահերի համար։ Տարածաշրջանը դառնում է համաշխարհային աշխարհաքաղաքականության կարեւորագույն կիզակետ՝ բոլոր համաշխարհային տերությունների շահերի հատման կիզակետ։ Ադրբեջանը առանձնանում է որպես ԱՄՆ-ի կարեւոր գործընկեր։ Արեւմուտքի համար այն դարպաս է դեպի տարածաշրջանի հսկայական ռեսուրսներ եւ ռազմավարական երթուղիներ։ Բաքուն յուրահատուկ դեր է խաղում որպես էներգետիկ հանգույց, տարանցիկ միջանցք եւ անվտանգության դաշնակից՝ գտնվելով Ռուսաստանի, Թուրքիայի եւ Կասպից ծովի ավազանի միջեւ»։
ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնսն առավել ծավալուն անդրադարձ է կատարել, արձանագրելով, որ մինչ այժմ ամերիկյան բոլոր խաղաղ նախաձեռնությունները՝ ուղղված Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության կարգավորմանը, սկսած Ջորջ Բուշ-ավագի նախագահությունից, անարդյունք են եղել։ Նրա խոսքով՝ տարբեր ամերիկյան վարչակազմեր այս հարցին մոտեցել են տարբեր ձեւերովգ ոմանք բավարար ռեսուրսներ չեն հատկացրել, ոմանք էլ Կովկասում խաղաղությունը չեն համարել առաջնահերթություն։ «Սակայն իրավիճակը փոխվեց, երբ Դոնալդ Թրամփի վարչակազմը տարածաշրջանում խաղաղության հաստատումը դարձրեց արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը», նշել է նա։
«Ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը՝ ԱՄՆ-ի հետ եզակի գործընկերության պայմաններում, ընտրել են անկախ ապագա։ Սթիվ Ուիթքոֆի թիմն անմիջապես ձեռնամուխ եղավ համաձայնագրի ամենաբարդ հարցերի լուծմանը։ Ամերիկացի բանակցողներն առաջարկեցին նորարարական հայեցակարգ՝ «Թրամփի երթուղին»՝ TRIPP-ը, որը կապահովի Ադրբեջանի կապը Նախիջեւանի հետ եւ կստեղծի նոր առեւտրային ուղի։ Ադրբեջանը, Հայաստանը եւ տարածաշրջանի մյուս երկրները մեծապես կշահեն դրանից», – ընդգծել է սենատորը։
Նա նկատել է, որ այս երկու հարցերի միջեւ կապը երկար ժամանակ եղել է խաղաղության բանակցությունների ամենադժվար ասպեկտը, եւ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ համաձայնագիրը ներկայացնում է երկու կողմերի համար ընդունելի լուծում գտնելու բոլորովին նոր միջոց։ Դեյնսի խոսքով՝ Դոնալդ Թրամփի վարչակազմն իր առջեւ խնդիր է դրել Հարավային Կովկասում հասնել խաղաղության, եւ տարեսկզբից ի վեր ԱՄՆ նախագահի թիմի անդամները սկսել են աշխատել հակամարտող կողմերի հետ:
Սենատորի խոսքով՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ներխուժումը շեղել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուշադրությունը եւ ռուսական ռեսուրսները տեղափոխել է Արեւմուտք՝ այդպիսով բացելով դուռը Հարավային Կովկասում ամերիկյան ավելի մեծ ներգրավվածության եւ ազդեցության համար: Նրա խոսքով՝ Հայաստանն ու Ադրբեջանը «թոթափել են ռուսական հարկադրանքի լուծը» եւ դիմել «անկախ ապագայի՝ Միացյալ Նահանգների հետ գործընկերությամբ»։
Սթիվ Ուիթկոֆի թիմն անմիջապես ժամանել է եւ սկսել լուծել գործարքի ամենաբարդ հարցերը, հավելել է սենատորը. «Ես այցելեցի տարածաշրջան այս տարվա մայիսին՝ Թրամփի վարչակազմի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների գագաթնակետին։ Այդ ժամանակ խաղաղությունը, անշուշտ, երաշխավորված չէր, եւ բանակցությունները դեռեւս փխրուն էին»։ Ըստ Դեյնսի՝ ճանապարհորդել է իր թիմի անդամների, դեսպանատան աշխատակիցների եւ որոշ վարչական աշխատակիցների հետ։ «Մեր հանդիպումները հնարավորություն տվեցին թարմ հայացք նետել բանակցություններին, որը երկու առաջնորդներն էլ ակնհայտորեն ցանկանում էին լսել։ Երկուսն էլ անկեղծորեն ցանկանում էին մեկընդմիշտ լուծել այս հակամարտությունը, երկուսն էլ տեսնում էին ապագայի ընձեռած հնարավորությունները եւ հասկանում, որ նախքան դրանք օգտագործելը՝ բռնությանը պետք է վերջ դրվեր։ Մեզ հաջողվեց քննարկել այս դժվար խնդիրների գործնական լուծումները, որոնք տասնամյակներ շարունակ խոչընդոտել էին խաղաղության բանակցությունները։ Այս գործընթացի ընթացքում ե՛ւ վարչապետ Փաշինյանը, ե՛ւ նախագահ Ալիեւը ցուցաբերեցին հսկայական քաջություն եւ դիմացկունություն՝ վտանգելով իրենց հեղինակությունն ու ժառանգությունը՝ խաղաղության հասնելու համար։ Նրանց քաջությունը, զուգորդված նախագահ Թրամփի եւ նրա թիմի ստեղծագործական դիվանագիտության եւ խնդիրներ լուծելու հմտությունների հետ, մեզ հասցրել է այնտեղ, որտեղ մենք այսօր ենք»,- պատմել է ամերիկացի սենատորը։
Նա, միաժամանակ, ընդգծել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ ձեռք բերված համաձայնությունները դեռեւս վերջնական խաղաղություն չեն նշանակում, այլ ապագայի ճանապարհային քարտեզ են. «Դրանում ներկայացվում են խաղաղության սկզբունքները, երկու կողմերի կողմից ստանձնած պարտավորությունները եւ Միացյալ Նահանգների դերը՝ որպես համաձայնագրի երաշխավորի։ Այժմ, երբ համաձայնագիրը ստորագրվել է, Միացյալ Նահանգները կարող է սկսել աշխատել գործընկերների հետ այն իրականացնելու համար։ Զարմանալի չէ, որ Թրամփի վարչակազմն արագ է գործում. այն արդեն 145 միլիոն դոլար է հատկացրել Հայաստանի զարգացմանը, անհրաժեշտության դեպքում, լրացուցիչ միջոցներ կտրամադրվեն։ Միացյալ Նահանգներն իրական, կոնկրետ ռեսուրսներ է ներդնում տարածաշրջանային խաղաղության մեջ, որն օգուտ կբերի մեր բոլոր երկրներին»։
Ըստ նրա՝ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը նպատակ ունի խոշոր ենթակառուցվածքային ներդրումների՝ Կովկասը, Մերձավոր Արեւելքը եւ Կենտրոնական Ասիան արեւմտյան շուկաների հետ ավելի լավ կապելու համար, եւս խոստումնալից է։ Դեյնսը նշել է, որ Կենտրոնական Ասիայի էներգետիկ, հանքային եւ գյուղատնտեսական ռեսուրսները կարող են օգնել ամրապնդել Արեւմուտքի փխրուն մատակարարման շղթաները, աջակցել այն երկրներին, որոնց միջոցով դրանք տեղափոխվում են, եւ ապահովել կայուն եկամուտ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար:
Սենատորը կարծում է, որ տարածաշրջանում ստեղծված իրավիճակը նոր հնարավորություններ է բացում 20 տարի առաջ առաջարկված Տրանսկասպյան գազատարի նախագծի իրականացման համար, իսկ օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնագրի շնորհիվ բացված տնտեսական ներուժը չափազանց նշանակալի է: «Խնդիրների նորարարական լուծման շնորհիվ, խաղաղությանը համարձակ նվիրվածության եւ անսասան վճռականության միջոցով Հայաստանը, Ադրբեջանը եւ Միացյալ Նահանգները միասին շարժվում են դեպի նոր՝ ավելի բարգավաճ եւ ավելի անվտանգ ապագա»,- հայտարարել է ամերիկացի սենատորը։
Այսպես, ամերիկյան կողմը նշում է, որ Թրամփի վարչակազմն իր առջեւ խնդիր է դրել Հարավային Կովկասում խաղաղության հասնել, իսկ դա նշանակում է Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների աշխատանքից է կախված լինելու, թե ինչ արդյունքների կարելի է հասնել։ Ամերիկացիներն իրենք են խոստովանում, որ օգոստոսյան փաստաթղթերը` ապագայի ճանապարհային քարտեզ են, որոնք ներկայացնում են խաղաղության սկզբունքները, երկու կողմերի կողմից ստանձնած պարտավորությունները, իսկ Միացյալ Նահանգները հանդես է գալիս ընդամենը որպես համաձայնագրի երաշխավոր:
Իհարկե, ուշագրավ էր ամերիկացի սենատորի կողմից նաեւ արձանագրումը, որ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը նպատակ ունի` «խոշոր ենթակառուցվածքային ներդրումների՝ Կովկասը, Մերձավոր Արեւելքը եւ Կենտրոնական Ասիան արեւմտյան շուկաների հետ ավելի լավ կապելու համար, խոստումնալից է»։
Սակայն եթե հայկական կողմում նկատելի է նպատակը՝ արագորեն Ադրբեջանի հետ կնքել խաղաղության համաձայնագիր եւ շուտափույթ ապաշրջափակում ապահովել, ապա Ադրբեջանի հետ կապված ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ։
Ինչո՞ւ է Ալիեւը «մինչեւ 2028 թվականի վերջ» ժամկետ նշել
«Զանգեզուրի միջանցքը կարող է բացվել մինչեւ 2028 թվականի վերջ», – անցյալ շաբաթ այսպիսի ուշագրավ հայտարարությամբ է հանես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ «Ադրբեջանի տարածքում ավտոմոբիլային եւ երկաթուղային հաղորդակցության ստեղծմանն ուղղված աշխատանքները ավարտին կհասցվեն հաջորդ տարվա կեսերին։ Հուսով ենք, որ այլ երկրների տարածքում այդ աշխատանքները նույնքան արագորեն կիրականացվեն։ Այդ դեպքում «Զանգեզուրի միջանցքի» բացումը կարող է տեղի ունենալ 2028-ի տարեվերջին», – Աստանայում նշել է Ալիեւը։
Իսկ ահա Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Էստոնիայի ԱԳ նախարարի հետ Բաքվում համատեղ ասուլիսում թեեւ նշել է, որ Բաքուն ակնկալում է, որ TRIPP նախագիծը օր առաջ կյանքի կկոչվի, այնուամենայնիվ շեշտել է հայկական կողմի համար արդեն իսկ գոյություն ունեցող «օգուտների» մասին։ «Նախագահ Ալիեւը հայտարարեց Հայաստան բեռների տարանցման արգելքը վերացնելու մասին։ Հայաստանն արդեն կոնկրետ օգուտներ է տեսնում եւ զգում։ Եվ սրանք միայն սկզբնական օգուտներն են»։ Ըստ Ադրբեջանի արտգործնախարարի՝ «հաշվի առնելով Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջեւանի միջեւ անխոչընդոտ կապի, ինչպես նաեւ Միջին միջանցքի մի մասի բացման առավելությունները, այն մարդիկ, որոնք Հայաստանում են զբաղվում այս նախագծերով, դրանք առաջնահերթություն կհամարեն»:
Սյունիքով անցնող ճանապարհի մի հատվածը, որ պետք է Ադրբեջանն իր էքսկլավ Նախիջեւանի հետ կապի, Բաքվից արդեն հինգերորդ տարին է՝ շարունակում են անվանել՝ «Զանգեզուրի միջանցք»: Մինչդեռ վերջերս Փաշինյանը հայտարարել էր, թե՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցն այլեւս հասցեագրված է եւ արդիական չէ, եւ պնդել էր, որ թեմային անդրադառնալու օբյեկտիվ հիմքեր չկան: «Այո, եղավ շատ լուրջ քննարկում ամենաբարձր մակարդակով եւ ամենահեղինակավոր միջազգային հարթակներում, եւ այդ քննարկման արդյունքում հարցը հասցեագրվեց Կոպենհագենում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով թողարկված հաղորդագրությանը: Հետեւաբար գոնե ինձ համար այդ հարցը չկա, դա չկա նաեւ տեքստային մակարդակով, քաղաքական մակարդակով», ասաց Փաշինյանը: Նա հավելեց, որ վաշինգտոնյան համաձայնագրերով կա TRIPP նախագիծ ՀՀ տարածքում եւ այլեւս ոչինչ։ «Լրացուցիչ վերահաստատում ենք ՀՀ պաշտոնական դիրքորոշումը, որ ՀՀ տարածքում բացի «Խաղաղության խաչմերուկ» եւ TRIPP ուղի նախագծերը, ուրիշ նախագիծ չկա եւ չի կարող լինել»: Ըստ նրա՝ այս հարցի մասին եզրակացություններ անելիս պետք է առաջնորդվել թղթի վրա արձանագրվածով: Ու դրա արդյունքում Փաշինյանը գոհունակություն հայտնեց Կոպենհագենում ադրբեջանական կողմի հետ քննարկումներից, ինչպես նաեւ «խաղաղության ինստիտուցիոնալիզման ճանապարհից»:
Իսկ, ինչո՞ւ է Ալիեւը «Զանգեզուրի միջանցքի բացման» համար՝ «մինչեւ 2028 թվականի վերջ» ժամկետ նշել… Հետաքրքիր զուգադիպությամբ ԱՄՆ-ում նախագահական հաջորդ ընտրությունները նախատեսված են 2028 թվականի վերջին:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Հ.Գ. ԱՄՆ կառավարությունը նախատեսում է մինչեւ այս տարվա վերջ առաջին աշխատանքային խմբերը ստեղծել Ադրբեջանի եւ Հայաստանի հետ, հոկտեմբերի 29-ին ադրբեջանական Report-ին հայտնել են Պետքարտուղարության մամուլի ծառայությունից։ «ԱՄՆ-ը հանձնառու է իրագործել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված պատմական հռչակագրերն ու փոխըմբռնման հուշագրերը», – փոխանցել են Պետդեպից՝ ողջունելով Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ընթացող վերջին բովանդակային երկխոսությունը եւ գործնական քայլերը՝ սահմանազատման, ականազերծման եւ TRIPP-ի աջակցության համար ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ։
Պետդեպը նաեւ բարձր է գնահատել իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցումն արտոնելու Ադրբեջանի վերջին որոշումը, ինչպես նաեւ երկու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումը Երեւանում։ «ԱՄՆ-ի նախաձեռնությունները՝ այս ջանքերի հետ, կգրավեն մասնավոր ներդրումներ եւ կբերեն բարգավաճման նոր դարաշրջան Ադրբեջանի, Հայաստանի եւ այլ երկրների համար», – ադրբեջանական գործակալությանը փոխանցել են ԱՄՆ Պետդեպարտամենտից։
«Առավոտ» օրաթերթ
29.10.2025


















































