Հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ, «Վալլեքս» խմբի ընկերությունների ավագ փոխնախագահ Վարդան Արամյանը, խոսելով 2026թ. բյուջեի մասին, այն որակեց պահպանողական։
«2026 թվականի բյուջեն պահպանողական է՝ պայմանավորված բյուջեի պակասուրդով և պետական պարտքի ավելացմամբ։ 2022 թվականից առ այսօր մեր պարտք/ՀՆԱ ցուցանիշը վատթարացող է»,- ասաց Վարդան Արամյանը։
Նրա խոսքով՝ պաշտպանական ծախսերը կրճատելով՝ Կառավարությունը կրճատում է կապիտալ ծախսերը՝ զուգահեռ ավելացնելով ընթացիկ ծախսերը՝ 220 միլիարդով։
«Դրանից զատ, այս Կառավարությունն ընկել է իր իսկ լարած թակարդը… այդպիսի թակարդներից մեկը եկամտահարկի վերադարձն է, որի վերաբերյալ ես դեռ 2018 թվականին էի ասում՝ ծրագիրը պետք է դադարեցվի։ Չարեցին, ավելին՝ այս տարիների ընթացքում այդ ծրագրից օգտվեցին ոչ թե ցածր եկամուտներ ունեցողները, այլ՝ ունևոր խավը։ Ես դա պնդում էի, երբ բյուջեից հետ էր տրվում 8 միլիարդ դրամ, իսկ այսօր արդեն 102 միլիարդ է հետ վերադարձվում»,- ասաց Արամյանը։
Կարդացեք նաև
Թակարդներից մյուսը, ըստ Արամյանի, պետական պարտքի մարմանն ուղղվող հսկայական գումարն է, ինչը վճարելու է սովորական հարկատուն։
«Թակարդներից հաջորդն օտարերկրյա ուղղակի ներդրումներն են. փողը փախնում է Հայաստանից, օտարերկրյա ուղղակի ներդրումներն ընդամենը 5 միլիարդ դրամ են կազմում՝ 6 ամսվա կտրվածքով։ Կարելի է ասել՝ օտարերկրյա ուղղակի ներդրումներ չկան, իսկ արդյունաբերության ոլորտն ընդհանրապես խռխռոցի մեջ է»,- շեշտեց Վարդան Արամյանը։
Աղավնի ՍՈԻՔԻԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այս համարում


















































 
                         
          
         
 
                                    
                                   