Կառավարության հոկտեմբերի 30-ի նիստը վարում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Օրակարգում եղած 37 հարցերի կեսից ավելին չզեկուցվող էր: Ի թիվս այլնի՝ հարցերից մեկը վերաբերում էր Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ «Միջուկային անվտանգության եւ ճառագայթային պաշտպանության ամրապնդումը Հայաստանում» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալուն, որն ընդունվեց միաձայն:
Զեկուցվող հարցերից մեկն էլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալն եւ անհետաձգելի համարելն էր:
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը ներկայացնելով նախագիծը, որով զինծառայության 24-ամսյա ժամկետը փոխարինվում է 18-ամսյա ծառայության ժամկետով՝ ասաց, որ դա տարածվում է հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող թաղաքացիների վրա:
Կարդացեք նաև
«Մենք տարիներ շարունակ ունեցել ենք հետեւյալ ցիկլը՝ 2 տարի, 2 զորակոչ, հիմա որ այդ 2 զորակոչը մնում է նույնությամբ, բայց ժամկետը դառնում է 1,5 տարի, անցման ժամանակ խզում չե՞նք ունենա, կառավարո՞ւմ եք այս հարցը»,-պաշտպանության փոխնախարարից հետաքրքրվեց Մհեր Գրիգորյանը:
«Միանշանակ բոլոր ռիսկերը հաշվարկվել են, որեւէ խզում տեղի չի ունենա եւ այդ ամբողջ պրոցեսը կկառավարվի շատ սահուն, ընթացքը կլինի տեսանելի, որեւէ խնդիր չի առաջանա»,-ասաց Սարգսյանը:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր գոհունակությունն արտահայտեց նախագծի հետ կապված, ասաց, որ որպես ծնող շնորհակալ է կառավարությունից: «Ընդհանուր առմամբ թե առողջապահական տեսանկյունից, թե մեր տղաների՝ կրթական ծրագրերում հետագայում ներգրավելու առումով այս կես տարվա փոփոխությունն ահռելի նշանակություն կունենա»,-նշեց առողջապահության փոխնախարարը:
Որոշումն ընդունվեց միաձայն:
Կառավարության նիստն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































