«Այսօր ձեր կուսակիցները դեմ քվեարկեցին մի բանաձեւի, որը պահանջում էր Ադրբեջանից ապահովել արցախցիների վերադարձը իրենց բնօրրան։ Դուք ասում եք՝ ապահովել այդ մարդկանց ինտեգրումը Հայաստանի հասարակությունում։ Ինձ հետաքրքիր է՝ դուք ինչ-որ ծրագրեր ունե՞ք, մասնավորապես վառելիքաքսուքային նյութերի պահեստի զոհերի ընտանիքների վերաբերյալ, որովհետեւ այդ մարդիկ կորցրել են իրենց կերակրողներին, շատերը կորցրել են իրենց միակ կերակրողին եւ որեւէ աջակցություն կառավարությունից չեն ստանում»,- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Արսեն Թորոսյանն ասաց. «ԼՂ պայթյունից զոհված մեր հայրենակիցների ընտանիքներին տրվել է աջակցություն, նույնիսկ կարող եմ թվերը ասել՝ ընդհանուր 251 անձի 251 մլն դրամի չափով։ Դա եղել է բավականին առաջ, այսինքն՝ նոր բան չէ եւ տեղի է ունեցել ոչ այնքան ուղիղ ճանապարհով, այլ համագործակցելով նաեւ բանկերի հետ եւ Ղարաբաղում եղած դրամական միջոցներն են ուղղվել։ Այսինքն՝ իրենց հաշիվներին եղած դրամական միջոցներն են ուղղվել այդ քաղաքացիներին աջակցություն տրամադրելուն։ Դրանից զատ էլ նաեւ առանձին աջակցություն է տրամադրվել նաեւ զոհված զինծառայողներին»։
Արթուր Խաչատրյանն ասաց․ «Այո, ես գիտեմ, որ այդ 1 մլն դրամը՝ գերեզմանի փողը տրամադրվել է, աղբյուրն էլ գիտեմ, դուք էլ ասացիք՝ դա Ղարաբաղի կառավարության գումարն է, որը սառեցված է, իրենք գոնե ծախսելու հնարավորություն չունեն։ Բայց Կառավարության որոշումը նաեւ կարգավիճակ է ենթադրում, որ մարդիկ կարգավիճակ ունենան հավասար այն նույն կարգավիճակին, որը եղել է 2020 թվականի պատերազմում քաղաքացիական զոհերի դեպքում։ Կա Վերաքննիչ դատարանի որոշում, որը հստակ գրել է, որ այդ մարդիկ դժբախտ պատահարի զոհ չեն, նրանք պատերազմական գործողությունների հետեւանքի զոհ են։ Դրա համար ես առաջարկում եմ գալիք բյուջեում այս հատվածն օգտագործել եւ մի բան այդ ուղղությամբ ներառել»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Արսեն Թորոսյանն ասաց, որ իրենք էլ են համարում, որ դա պարզապես դժբախտ պատահար չէր, եւ այլ հավասար պայմաններում պայթյունը պարզապես տեղի չէր ունենա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































