Որպէս ամենահայաստանամերձ համայնք, (յատկապէս դարերից ի վեր իսլամադաւան իրանական երկրի քաղաքացիներ), իրանահայերս առանձնայատուկ վերաբերմունք ենք ցուցաբերել հայրենի երկրի նկատմամբ։
Անհամեստութեան չվերագրել, բայց յաճախ է պատահել, որ նոյնինքն մեր հայրենաբնակ ժողովրդի զաւակներն են բարձրաձայնել իրանահայի խորն, աւանդական ու անկեղծ հայրենասիրութեան մասին…։
Դա, ինչ խօսք, վկայաբերւած է նաեւ ու մանաւանդ պատմական բազմաթիւ փաստերով ու մինչեւիսկ հերոսական դրւագներով, որոնք իրականացւել են հէնց մեր խնդրոյ առարկայ մերձաւոր համայնքում ու գլխաւորաբար նոյն հերոսական դրւագների օրրան՝ Ատրպատականում, գերազանցապէս՝ յանուն հայրենեաց…։
Որպէս պատմական անառարկելի դրւագ, տեղին է յիշատակել 1917 թւականի Ուրմիայի հայութեան հերոսամարտը՝ ընդդէմ Իրանի հիւսիս եւ հայկական շրջաններ ներխուժած թուրքական բանակի, որի արդիւնքում էլ՝ նոյն բանակի աջ թեւը, Ալի Իհսան փաշայի հրամանատարութեամբ, ամիսներ շարունակ դոփեց տեղում եւ հնարաւորութիւն չունեցաւ միանալու Սարդարապատում տեղակայւած թուրքական բանակի միւս թեւերին։ Եւ արդիւնքում՝ մեր հայրենի երկրում գրանցւեցին 1918թ. Մայիսեան փառապանծ յաղթանակները։
Կարդացեք նաև
Աւելին. դեռ մինչ այդ, հայ կամաւորականները նոյն Ատրպատականում Զօր. Նազարբէգեանի ու Անդրանիկի հրամանատարութեամբ՝ Դիլմանի հերոսամարտի շնորհիւ, Վանի յաղթական ազատագրումն են երաշխաւորել։
Հետագային, սակայն, նոյն Անդրանիկների եւ Գարեգին Նժդեհների սխրագործութիւնների արդիւնքում, հայաբնակ Արցախն ու հայրենի Սիւնիքն մնացին հէնց որպէս հայկական, նոյնիսկ Խորհրդային Հայաստանի համակարգում, ընդհուպ՝ մինչեւ արցախեան նորագոյն ազատամարտ՝ յանուն լիարժէք անկախութեան։
Այո, նախորդող՝ 20-րդ դարասկզբին ու դարավերջին Հայաստանն ու հայութիւնն պատւով պսակեցին Պանթուրքիզմի դէմ անհաւասար պայքարում նւաճած յաղթանակը։
Այսօր, սակայն, պատմութեան կրկնութեան «օրինաչափութիւնն» 100 տարի անց, դարձեալ յուշում է ու վկայում նոյն Պանթուրքիզմի ու դեռ նէո-օսմանիզմի ինչպէս հակահայ, այնպէս էլ՝ հակա-Իրան նկրտումների մասին։
Ցաւօք՝ դրա աշխարհագրաքաղաքական նորագոյն դրսեւորման ցայտուն ցուցանիշն հանդիսացաւ 2020-ի արցախեան ձախորդ պատերազմը՝ ինչպէս Հայաստանի, այնպէս էլ՝ հարեւան Իրանի համար, ռազմական ու քաղաքական տեսանկիւններից։
Վերջինս եւս, ինչպէս հէնց իրանցի փորձագէտներն են մեկնաբանում, ստրատեգիական սխալ հաշւարկների վնաս է կրել, երբ մերթ ընդ մերթ (յատկապէս երբ երկրում իշխանութեան է եղել «բարեկարգչական» կառավարութիւն), համարել են, որ Արցախն ադրբեջանական տարածք է ու պէտք է վերադարձւի վերջնիս…!
Իսկ սրա արդիւնքն, նոյն փորձագէտների խոստովանութեամբ, եղաւ միեւնոյն ադրբեջանա-թուրքական դաշինքի առաւել լկտի պահւածքը՝ թէ’ հայկական , եւ թէ’ իրանական առնչութիւններում, կապւած, առաւել եւս երկու հարեւան երկրների (Իրան-Հայաստան) անվտանգային հիմնախնդիրների հետ։
Արդէն պարզորոշ է, որ «Զանգեզուրի միջանցք» կոչւածը «Թրամփի ուղի»-ով փոխարինելը, ոչ միայն չի նսեմացնում Պանթուրանական հեռահար նպատակների իրական հանգամանքը, այլ եւ դեռ աւելիով բարդացնում- ուժեղացնում է անվտանգային սպառնալիքները, երբ նկատում ենք, որ նմանատիպ միջանցքի ենթատեքստում շահառու կողմերն են՝ ինչպէս ՆԱՏՕ-ն, այնպէս էլ՝ Իսրայէլը, որպէս անմիջական թշնամի երկիր՝ Իրանի Իսլ. Հանրապետութեան։
Ահաւասիկ, Արցախի ինչպէս ռազմավարական, այնպէս էլ՝ աշխարհագրա-քաղաքական բացառիկ նշանակութիւնը, որն ցաւ ի սիրտ, չընկալւեց ինչպէս ՀՀ-ի հայրենադաւ ու պարտւողական իշխանութիւնների, այնպէս էլ՝ արցախեան հիմնահարցի կրօնական երեւոյթն առաջնահերթ դասող իրանական դիւանագիտական որոշակի շրջանակների կողմից։
* * *
Այսօր, ահա, մենք որպէս հինաւուրց համայնք, դարձեալ խոր մտահոգութիւններով ենք հետամուտ՝ ինչպէս մեր սիրելի Իրանի, այնպէս էլ՝ հայրենի երկիր Հայաստանի ապագայով։
Համաշխարհային ու տարածաշրջանային սպառնալիքներն բազմապիսի են եւ օժտւած՝ ներուժ ու ներգործուն վտանգներով…։
Այս ամենով հանդերձ, լիայոյս լինենք, որ նոյն աշխարհա-քաղաքական փոփոխակի զարգացումների ընթացքը ուրւագծւի այնպիսի բարենպաստ դրոյթներով, որոնցով էլ շահեկան հեռանկար կապահովւի հինաւուրց ու բարեկամ երկիր-ժողովուրդներ՝ Իրանի եւ Հայաստանի թէ՛ ներքին, եւ թէ՛ արտաքին ասպարէզներում…։
Դերենիկ Մելիքյան


















































