Tert.am. Երբ երեկոյան Կարենը տուն է վերադառնում, ընտանիքի անդամներին հավաքում է սեղանի շուրջ և կիսվում իր բացահայտումներով։ Ասում է՝ ուղևորներն են իր բացահայտումները, որոնց հետ զրույցները թեթևացնում են անգամ ծանր օրերը։
Բայց Կարենը տիրապետում է նաև լռելու արվեստին։
«Երբեմն մարդիկ նստում են մեքենա՝ առանց խոսելու ցանկության։ Ես չեմ փորձում զրույցի բռնվել։ Բայց եթե զրույց է սկսվում, հաճույքով եմ լսում ու շարունակում։ Շատ հաճախ ճանապարհին լավ մարդկանց եմ բացահայտում: Օրդ լավ է շարունակվում, երբ դրական մարդկանց ես հանդիպում»,- ասում է վարորդ Կարեն Մարգարյանը, ով համագործակցում է Yandex Go-ի հետ:
Նախկինում Կարենն աշխատում էր մեծ թռչնաֆաբրիկայում ու ավտոմասերի խանութում։ Մի օր, սակայն, ընկերներից մեկն առաջարկում է աշխատանքից հետո տաքսի վարել, ինչը և դառնում է վճռորոշ նրա աշխատանքային ճանապարհի համար։ Ուղևորափոխադրումը նրան դուր է գալիս, և կարճ ժամանակ անց Կարենը որոշում է թողնել աշխատանքն ու պատվերներ կատարել Yandex Go-ի միջոցով՝ այն դիտարկելով որպես եկամտի հիմնական աղբյուր։
Կարդացեք նաև
28-ամյա Կարենի աշխատանքն սկսվում է վաղ առավոտյան, երբ քաղաքը նոր է արթնանում։ Ինքն է այդպես ցանկանում․ սիրում է վարել, երբ փողոցները դատարկ են, քաղաքը՝ խաղաղ։
Ասում է՝ վայելում է իր գործը, որովհետև աշխատանքի բնույթը չի հակասում բնավորությանը։
«Ամենաշատը գնահատում եմ ազատ գրաֆիկը։ Ես եմ որոշում՝ երբ դուրս գամ, երբ հանգստանամ։ Կարճ ասած՝ ես եմ իմ տնօրենը»,- ասում է Կարենը՝ ավելացնելով, որ կայունության ու ազատության զգացումը ոչ մի բանի հետ չի փոխի։
Կարենի հիմնական զբաղմունքն ու եկամտի գլխավոր աղբյուրն այսօր տաքսին է։ Yandex Go-ի միջոցով պատվերներ կատարելով՝ լիարժեք հոգում է կնոջ ու երկու որդիների կարիքները։
«Գումարի բավարար լինելը հարաբերական բան է․ եթե խելացի ես պլանավորում և սիրում ես գործդ, ամեն ինչ հավասարակշռվում է»,- ասում է նա։
Կարենը Yandex Go-ի հետ համագործակցությունն սկսել է Start սակագնից, հասել՝ Electro-ի ու Business-ի։ Այժմ աշխատանքի է դուրս գալիս իր անձնական մեքենայով՝ 2025 թվականի էլեկտրական Hongqi-ով։
«Վարորդական աշխատանքով կարողացել էի բավական գումար տնտեսել։ Լիզինգով էլ որոշակի գումար ստացա ու կարողացա վերջին սերնդի էլեկտրամոբիլ ձեռք բերել»,- պատմում է Կարենը՝ միաժամանակ զննելով մեքենայի սրահը:
Ամեն ուղևորից հետո նա խնամքով շտկում է գորգիկները, համոզվում, որ մեքենան մաքուր է ու կոկիկ։ Նշում է՝ այս աշխատանքը մանրուքների հանդեպ ուշադրություն է սիրում: Բծախնդիր է նաև երաժշտության հարցում․ ուղևորի սրտով պետք է լինի մեղեդու ընտրությունը։
«Այս աշխատանքը նաև բնավորություն է հղկում։ Ղեկին լինելը մարդուն սովորեցնում է հանդուրժող, պատասխանատու և կարգապահ լինել»,- խոսքն ամփոփում է Կարենը և հավելվածում հաստատում հաջորդ պատվերը։




















































