Լրահոս
Օրվա լրահոսը

Մտահոգիչ են հանրային սահմանափակ ռեսուրսների օգտագործման ապօրինի չարաշահումները պետական և տեղական իշխանություն ունեցող կուսակցության՝ ՔՊ-ի օգտին. «Անկախ դիտորդ»

Հոկտեմբեր 30,2025 20:33

Վաղարշապատ համայնքում քարոզչության ժամանակահատվածի դիտարկման ընթացքում Անկախ դիտորդ դաշինքը ահազանգեր է ստանում որոշ կուսակցություններից և դաշինքներից իրենց քարոզչական պաստառների համակարգված վնասման վերաբերյալ։ Նման ահազանգեր տարածվել են նաև ԶԼՄ-ներով։

Առանձին բնակավայրերում իրականացրած մշտադիտարկումը ցույց է տալիս, որ  քարոզչական պաստառների  վնասման դեպքերը տարածված բնույթ ունեն,  կրում են շարունակական բնույթ, և վնասվում են միաժամանակ մի քանի կուսակցությունների քարոզչանյութերը։

Քարոզչական պաստառների պատռելը, պոկելը, դրանց վրա գրառումներ կատարելը կամ որևէ այլ եղանակով վնասելը արգելվում է Ընտրական օրենսգրքի (ԸՕ) 21-րդ հոդվածի 7-րդ մասով։ Նման արարքի համար պատասխանատվություն է նախատեսվում նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (ՎԻՎՕ) 40․11 հոդվածի երկրորդ պարբերությամբ, որի համաձայն պաստառների համար առանձնացված տեղերում տեղադրված քարոզչական պաստառը դիտավորյալ պոկելը, պատռելը, դրանց վրա գրառումներ կատարելը կամ այլ կերպ վնասելը` առաջացնում են տուգանքի նշանակում` 50-150 հազար դրամի չափով:

Դիտարկման արդյունքները ցույց են տալիս նաև, որ քարոզչական պաստառների փակցման համար հատկացված անվճար վահանակների մակերեսները բավարար չեն՝ բոլոր  թեկնածու ութ քաղաքական ուժերի պաստառների տեղադրման համար։ Հավասար հնարավորություն ապահովող վահանակների տրամադրումը նախատեսված է ԸՕ 21-րդ հոդվածի 3-րդ և 3․1 մասերով և համայնքի ղեկավարի սեփական լիազորություն հանդիսացող պարտավորությունն է։

Համաձայն ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40․18 հոդվածի 3-րդ մասի սահմանված պահանջների խախտմամբ վահանակների տրամադրումը  նույնպես առաջացնում է տուգանքի նշանակում՝ 100-150 հազար դրամ։

Միավորված  համայնքներում չնախատեսված վայրերում փակցվող (երբեմն անվտանգության և ողջամտության կանոնների անտեսմամբ կախվող) պաստառների տարածվածությունը հանդիսանում է ՎԻՎՕ 40․19 հոդվածով սահմանված չնախատեսված վայրում կամ կանոնների խախտմամբ քարոզչական պաստառների փակցնելը, որը կարող է հանգեցնել ֆիզիկական անձի դեպքում 200-300 հազար դրամ, իսկ կուսակցության / դաշինքի պաշտոնատար անձի դեպքում 300-500 հազար դրամ տուգանքի։

Խախտումներով կամ չնախատեսված վայրում փակցված պաստառի չհանելը, իր հերթին նույնպես նախատեսում է նույն սահմանաչափերով տուգանք ֆիզիկական և կուսակցությունների պաշտոնատար անձանց համար։

Մտահոգող է նաև Մայր Հայաստան կուսակցության այն ահազանգը, որ ընտրողների հետ հանդիպումների համար նախատեսված, մարզպետարանի կողմից նախատեսված դահլիճները չեն տրամադրվում կուսակցությանը և համապատասխան դիմումները մերժվում են՝ միևնույն ժամանակ տրամադրվելով Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրողների հետ հանդիպումների համար։ Նման հանդիպումների համար դահլիճների տրամադրումը ԸՕ 19-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով երաշխավորված պետության պարտավորություն է։

Վերոշարադրյալը հաշվի առնելով, կարևորելով քաղաքական փոխզսպման սկզբունքը, ՀՀ օրենսդրությամբ կուսակցություններին վերապահվող կարևոր դերը և կոչ ենք անում Վաղարշապատ համայնքի ավագանու թեկնածուներին, իրենց առաջադրած կուսակցություններին արձանագրել իրենց իրավունքների խախտման, մրցակից ուժերի կողմից օրինազանցության բոլոր դեպքերը ոչ միայն հայտարարությունների մակարդակում, այլև իրավական մեխանիզմները գործարկելով։ Հանրային իշխանությանը հավակնող պատասխանատու քաղաքական ուժերն են, որ պետք է շահագրգռված լինեն սեփական շահերը պաշտպանել օրենսդրությամբ ընձեռնված բոլոր միջոցներով։

Միաժամանակ, մտահոգիչ են հանրային սահմանափակ ռեսուրսների (պաստառների փակցման օրենքով նախատեսված վայրեր, դահլիճներ և այլն) օգտագործման ապօրինի չարաշահումները պետական և տեղական իշխանություն ունեցող կուսակցության՝ Քաղաքացիական պայմանագրի օգտին:

 

«Անկախ դիտորդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031