Լրահոս
Օրվա լրահոսը

Սարիկ Մինասյանը հայտնել էր, որ 2012-2022 ժամանակահատվածում կատարված ստորագրության նմուշ պարունակող փաստաթուղթ իր մոտ չի պահպանվել

Հոկտեմբեր 30,2025 23:38

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից «Առավոտը» ստացել է հոկտեմբերի 16-ի որոշումը՝ «Փորձաքննության կատարման ընթացքն ապահովելու մասին»։

Գործն առնչվում է Սարիկ Մինասյանն ընդդեմ Արտյոմ Ղուկասյանի գործին, որում որպես երրորդ անձ է ներգրավված «Առավոտ Օրաթերթ» Սահմանափակ պատասխանատվության ընկերությունը։

Սարիկ Մինասյանը պահանջում է պատասխանողին՝ «զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքել»։

Դատարանը նշանակել էր դատաձեռագրաբանական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել էր ՀՀ արդարադատության նախարարության «ՀՀ Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը։

Նշենք, որ դատարանը սեպտեմբերի 29-ի որոշմամբ բավարարել էր փորձագետ Հ.Հարությունյանի փորձաքննությունն ապահովելու մասին միջնորդությունը, այն է՝ փորձաքննության անցկացման ընթացքը ապահովելու նպատակով ի թիվս այլ գործողությունների, որոշել էր հայցվորին՝ Սարիկ Մինասյանին որոշումը ստանալուց հետո, հինգօրյա ժամկետում, դատարան ներկայացնել իր ստորագրության, ձեռագրի, մասնավորապես, անուն-ազգանունը պարունակող գրառումով, ազատ նմուշները, աշխատանքային գործունեության ընթացքում կատարված տարաբնույթ փաստաթղթերում, դիմումներում…

Սարիկ Մինասյանը հոկտեմբերի 6-ին դիմում է ներկայացրել մարզի դատարան, հայտնել, որ «2012-2022 ժամանակահատվածում կատարված ստորագրության նմուշ պարունակող փաստաթուղթ իր մոտ չի պահպանվել»:

Պատասխանողը նորից միջնորդությամբ դիմել է դատարանին, խնդրելով, որպեսզի Ս.Մինասյանի ստորագրության եւ ձեռագրի ազատ նմուշները պահանջվի Գյումրու համայնքապետարանից, Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնից եւ ՀՀ Ազգային ժողովից՝ պատճառաբանությամբ, որ ըստ ԱԺ եւ Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք էջերում, ինչպես նաեւ այլ աղբյուրներում հրապարակված Ս.Մինասյանի տվյալների, վերջինս 2013-2017թթ. աշխատել է Գյումրու համայնքապետարանում, ապա ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության հարցերի նախարարության տարածքային բաժնում, ապա ընտվել է ՀՀ ԱԺ պատգամավոր…

Սարիկ Մինասյանը գրավոր առարկություն էր ուղարկել դատարան՝ Ա.Ղուկասյանի միջնորդության դեմ, պատճառաբանելով, որ «նման դատավարական գործողություննեդրի կատարումը գործի վարույթը կասեցնելուց հետո մինչեւ դրա վերսկսումը արգելվում է»։

Դատարանը արձանագրել էր, որ պահանջը բխել է փորձագետի կողմից, այդ հիմնավորմամբ էր վերջինս դիմել դատարան, դատարանը դրա համար էլ բավարարել էր փորձագետի միջնորդությունը։

Դատավոր Հայկ Մաղաքյանի հոկտեմբերի 16-ի որոշմամբ յոթնօրյա ժամկետ է տրվել հետազոտելի փաստաթղթերի կատարման համար, որպեսզի դատարան ներկայացվի դրանց առկայության դեպքում բնօրինակները, դրանց բացակայության դեպքում առաջնային պատճենները, որը կընդգրկի 2012-2022 ժամանակահատվածը։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.10.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031