Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես Հայաստանում չեմ տեսնում մի իրավական փաստաթուղթ, որն անձին սահմանափակում է ունենալ անձնական կյանք». «Իրավունքի եւ ազատության կենտրոն» հ/կ նախագահ

Հոկտեմբեր 31,2025 13:30

Բոլոր հարցերի պատասխանը վաղուց տրված է ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածով. կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից, իսկ Հայ առաքելական եկեղեցին հանդիսանում է կրոնական կազմակերպություն։

«Առավոտ» օրաթերթի հետ զրույցում այս մասին ասաց «Իրավունքի եւ ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Արեն Նահապետյանը։ Նա 20 տարեկան է։ Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո որոշեց շարունակել մի քանի տարի առաջ սկսած հասարակական գործունեությունը։

Անդրադառնալով նախորդ շաբաթ Հայաստանյայց եկեղեցու հոգեւորականին վերագրվող խիստ անձնական կադրերի հանրայնացմանը՝ «Իրավունքի եւ ազատության կենտրոնը» դատապարտող հայտարարություն էր տարածել՝ մասնավորաբար նշելով. «Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է, եւ նրա բարձրագույն օրենքը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն է, ոչ թե Եկեղեցու ներքին կանոնակարգը»։

Նահապետյանի հետ զրուցելիս «Առավոտի» թղթակիցը նկատեց, որ մեր շատ համաքաղաքացիների համար վարչապետի, նախարարների, ՔՊ պատգամավորների եւ մնացյալ իշխանականների կողմից Հայաստանյայց եկեղեցու ներքին կանոնակարգին հղումներ ներառող պնդումները համոզիչ են թվում։ Խնդրեցինք բացատրել՝ ինչո՞ւ պետությունը ներկայացնող անձը չի կարող պնդումներ կատարել՝ հենվելով եկեղեցական կանոնակարգի վրա։

Նահապետյանը իրավական բացատրություն տրամադրեց։ Հայաստանի Սահմանադրության 17-րդ հոդվածում ասվում է.

«1. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը:

2.Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից»։

Խնդրեցինք մեկնաբանել վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցող քաղաքացիների շրջանում տարածված «Գարեգին Բ-ն պետք է նստի, որովհետեւ երեխա ունի» անփաստարկ նախադասությունը։

«Այդ նախադասությունն աբսուրդային է։ Եթե այս հարցին պատասխանեմ որպես անձ, որը զբաղվում է, հետաքրքրվում է իրավունքով, ես Հայաստանում չեմ տեսնում մի իրավական փաստաթուղթ, որն անձին սահմանափակում է ունենալ անձնական կյանք, ունենալ երեխաներ»,- ասաց Նահապետյանն, ավելացրեց՝ որեւէ կազմակերպության ներքին կանոններն անկարեւոր են, եթե դրանք չեն հակասում Սահմանադրությանն ու օրենքներին։

Նա շարունակեց. «Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը՝ որպես քաղաքացի, Հայաստանի Սահմանադրությամբ սահմանափակված չէ անձնական կյանք ունենալ։ Թե ինչ սահմանափակումներ է իր առջեւ դրել իր կրոնական կազմակերպությունը, թո’ղ դրա գնահատականը տա իր կրոնական կազմակերպությունը»։

Միեւնույն ժամանակ, Նահապետյանը նշեց, որ Եկեղեցին նույնպես «խառնվում է պետության գործերին», եւ դա «նույնպես խնդրահարույց է»։ Նրա խոսքով՝ թե՛ պետության միջամտությունը եկեղեցական գործերին, թե՛ Եկեղեցու միջամտությունը պետական գործերին «խիստ անթույլատրելի է, որովհետեւ տեղի է ունենում Սահմանադրության կոպտագույն խախտում»։

Ընդ որում, մեր զրուցակիցը հավասարապես անընդունելի է որակում Եկեղեցու ներկայացուցիչների կողմից իշխանության թե՛ քննադատությունը, թե՛ խրախուսումը։

«Ամենախնդրահարույց հարցը, որ ունեցել ենք այս ընթացքում, եղել է «Սրբազան պայքարը»։ Մեզ համար մեծ խնդիր է այն հանգամանքը, որ Եկեղեցու բարձրաստիճան հոգեւորական գլխավորել է քաղաքական շարժում, եւ մեկ այլ հոգեւորական այդ շարժման աջակիցների կողմից առաջադրվել է վարչապետի թեկնածու»,-ասաց Նահապետյանը՝ հավելելով, որ հոգեւոր սպասավորների՝ ակտիվ քաղաքականությամբ զբաղվելը տեղի է ունենում Եկեղեցու ղեկավարության «թողտվությամբ», քանի որ Մայր Աթոռից «չեն պատժում» նման գործունեություն վարող հոգեւորականներին։

Հասարակական կազմակերպության ղեկավարը արձագանքեց նաեւ հնարավոր հակափաստարկին, ըստ որի՝ եթե Եկեղեցու սպասավորը քաղաքացի է եւ կարող է անձնական կյանք ունենալ, ապա նա կարող է նաեւ քաղաքական կարծիք արտահայտել եւ մասնակցել քաղաքական գործընթացների։

«Այդ հակադարձումը տեղին է եւ կոռեկտ։ Սակայն, պետք է հաշվի առնել, որ երբ եկեղեցականը՝ եկեղեցական հանդերձանքով, մեծ խաչով, օրինակ՝ Տեր Պողոս ներկայացող, արտահայտում է քաղաքական կարծիք, բնականաբար վեղարով այդ անձը բնակչության կողմից ընկալվելու է որպես Եկեղեցու ներկայացուցիչ։ Եթե նա ընկալվում է որպես Եկեղեցու ներկայացուցիչ, իր հայտնած կարծիքն ընկալվում է որպես Եկեղեցու հայտնած կարծիք»,- ասաց Նահապետյանը։

Նա շարունակեց. «Նույն տրամաբանությամբ, մենք համաձայն չենք այն հանգամանքին, որ պետության ներկայացուցիչները՝ որպես նախարարներ, վարչապետ, պատգամավորներ, հայտնում են իրենց կարծիքը Եկեղեցու նկատմամբ, որովհետեւ նույն տրամաբանությամբ այդ անձինք եւս ընկալվում են որպես պետության ներկայացուցիչ, եւ որքան էլ ուզեն ազնիվ քրիստոնյա լինել, նրանք ընկալվում են որպես պետական պաշտոնյաներ»։

Նահապետյանի գնահատմամբ՝ պետությունը եւ Եկեղեցին պետք է երկխոսեն, իսկ խնդրին լուծում կարող է տալ ժողովուրդը։ Իրավական մեխանիզմների գործադրումը, միջազգային կառույցների միջամտությունն այնքան էական չէ, որքան ժողովրդի գնահատականը։

«Այս ամբողջ գործընթացի գնահատականը կարող է տալ միայն ժողովուրդը՝ թե՛ ընտրություններին իրենց ձայնը տալով այն քաղաքական ուժերին, որոնք չեն խախտում Հայաստանի Սահմանադրությունը եւ մարդու իրավունքները, թե՛ նաեւ պետության գործերին խառնվել, միջամտել փորձող եւ ակտիվ քաղաքական գործընթաց ապահովող եկեղեցականների եւ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների նկատմամբ վերաբերմունքով։ Որքան էլ մենք՝ հասարակական կազմակերպություններս, ուզենք հաղորդումներ տալ քննչական մարմիններ, դիմենք միջազգային կազմակերպությունների, դեսպանների, այս հարցը չի կարող լուծում ստանալ, եթե ձուկը գլխից նեխած չլինի»։

Ինչո՞ւ։ «Որովհետեւ ես շատ քիչ վստահություն ունեմ, որ քննչական մարմինը կամ ուժային կառույցները կսկսեն ճնշել պետության եւ իշխանության ներկայացուցիչներին՝ իրենց հակաօրինական կեցվածքի համար»,- ասաց «Իրավունքի եւ ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Արեն Նահապետյանը։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.10.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031