Այս տարի ԱՄՆ սպառողները Հելոուինի (Halloween) վրա կծախսեն ռեկորդային՝ 13.1 միլիարդ դոլար։ Այսպիսի կանխատեսում է արել Միացյալ Նահանգների Ազգային մանրածախ առեւտրի ֆեդերացիան (National Retail Federation)։

Երբեմնի կրոնական եւ հեթանոսական այս տոնը, որը մեր օրեր է հասել հին Կելտերից՝ իռլանդացիներից, շոտլանդացիներից եւ նշանավորում էր բերքահավաքի ավարտը եւ նոր տարվա, այսինքն՝ մութ, ցուրտ ձմեռվա սկիզբը, ԱՄՆ-ում դարձել է զվարճալի, սոցիալական եւ որ ամենակարեւորն է՝ կոմերցիոն տոն։ Այն Սուրբ Ծննդից հետո մանրածախ առեւտրի համար ԱՄՆ-ում ամենամեծ տոներից մեկն է՝ զգեստների, քաղցրավենիքի եւ զարդարանքների վրա ծախսվող միլիարդավոր դոլարների շնորհիվ։

Հին կելտական ժողովուրդները հավատում էին, որ հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերը մահացածների հոգիները կարող են այցելել կենդանիների աշխարհ։ Ըստ ավանդության, մարդիկ խարույկներ էին վառում եւ զգեստներ էին հագնում, հաճախ կենդանիների մորթուց՝ չար ոգիներին քշելու կամ նրանցից քողարկվելու համար։ Սակայն Միացյալ Նահանգներ ներթափանցելով, Հելոուինը, կարծես թե, կորցրել է բուն նշանակությունը եւ ամերիկացիների համար դարձել բիզնես-պրոյեկտ՝ «փաթեթավորվելով» նորովի։

Եթե Կելտերը Հելոուինի օրը չար ոգիներին էին քշում, ապա ամերիկացիները, կարելի է ասել, անդրշիրիմյան կյանքն իր բոլոր ատրիբուտներով վերադարձնում են։ Տոնն այնքան մեծ տնտեսական իրադարձություն է, որ մեկ ամիս շարունակ մարդիկ ամենուր՝ խանութներում, բակերում, տներում, պետական եւ մասնավոր հիմնարկներում ամենասարսափելի տեսարանների են ականատես լինում․ հոշոտված եւ արնաթաթախ կենդանիների մումիաների, գերեզմանից դուրս եկած մի աչքանի մեռելների, մի քանի մետրանոց կմախքների, սարսափազդու սարդերի, արնաթաթախ վամպիրների, տան բակերում գերեզմանաքարերի ու դագաղների։
Անգամ ամենահայտնի կոնֆետ արտադրող ընկերություններն են հատուկ Հելոուինի համար նոր կոլեկցիա թողարկում՝ դագաղների տուփերով։

Ազգային մանրածախ առեւտրի ֆեդերացիայի հաշվարկներով, միջին հաշվով, ԱՄՆ յուրաքանչյուր բնակիչ այս տարի Հելոունի համար կծախսի մոտ 114.45 դոլար։ Այս ծախսերը ներառում են զգեստներ, զարդարանքներ, քաղցրավենիք, շնորհավորական բացիկներ։ Համեմատության համար նշենք, որ նախորդ տարիներին սպառողների ծախսերը եղել են՝ 2024 թվականին՝ 11.6 միլիարդ, իսկ 2023 թվականին՝ 12.2 միլիարդ դոլար։
Հելոուինից ԱՄՆ պետական բյուջեի ստացած ուղղակի օգուտը հիմնականում գալիս է հարկերից։ Քանի որ Հելոուինը ծախսերի շատ մեծ ծավալ ունեցող տոն է, հետեւաբար այն զգալի հարկային եկամուտ է բերում։
Ֆեդերացիայի տվյալներով, այդ 13.1 միլիարդ դոլարից ԱՄՆ նահանգների եւ տեղական բյուջե կմտնի 786 միլիոն դոլար վաճառքի հարկ։ Դաշնային բյուջեն էլ եկամտահարկի տեսքով օգուտներ կստանա, քանի որ Հելոուինի մեծ ծախսերը մանրածախ վաճառողների եւ կոնֆետ արտադրողների համար ավելի մեծ շահույթ կապահովեն։ Այդ շահույթներից բիզնեսները ԱՄՆ-ում վճարում են կորպորատիվ հարկեր, իսկ աշխատողները՝ ներառյալ սեզոնային աշխատողները՝ ֆիզիկական անձանց եկամտահարկ:
Նշենք, որ Հելոուինը ստեղծում է բազմաթիվ սեզոնային աշխատատեղեր՝ հատկապես մանրածախ առեւտրի եւ հյուրընկալության ոլորտներում։ Այս տոնը իսկական «տոն» է հրուշակագործների եւ գյուղատնտեսների համար, քանի որ դդումի ֆերմերների եւ քաղցրավենիքի արդյունաբերության համար Հելոուինը տարվա ամենամեծ վաճառքի շրջաններից մեկն է։

Միացյալ Նահանգների Գյուղատնտեսության դեպարտամենտի (USDA) տվյալներով, ամերիկացիները Հելոուինի համար ամեն տարի գնում են մոտ 1,3 միլիարդ ֆունտ դդում։ Կիլոգրամներով այս թիվը կկազմի մոտավորապես 590 միլիոն կիլոգրամ։
Նշենք, որ Հելոուինի ապրանքների՝ հատկապես զգեստների եւ զարդարանքների զգալի մասը հիմնականում ներկրվում է Չինաստանից։ Ներմուծվող ապրանքների համար նախատեսված մաքսատուրքերը ուղղակիորեն լցնում են Դաշնային բյուջեն։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































 
                        


 
                                     
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                
 
                                    
                                    
                                   