Լրահոս
Օրվա լրահոսը

Թող հիշողությունը թարմացնի, յանի էս ի՞նչ ցուցմունք է. Ազատի կացարանի հրդեհի դեպքով զոհված զինվորի հայրը բարկացավ

Հոկտեմբեր 31,2025 14:22 Share

Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի ու դրա հետեւանքով 15 զինվորի մահվան դեպքով դատարանն այսօր հարցաքննեց գործով վկա, Ազատի կացարանում բռնկված հրդեհից եզակի փրկված զինծառայողներից Ռադիկ Մաթեւոսյանի ընկերուհուն՝ Լիլիթ Վարդանյանին: Նա դատարան էր բերվել հարկադրաբար եւ նիստերի դահլիճում հայտնեց, որ չի ցանկանում ցուցմունք տալ: Սակայն, ի վերջո կցկտուր ցուցմունք տվեց:

Նա ասաց՝ շատ բան չի հիշում, ճշգրիտ տվյալներ հայտնել է իր նախաքննական ցուցմունքում ու քանի որ տեւական ժամանակ է անցել դեպքից՝ կդժվարանա ճշգրիտ պատասխանել դատավարական կողմերի հարցերին:

Դեպքից առաջ վկան տեսազանգով խոսել է Ռադիկի հետ, որը նշված զորամասի ծառայողներից էր, խոսել են անձնական բնույթի հարցերից: Մնացած բոլոր հարցերին վկան պատասխանեց՝ չի հիշում:

Հրապարակվեց նրա նախաքննական ցուցմունքը, որտեղ վկան պատմել էր, որ Ռադիկի հետ տեսազանգը անջատվել է կտրուկ ու Ռադիկի կողմից առանց որեւէ բան ասելու: Իրեն թվացել է՝ կապն է խափանվել, մի քանի անգամ հետ է զանգել, բայց Ռադիկը չի պատասխանել:

Նախաքննական ցուցմունքում վկան նաեւ պատմել էր, որ ողջ գիշերը չի կարողացել կապվել Ռադիկի հետ: Առավոտյան բազմիցս զանգել է նրան, սակայն նրա հեռախոսահամարն արդեն անհասանելի էր, համացանցից է տեղեկացել՝ կացարանը վառվել է:

Դեպքից հետո օրեր անց կեսօրին խոսել է Ռադիկի եղբոր՝ Ռաֆիկ Մաթևոսյանի հետ, տեղեկացել Ռադիկի առողջական վիճակի մասին: Իսկ դեպքի, կատարվածի մասին Ռադիկին երբեւէ հարցեր չի տվել, քանի որ վերջինս նմանատիպ հարցերին մշտապես պատասխանում էր՝ չի ուզում հիշել, խոսել կատարվածի մասին, քանի որ իրեն շատ վատ է զգում, երբ հիշում է դեպքը, ընկերների մահը:

Զոհված զինծառայողներից մեկի հայրը զայրացավ վկայի կեցվածքից, բա թե հարկադրաբար եկել է դատարան ու ինչ հարց տալիս են, պատասխանում է չգիտեմ, չեմ հիշում. «Յանի էս ինչ ցուցմունք է: Կապի մեջ է եղել մի մարդու հետ, որը շատ լուրջ տեղեկատվություն կարող է իրեն տված լինի: Ինքը՝ չեմ հիշում, չեմ հիշում: Նորից պահանջելու եմ, որ իրեն դատարանում հարցաքննեն, թող հիշողությունը թարմացնի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031