Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ ասացին, որ ժամանակ չունենք դա ապացուցելու»․ դատախազությունում այսպես են արձագանքել Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի գործով պատասխանողի հայտարարությանը

Հոկտեմբեր 31,2025 16:49

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, Կարապետ Բադալյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի եւ նրա ընտանիքի անդամների ենթադրյալ ապօրինի գույքի գործով դատական նիստը։

Իջևանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը եւ նրա որդին՝ Նաիրի Ներսիսյանը ձերբակալվել էին հոկտեմբերի 17-ին՝ փողերի լվացման եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։ Վարուժան Ներսիսյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան, սակայն դատարանն այն չի բավարարել։ Վարուժան Ներսիսյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։

Այսօր դատարան էր ներկայացել «Այգեվազ» ՍՊԸ-ի սեփականատեր Սուսաննա Չաբուխյանը։ Նա հայտարարեց՝ ՍՊԸ-ի միակ սեփականատերն ինքն է, ենթադրյալ այլ սեփականատերեր կամ փոխկապակցված անձինք չկան։ ՍՊԸ-ի գործունեությունն, ի դեպ, կասեցված է եւ չի վերականգնվել։ ՍՊԸ-ն տաքսի ծառայություններ է մատուցել։

Հարցն այն է, որ «Իջեւան ՍՊԸ-ն», որի սեփականատերը Վարուժան Ներսիսյանի որդին է՝ Նաիրի Ներսիսյանը, դատախազությունը փոխկապակցել է «Այգեվազ» ՍՊԸ-ի հետ՝ իրական շահառուների դրվագով եւ «Այգեվազ» ՍՊԸ-ի իրական սեփականատեր ներկայացրել Վարուժան Ներսիսյանին։ Հիմքն այն էր, որ վիճելի ժամանակահատվածում Ներսիսյանների ընտանիքը գնել է մի քանի մեքենա եւ քանի որ տան մյուս անդամները վարորդական իրավունքներ չունեին ու չէին կարող դրանք շահագործել, ենթադրվում է, որ բիզնես նպատակներով են օգտագործվել։

Դատարանին ներկայացվեց «Իջեւան ՍՊԸ»-ի գործունեությանը տրամադրված լիցենզիան, որտեղ երեւում է, որ ՍՊԸ-ի գործունեության համար անհրաժեշտ ավտոմեքենաները վարձակալվել են, մի մասն էլ ձեռք են բերվել վարկային միջոցների ներգրավմամբ։

 

Իր՝ «Այգեվազ» ՍՊԸ-ի միակ սեփականատեր լինելու մասին Սուսաննա Չաբուխյանը նաեւ դատախազությունում է հայտարարել։ «Ինձ ասացին, որ ժամանակ չունենք դա ապացուցելու։ Ասացին՝ դատարանում դուք կապացուցեք»,- հայտարարեց նա։ Դատախազ Արեւիկ Ավոյանը պարզաբանեց՝ Սուսաննա Չաբուխյանը դատախազություն է ներկայացել ծանուցումն ուղարկելուց մեկ ամիս հինգ օր անց եւ մեկ օր առաջ այն բանից, երբ դատախազությունը հայցադիմում պետք է ներկայացներ դատարան։ Ըստ նրա, ժամկետների հարց էր առաջանում, այդ պատճառով տիկին Չաբուխյանից համապատասխան փաստաթղթեր չեն պահանջել՝ ակնկալելով, որ դրանք դատարանում կներկայացվեն։

Պաշտպանական կողմը դատարանին ներկայացրեց նաեւ որոշ փաստաթղթեր, այդ թվում՝ նաեւ արխիվային տեղեկանք՝ 1986 թվականից Վարուժան Ներսիսյանի աշխատանքային գործունեությանը վերաբերող։ Ներկայացվեց նաեւ տեղեկանք՝ 1999-ի հունիս ամսից մինչեւ 2006 թվականի ավարտը՝ աշխատավարձի չափով, որը հնարավորություն կտա հստակ հաշվարկ ներկայացնել այն ժամանակահատվածի համար, որի մասով դատախազության ներկայացուցիչը հայտարարել էր, որ տվյալներ չունեն եւ ենթադրյալ-մոտավոր հաշվարկներ են իրականացրել։

«ՆՆՎ ՍՊԸ»-ի մասով էլ, որի բռնագանձման պահանջ է ներկայացրել դատախազությունը, պաշտպանական կողմի ներկայացրած փաստաթղթերի համաձայն, ընկերությունը հարկային հաշվառման է վերցվել 2022 թվականի մարտի 23-ի ժամը՝ 14․34 -ին, նույն օրը՝ մեկ ժամ անց՝ 15,30-ին կասեցվել է ընկերության գործունեությունը եւ երբեք չի վերականգնվել։

Արամ Օրբելյանը միջնորդեց՝ հետաձգել նիստը, քանի որ, իր համոզմամբ, ներկայացված փաստաթղթերը հիմք են, որպեսզի դատախազությունը վերանայի իր հայցապահանջը, ինչով պայմանավորված էլ պատասխանողի շատ հարցադրումներ կարող են վերանալ։ Դատախազն ասաց՝ հայցի հիմքը վերանայելու մասով ոչինչ ասել չի կարող, քանի որ փաստաթղթերը նոր են ներկայացվել, պետք է ուսումնասիրել եւ հասկանալ դրանց հնարավոր ազդեցությունը։ Բայց առարկեց նիստը հետաձգելուն։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031