«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը «Հայելի» ակումբում խոսել է Մայիսյան Եռատոնի եւ մեզնից խլված հաղթանակների մասին։ «Դրանք ժամանակի մեջ նվաճումներ են եղել։ Մենք կարողացել ենք ազգովի միավորվել եւ մեր պայծառ խավի ներկայացուցիչների շնորհիվ, չեմ կարող չտալ Կոմանդոսի՝ Արկադի Տեր-Թադեւոսյանի եւ նրա թիմի անունը, Շուշին վերադարձնել։ Այսօր չի կարելի ընկալել, որ վերջ, մենք Շուշին կորցրեցինք։ Այս վարչակազմը, որն այսօր, այսպես ասած, իշխանության ղեկին է, նրա ձեռքում չէ Հայաստանի եւ հայերի ճակատագրի լուծումը։ Պետք է շատ պարզ պատկերացնել, որ ցանկացած ժողովուրդ, պետություն ունենում են տարբեր պահեր՝ հաղթանակներ, այսպիսի վիճակներ, որի մեջ հայտնվել է այսօր Հայաստանը եւ ընդհանրապես հայերը։
Այն, ինչ տեղի է ունեցել 2020 թվականին եւ դրանից երկու տարի առաջ ու շարունակվում է մինչ այսօր, մեր պատմության այն գորշ էջերից է, որը մենք պետք է կարողանանք շրջել եւ անցնել առաջ, հասնել նոր նվաճումների եւ մարդկության, քաղաքակրթության մեջ մեր տեղը վերագտնել։ Այս իրավիճակը ճիշտ այն պահն է, երբ որ մոբիլիզացումը, հոգու զարթոնքը, հոգեւոր արժեքների վերապրելը դրան պետք է կոչի։ Եվ կարեւոր չէ, թե ակցիաներին, հանրահավաքներին քանի հոգի է մասնակցում։ Կարեւորը, որ նրանք հոգի են՝ ի տարբերություն ԱԺ այն մարմինների, որոնք իշխանական թեւն են կազմում։ Այնտեղ հոգի չկա, այնտեղ մարմիններ են։
Այս օրերը, մտածված պայմանավորված բոլոր գործողությունները, որով ներկա վարչակազմը պարզապես սպասարկում է թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը, ինչպես նաեւ միջազգային, համաշխարհային ամենապղտոր գլոբալիստական կենտրոնների քմահաճույքները, հայոց պատմության ամենագորշ էջերից են»,-ասաց Լարիսա Ալավերդյանը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ձախողումների համար բոլորին մեղադրելու քաղաքականությանը, Լարիսա Ալավերդյանն ասաց. «Հայտնի ասացվածք կա, որ գողն է միշտ գոչում, թե բռնեք գողին։ Իմ արժանապատվությունից ցածր եմ համարում մեկնաբանել անմեղսունակություն պարունակող բոլոր այդ հայտարարությունները։ Այդ էակի հայտարարությունները որեւէ աղերս չունեն իրական վիճակի հետ;
Կարդացեք նաև
Ես այլեւս չեմ ասում, թե ինքը ինչ է մտածում եւ ինչ է ասում։ Նա չպիտի էլ մտածի։ Նա, նախ եւ առաջ փորձում է շարունակ վիրավորել եւ ցավ պատճառել հայությանը, հայ ազգին եւ կոնկրետ խավերին։ Դա իր ընթացիկ նպատակներից մեկն է։ Ինքն ուզում է, որ բոլորն անընդհատ ցավ ապրեն, ամեն անգամ հոգեբանական սթրեսի մեջ ընկնեն։ Ամեն մի այդպիսի արտահայտություն պետք է միայն ավելացնի գնահատականը, որ այս խումբը չի եկել իրականացնելու ազգային շահերը եւ նպատակները։ Կա՞ հիմա մարդ, որը կասկածում է, թե ինչի համար է եկել այդ թիմը։
Նա չունի որեւէ սրբություն, որին չի կարող կպնել։ Նա չունի սրբություն։ Եվ այս առումով, թե իր եւ թե իր թիմի բացահայտված պատկերը մեզ պետք է միայն ու միայն ուժեղացնի։ Այնինչ մեթոդը, որ իրականացվում է նրա կողմից, միտված է անընդհատ հոգեբանական սթրեսի մեջ գցելով տապալել ժողովրդի եւ նրա ունակ մասի հոգեբանական վիճակը»,-ասաց տիկին Ալավերդյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































 
                         
          
          
                                    
 
                                    
                                    
                                   