Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է կատարվել Շիրակի մարզպետի խորհրդականի մասնակցությամբ․ որոշ մանրամասներ

Հոկտեմբեր 31,2025 17:11

Երեկվանից մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի խորհրդական Գոռ Սարոյանի ու նրա սանիկի՝ Արտյոմ Հովհաննիսյանի, որն աշխատում է քրեական ոստիկանությունում, մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել․ նրանք ոչ սթափ վիճակում ծեծի են ենթարկել պարեկային ծառայողներից մեկին։

Լուսանկարում՝ ձախից՝ Արտյոմ Հովհաննիսյանն է, աջից՝ խորհրդական Գոռ Սարոյանը

ՆԳՆ-ից հաստատել են, որ ոստիկանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն, այնուհետ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Գլխավոր դատախազություն։

Մեր տեղեկություններով, Գոռ Սարոյանի սանիկին անմիջապես ազատել են աշխատանքից։

Թե ինչ է տեղի ունեցել, մեզ որոշակի տեղեկատվություն հայտնեցին ոստիկանության մեր աղբյուրները․ բանն այն է, որ դեպքը տեղի է ունեցել Գյումրու ոստիկանության «Կումայրի» բաժնի շենքում, որտեղ տեղակայված է պարեկային ծառայությունը։

Ըստ մեզ աղբյուրների, միջադեպը տեղի է ունեցել գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում․ պարեկին ծեծի ենթարկելու պատճառը եղել է այն, որ նա մոտ 10 օր առաջ խախտում կատարելու համար կանգնեցրել է «Ջիփ» մակնիշի ավտոմեքենան, որը պատկանել է Գոռ Սարոյանի աներոջը, և որի ղեկին եղել է նրա անչափահաս երեխան։ Գոռ Սարոյանը ևս գտնվել է այդ մեքենայում, պարեկը այն տեղափոխել է մեքենաների հատուկ պահպանվող տարածք։

Գոռ Սարոյանը իր ոստիկան սանիկի՝ Արտյոմ Հովհաննիսյանի հետ, ըստ նույն աղբյուրների, օրեր անց ոչ սթափ վիճակում գնացել է ոստիկանության Կումայրի բաժնի շենքի առանձին մասնաճյուղում տեղակայված պարեկային ծառայություն ու հաշիվ պահանջել պարեկից։

Ոստիկանության շենքում տեղակայված տեսախցիկները ֆիքսել են կատարվածը, որն էլ պատճառ է դարձել Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին աշխատանքից անմիջապես հեռացնելու Շիրակի մարզպետի խորհրդականի ոստիկան սանիկին։

Ըստ մեր աղբյուրների, պարեկը մարմնական վնասվածքներ է ստացել, սա ևս հիմք է հանդիսացել, որ քրեական ոստիկանին ոչ միայն աշխատանքից ազատեն, այլ նրա արարքի համար դիմեն Գլխավոր դատախազություն։

Արտյոմ Հովհաննիսյանի վարած «Նիվա» մակնիշի մեքենան, որը պետական է, ոստիկանության հաշվեկշռում է, տեղափոխվել է մեքենաների հատուկ պահման վայր։

Այս թեմայի շուրջ մենք փորձեցինք պարզաբանում ստանալ Գոռ Սարոյանից, նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, այդուհանդերձ փորձելու ենք լսել նրան։

Իսկ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, թե երեկ ինքը կառավարության նիստի է եղել, Գյումրիում չի եղել, տեղեկություն չունի՝ ինչ է տեղի ունեցել, մամուլի գրառումներից է տեղեկացել։ Ըստ Դավիթ Առուշանյանի, կգա Գյումրի, կպարզի ու կհասկանա՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է այդքան մեծ աղմուկ բարձրացել։

Հիշեցնենք, որ Գոռ Սարոյանը 2017 թվականին աշխատում էր ոստիկանական համակարգում, որի ընթացում աչքի էր ընկել մի տհաճ միջադեպով․ ոչ սթափ վիճակում ցանկացել էր ֆայտոն նստել, վիճաբանություն էր սկսել գյումրեցի հայտնի ֆայտոնչի Գրիշի թոռի՝ դարբին Սամվելի հետ, այնուհետ սկսել էր ծեծել նրան։ Այս դեպքից ժամեր անց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նրան հեռացրել էր համակարգից;

Թավշյա հեղափոխությունից հետո էլ նա Գյումրու քաղաքապետարանում զբաղեցրեց ինքնակամ շինությունների և հողի վերահսկողության բաժնի պետի պաշտոնը։ Սկսեց պաշտոնավարել՝ որպես ՔՊ-ական․ ՔՊ-ի ու «Բալասանյան դաշինքի» ստորագրած հուշագրով քաղաքապետարանում կիսել էին պաշտոնները։ Այստեղ ևս իր մոտ մտած քաղաքացիներից մեկի հետ հայտնվել էր մի տհաճ պատմության մեջ։ Իհարկե, նա այդ ժամանակ Aravot.am-ին ներկայացրել էր նաև իր հիմնավորումները։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031