«Վշտի մեջ գտնվող ծնողին խփելը ո՞րն է։ Հինգ տարի է մեր երեխեքից խաբար չունենք։ Հինգ ժամ ձեր երեխուց տեղեկություն չունենաք՝ ամեն ինչ կանեք։ Հինգ տարի է մեր երեխեքից տեղեկություն չունենք ու որ իմանում ենք, որ որոշ մարդիկ ունեցել են ու չեն ասել․․․»,- դատարանում, իր խոսքում հայտարարեց 44 օրյա պատերազմում անհայտ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը։ Նա պնդեց՝ խնդրո առարկա միջադեպի օրը, ՊՆ շենքի մոտ, զոհվածի ծնողին թիկունքից խփել են, ինքը տեսել է անձամբ եւ կարող է ապացուցել։
Երևանի քրեական դատարանում դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ մեկնարկել է 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանի եւ անհայտ կորած զինծառայողների հարազատներից Ափիջան Սարգսյանի գործով դատական նիստը։ Դատարանն այսօր քննում էր Արսեն Ղուկասյանի կալանքի հարցը եւ բավարարեց պաշտպանների միջնորդությունը՝ խափանման միջոցը փոխելու մասին․ Արսեն Ղուկասյանը տնային կալանք կկրի։ Նա լուրջ առողջական խնդիրներ ունի։ Արսեն Ղուկասյանը կալանավորվել էր հոկտեմբերի 7-ին, մեկ ամսով, պաշտոնական անձի օրինական ծառայական պարտականություններին իբրեւ վտանգ ներկայացնելու համար։ Կալանքի կրման ընթացքում նրա առողջական վիճակը մի քանի անգամ վատթարացել է։
Արսեն Ղուկասյանը դատարանում մանրամասներ պատմեց սեպտեմբերի 27-ին, ՊՆ շենքի մոտ տեղի ունեցած միջադեպից՝ ասելով, որ հերթական անգամ գնացել էր ԳՇ պետ Էդուարդ Ասրյանին, պաշտպանության նախարարի խորհրդական Կամո Վարդանյանին եւ ռազմական հետախուզության պետ Մարտիկյանի հետ հանդիպման, քանի որ նրանց հարցեր են ունեցել ուղղված։ Պնդեց՝ իրենց հարցերի պատասխաններից շատ բան կարող էր փոխվել անհայտ կորած զինծառայողների եւ նրանց ծնողների ճակատագրում։
Բանակցություններից հետո, երկու գնդապետեր նրանց տեղեկացրել են, որ երկուշաբթի օրը հանդիպումները կկայանան, քանի որ այդ օրը շաբաթ է, ոչ աշխատանքային։ Ըստ պայմանավորվածության, երկուշաբթի օրը, ժամը 12-ին ծնողները նորից հավաքվել են ՊՆ-ի մոտ։ Մի քանի ժամ անց իրենց տեղեկացրել են, որ փոխնախարար Արման Սարգսյանն իրենց կընդունի։
Կարդացեք նաև
Ծնողները հրաժարվել են, քանի որ նրա հետ քանիցս են խոսել այդ հարցով, քանի որ իրենց հարցերը նրան ուղղված չէին։ Արսեն Ղուկասյանը պնդեց, որ այդ ժամանակ ՊՆ աշխատակիցներն արհամարհական վերաբերմունք են սկսել դրսեւորել ծնողների նկատմամբ, ինչին նրանք արժանի չեն եւ ինչն անթույլատրելի է։ Ուստի, ծնողները որոշել են փակել ՊՆ-ի դռները։ Մոտենում են ռազմական ոստիկանության աշխատակիցները, քաշքշոց է սկսվում։
Նա պնդեց՝ ռազմական ոստիկանության պետի տեղակալ Ումրշատյանն իր վրա անգամ մատ է թափ տվել եւ սպառնացել՝ ասելով․ «Էս ամբողջը դու ես կազմակերպել, քո հալը հլը կտեսնես»։ Ինքն էլ հակադարձել է՝ չփորձեն իր հետ սպառնալիքներով խոսել, ոչ գումար է խնդրում, ոչ էլ այլ բան, իր երեխայի մասին տեղեկություն է ուզում, քանի որ ՊՆ-ն է նրան զորակոչել։
«Ունեցել ենք տվյալ, որ Ռազմական ոստիկանության պետը՝ Մարտիկյանը, պատերազմից հետո ռուսական ԳՌՈՒ-ից ստացել է 273 տղու վերաբերյալ ցուցակ՝ ով որ ճամբարում է ադրբեջանական։ Բա որ ունեի տվյալ, հարգարժան դատարան, չգայի՞ հարցնեի՝ պարոն Մարտիկյան, որ ունեիր ցուցակ, ինչի՞ չես բարձրաձայնել»,- վրդովվեց Արսեն Ղուկասյանը։
Դատախազը առարկել էր պաշտպանների միջնորդությանը՝ ասելով, որ Արսեն Ղուկասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի իրավաչափության հիմքերը շարունակում են պահպանվել, Արսեն Ղուկասյանի գործողությունները ուղղված են եղել իրավապահ մարմինների ուղղությամբ, ուստի անձի հանրային վտանգավորությունն ու նոր հանցանք կատարելու ռիսկը մեծ է։ Դատախազը միջնորդել էր կալանքի ժամկետը երկարաձգել 3 ամսով։
Նիստի ավարտից հետո Արսեն Ղուկասյանն իր դժգոհությունը հայտնեց տնային կալանքի մասով, բայց իր համար դա ավելի նախընտրելի է։
«Առողջականս ոչինչ, դիմադրելի է։ Այն, որ ՔԿՀ հետ չեմ գնալու՝ արդեն ինձ հույս է տալիս, որ լավ կլինի»,- ասաց նա՝ հավելելով, որ ազնիվ լինելու համար պետք է ասի՝ «Նուբարաշեն» ՔԿՀ աշխատակազմի եւ դատապարտյալների կողմից վերաբերմունքը իրեն գոհացրել-ապշեցրել է․ «Եթե մարդկություն կա, երեւի այդ շենքի ներսում է մնացել, շենքի պատերից դուրս մարդկությունը ոնց որ վերացել է»։
Լրագրողներից մեկի հարցին, թե միջադեպի օրը մեքենայի միջից ինչո՞ւ վերցրեց ձեռնափայտը, նա ասաց, որ այն մշտապես իր մեքենայում է լինում եւ երբ տեսել է, որ ծնողներից մի քանի անգամ քանակապես շատ ՌՈ աշխատակիցները ծնողներին «ֆուտբոլի գնդակի նման էս կողմ-էն կողմ էին տանում եւ խփում են» վերցրել է ձեռնափայտը․ «Նոր էլ, որ դատարան մտա, վերցրեցի ձեռնափայտը եւ սենց արեցի (ցույց է տալիս վերեւ բարձրացնելը-Ն․ Գ․)․ հիմա ի՞նչ սպառնում եմ»։
Նա նաեւ ասաց, որ առաջին անգամը չէ, որ ՊՆ շենքի մոտ անհայտ կորածների ծնողների նկատմամբ բռնություն է կիրառվում, բայց իրենք լռել են, այնինչ նման դեպքերը կարծես սովորական են դառնում․ «Պատկերացնում եք՝ 8-10 ծնող ենք եղել, ռազմականից 9 տուժող։ Կամ մենք ենք Տորք Անգեղը։ Ոչ մեկին ոչ խփել եմ, ոչ կպել եմ։ Հայհոյանք եմ հնչեցրել։ Էլի եմ հնչեցնում։ Դատարանի դահլիճում էլ ասացի՝ ով կարող է զոհվածի ծնողի վրա ձեռք բարձրացնել, խփել, ինձ համար համ թուրք է, համ էլ՝ անբարոյականի զավակ։ Ով էլ հետս համաձայն չի, ինքն էլ է անբարոյականի զավակ»։
Արսեն Ղուկասյանը հայտարարեց, որ անկախ իր կարգավիճակից, իրենց պայքարը շարունակվելու է, իրենց չեն կարողանալու լռեցնել։ Նա նաեւ փաստեց, որ որեւէ գերատեսչության հետ երբեք խնդիր չեն ունենում, բացի ՊՆ-ից, թե ինչո՞ւ՝ վստահ է, որ մի օր իրականությունը կիմանանք բոլորս։
Պաշտպան Տաթեւիկ Սողոյանն էլ հավելեց, որ խնդիր է եղել նաեւ դատաբժշկական փորձաքննությունների հետ կապված։
Ըստ մեղադրական եզրակացության. «Արսեն Միրզայի Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2025 թվականի սեպտեմբերի 29-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Բագրևանդի 5 հասցեում գտնվող, հասարակական վայր հանդիսացող ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրի տարածքի հսկիչ անցագրային 3-րդ կետի դիմաց, Ապիջան Հմայակի Սարգսյանի և քրեական վարույթով դեռևս ինքնությունները չպարզված անձանց հետ, խմբի կազմում, գիտակցելով և փոխլրացնելով միմյանց գործողությունները ՀՀ պաշտպանության նախարարության հսկիչ անցագրային կետում ծառայություն իրականացնող անձանց նկատմամբ ցուցաբերել են անհարգալից վերաբերմունք, ինչպես նաև բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերել իրավական և բարոյական նորմերի նկատմամբ, որը դրսևորվել է տևական ժամանակ՝ շուրջ 1 ժամ 30 րոպե, աղմկելով և հայհոյանքներ հնչեցնելով, վարչական համալիրի տարածքում ծառայություն իրականացնող անձանց և ՀՀ ՊՆ աշխատակիցների անդորրը խախտելով, խուլիգանական գործողությունները դադարեցնելու և իրենց աշխատանքը չխոչընդոտելու վերաբերյալ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելով, վարչական համալիրի տարածքից որևէ անձի դուրս գալ ցանկանալու դեպքում վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելու իրենց պատրաստակամության վերաբերյալ կոչերով, որպիսի գործողություններով խոչընդոտել են ՀՀ ՊՆ հսկիչ անցագրային կետում ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց բնականոն աշխատանքը:
Բացի այդ, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողների հասցեին հնչեցրել են բռնություն գործադրելու սպառնալիքներ, որը արտահայտվել է նաև Արսեն Ղուկասյանի կողմից մահակի նմանվող առարկան ռազմական ոստիկանության ծառայողների ուղղությամբ ցուցադրաբար թափահարելով, իսկ Ապիջան Սարգսյանի կողմից՝ իր ձեռքում գտնվող ջրով պլաստմասե շիշը նրանց ուղղությամբ նետելով»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































