Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմում ընդամենը 10-11 հազար բնակիչ ունեցող Քաշաթաղի շրջանից 2 և ավելի հազար կամավորական, ժամկետային, աշխարհազորային և պահեստազորային մասնակից եղան

Հոկտեմբեր 31,2025 18:39

Լաւ մշակ, լաւագոյն մարտիկ, այդպիսին եղիր դու:

Գարեգին Նժդեհ

Բերձորում շատերս էինք ճանաչում միմյանց, ու հարազատություն կար բոլորի նկատմամբ։ Այլ էին նաև մեր երեխաները, պատանիները, երիտասարդները։ Շատ եմ անդրադարձել նրանց կերպարին՝ համարելով աշխարհի լավագույնները։ Այդ լավագույների մեջ էր նաև Հունանը՝ համեստ, բարի, մշտաժպիտ, հայրենասեր։ Մարատ և Ծաղիկ Խանամիրյանները Քաշաթաղի շրջանի առաջին բնակիչներից են։ Վայքի Ռինդ գյուղից Բերձոր էին եկել 1994-ին՝ 1988թ․ ծնված Հունան որդու հետ։ Համեստ ու աշխատասեր այս ընտանիքում էլ հասակ առավ Հունանը։

1996 թ․ սեպտեմբերին Բերձորում բացվեց երկրորդ հանրակրթական դպրոցը, որը կոչվեց Վահան Զատիկյանի անունով։ Նույն ժամանակ թիվ 2 միջնակարգ դպրոցի առաջին դասարան ընդունվեց նաև Հունանը։ Նրա առաջին ուսուցչուհին՝ տիկին Գայանե Բադալյան-Մեջլումյանն իր սանի մասին գրում է․ «Երբ բացվեց 2-րդ դպրոցը, ես նշանակվեցի դասվար։ Հունանին մայրը բերեց իմ դասարան՝ ասելով, որ ես 7 երեխայի մայր եմ և երեխաների հոգեբանությունը լավ կիմանամ, ու իր տղային վստահեց ինձ։ Հունանը շատ ամաչկոտ երեխա էր ու լռակյաց։ Սակայն որոշ ժամանակ անց նրա մեջ ես հայտնաբերեցի մեծագույն դրական հատկանիշներ, որոնք ոչ բոլոր երեխաներն ունեին։ Նա շատ-շատ բարի էր ու ընկերասեր։ Մեր դասարանի նշանաբանն էր` «Բոլորս մեկի համար, մեկս` բոլորի»։ Եվ Հունանը դարձավ այդ կարգախոսի պարտաճանաչ հետևորդը»։

«Ինչ պետք է դառնամ՝ ավարտելով դպրոցը» ազատ թեմայով հարցին Հունանը պատասխանել էր․ «Դառնալու եմ դատավորի վարորդ, որ տիկին Գայանեին մեքենայով տանեմ դպրոց»։ Նաև ստախոս չէր, ասում է տիկին Գայանեն։ Եվ, որպեսզի որևէ զանցանք կատարած ընկերոջը չմատներ, չի խոսել, պարզապես լռել է։

2006թ․ ավարտեց ուսումը՝ ստանալով միջնակարգ կրթություն։ Նույն թվականին էլ զորակոչվեց Հայոց բանակ։

Այդ ժամանակ քաշաթաղցի նորակոչիկները հիմնականում ծառայում էին շրջանում ձևավորված սահմանապահ զորքերում։ Կատարելով զինվորական պարտքը հայրենիքի հանդեպ՝ տուն եկավ․ սկզբում աշխատում էր շրջանային ոստիկանության բաժնի պահակազորային բաժանմունքում, այնուհետև՝ Քաշաթաղի շրջվարչակազմում՝ որպես վարորդ։ Շատ եմ նրա վարած մեքենայով եղել շրջանի տարբեր վայրերում։ Ճանապարհի լավ ընկեր էր ու լավ վարորդ։

Հիշում եմ՝ 2017թ․ փետրվարի 12-ին Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ, երջանկահիշատակ Արտուշ Մխիթարյանի և աշխատակազմի վերաբնակեցման վարչության աշխատակից Հակոբ Սյամյանի հետ գնում էինք հյուսիսային համայնքներ՝ համայնքապետերի հաշվետվություններին ներկա լինելու։ Հունանն էր վարում մեքենան։ Առատ ձյուն էր տեղացել, անտառապատ ճանապարհները ձյունածածկ էին, իսկ ամբողջովին սպիտակ ծառերն ու բլուրները, ձորերը հրաշալի տեսարաններ էին։ Հմտորեն էր վարում մեքենան Հունանը՝ վստահ։ Ու մի պահ մեր առջև ելան 4 եղնիկ՝ իրենց մուգ գույնով հրաշալի տեսարան ստեղծելով սպիտակ ֆոնին։ Մանկան պես ուրախացավ Հունանը, արգելակեց մեքենան, որ լուսանկարեի, սակայն չհասցրեցի։

Լուսանկարվեցինք տանձենու մոտ, որն ամբողջովին սպիտակ էր՝ պատված ձյան շերտով։

2008թ․ Արցախյան մեծ հարսանիքի ժամանակ էլ ամուսնացել է։ Տիկին Գայանեն այս առթիվ նշում է․ «Անձնական կյանքն այնքան էլ լավ չդասավորվեց․ չգիտեմ ինչն էր պատճառը։ Սիրում էր իր քաղաքը՝ Բերձորը, հարգանքով էր բոլորի հանդեպ։ Կարծում եմ՝ բոլոր բերձորցիներն էին սիրում Հունանին»։

2016 թ․ ապրիլյան պատերազմի առաջին կամավորականներից էր նաև Հունանը․ միասին Մատաղիսում էինք։ Այդ օրերին հազարից ավելի կամավորականներ մեկնեցին առաջնագիծ։ Քաշաթաղի շրջանից մոտ 100 հոգի մի ջոկատում էին, պաշտպանում էին Թալիշի դիրքերը։ Չնայած դժվարություններին, մշտական վտանգին՝ անկոտրում էին քաշաթաղցիները։

Այդ օրերին եղել եմ առաջնագծի տարբեր մասերում, հանդիպել շատ քաշաթաղցիների։ Լուսանկարներն եմ նայում, և մեծ ցավով հիշում եմ Հունանին, Սարոյին, Գոռին, Հայկին, Հովիկին, Մանվելին, Վրեժին, Արմենին, Աշոտին, Մոնթեին, Հովհաննեսին, Սուրենին, Արմանին, Վահագնին․․․, որոնք մարտիրոսվեցին 2020թ․ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին։

2016-ին քաշաթաղցի շատ կամավորականներ, չնայած հրադադարին, մնացին առաջնագծում մինչև հունիսի վերջերը և տուն եկան։ Տուն եկավ նաև Հունանը և շարունակեց իր աշխատանքը։ Բայց հայը մշտապես է ստիպված եղել ոտքի ելնել պաշտպանելու հայրենի տունը։ 2020թ․ սեպտեմբերի 28-ին Հունանն էլ կամավոր ճակատ մեկնեց։ Մոտ մեկ ամիս ընկերների հետ մարտնչում էր Արցախի Մարտունու տարածքում։ Հոկտեմբերի 26-ին տվեց վերջին մարտը։ Նույն օրը զոհվեցին նաև նրա 3 մարտական ընկերները Քաշաթաղի շրջանից՝ Սարոն, Նարեկը և Մանվելը։

Նույն ջոկատի տղաները պատմում էին՝ ինչքան բարի էր Հունանը, այնքան էլ խիզախ էր, ոգեշնչող ու թիկունք իրենց։ 2020թ․ սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմում ընդամենը 10-11 հազար բնակիչ ունեցող Քաշաթաղի շրջանից 2 և ավելի հազար կամավորական, ժամկետային, աշխարհազորային և պահեստազորային մասնակից եղան։ 75 հոգի դարձավ Հավերժի ճամփորդ, կան անհայտ կորածներ։ Լուսե բանակի շարքը համալրեց նաև մեր Հունանը։

Հուղարկավորված է Վայոց Ձոր մարզի Ռինդ գյուղի Եղբայրական գերեզմանում։ 2025 թ․ հուլիսի 25-ին, վախճանվեց Հունանի հայրը՝ Մարատը՝ որդու ցավը սրտում։

 

 Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031