Ինչպե՞ս խոսել բարդ հարցերի մասին խաղաղ լեզվով, ինչպե՞ս հաղթահարել կոնֆլիկտները՝ առանց դառնալու թշնամիներ։ Այս և խաղաղարարությանն առնչվող հաղորդակցման մի շարք թեմաների են անդրադարձել Գավառ համայնքի կրթամշակութային և քաղաքացիական հասարակության կառույցների ավելի քան 30 աշխատակիցներ։

«Ռեստարտ Գավառ» երիտասարդական ՀԿ-ն անցկացրել է կարողությունների զարգացման երկօրյա միջոցառում՝ Հանրային լրագրության ակումբի հետ համագործակցությամբ։ Միջոցառման շրջանակում մասնակիցներն անցել են նաև հուզական բանականության, կոնֆլիկտների կառավարման և ոչ բռնի հաղորդակցության հմտությունների դասընթաց։
Ծրագիրը միտված է եղել խթանելու խաղաղության մշակույթը, նպաստելու հասարակական համերաշխության, մեդիա պատասխանատվության և կառուցողական հաղորդակցության արժեքների ձևավորումը։
Միջոցառման առաջին օրը «Սահմանաբնակ երիտասարդների ներուժի բացահայտում» ՀԿ-ի ներկայացուցիչ, իրավաբան և հաղորդակցության մասնագետ Գոհար Հովհաննիսյանը, որը մասնակցել է ՀԼԱ-ի՝ ոչ բռնի հաղորդակցության կարողությունների զարգացման մի շարք դասընթացների, ներկայացրել է իր փորձը` անդրադառնալով ոչ բռնի հաղորդակցության գաղափարի կարևորությանը, դրա տարրերին՝ դիտարկում, զգացողություն, կարիք, խնդրանք՝ գործնական օրինակների հիման վրա։ Դասընթացի նպատակն է եղել ճանաչել սեփական և այլոց զգացմունքներն ու կարիքները, կառուցել «անվտանգ» միջավայր՝ կիրառելով ոչ բռնի հաղորդակցության մեթոդները, ինչպես նաև վերափոխել կոնֆլիկտը՝ դարձնելով այն համագործակցության հնարավորության։
«ՀԼԱ-ի վերապատրաստումների ընթացքում ես խորացրել եմ ոչ բռնի հաղորդակցության հմտություններս՝ զարգացնելով գիտակցված, կարեկցող և արդյունավետ երկխոսություն կառուցելու կարողությունը։ Այս մոտեցումն օգնում է մեղմել կոնֆլիկտները թե աշխատանքային, թե համայնքային միջավայրում։ Սովորածս փոխանցել եմ մյուսներին՝ ցույց տալով, թե ինչպես փոխել զրույցի տոնը մեղադրանքից դեպի կարիքների ու զգացմունքների հստակ ձևակերպում՝ խթանելով փոխադարձ ըմբռնումը։ Դասընթացների ընթացքում վերլուծել ենք իրական իրավիճակներ և կիրառել գործնական վարժություններ՝ անցնելով ոչ բռնի հաղորդակցության բոլոր փուլերով՝ զգացմունքների ճանաչումից մինչև հստակ խնդրանքների ձևակերպում»,- նշել է Գոհար Հովհաննիսյանը։
Երկրորդ օրը ծրագրի շրջանակում կազմակերպվել է «Տնից տուն» վավերագրական ֆիլմի դիտում, որը ներկայացրել է ֆիլմի հեղինակ և Հանրային լրագրության ակումբի ղեկավար Սեդա Մուրադյանը։ Ֆիլմն արտացոլում է խաղաղարարության փոխըմբռնման գաղափարները։ Ֆիլմը պատմում է 1989-ին՝ ղարաբաղյան պատերազմից առաջ ստեղծված լարված իրավիճակում, Ադրբեջանից Հայաստան տեղափոխված հայերի, և Հայաստանից Ադրբեջան տեղափոխված ադրբեջանցիների մասին, որոնք փոխանակել են իրենց գյուղերն ու խոստացել չքանդել գյուղերում թողած գերեզմանները. Այն դիտելուց հետո տեղի է ունեցել բովանդակալից քննարկում։
Հանդիպման երկրորդ հատվածում ելույթ է ունեցել Երևանի մամուլի ակումբի ծրագրերի ղեկավար, լրագրող և մեդիա փորձագետ Հակոբ Կարապետյանը։ Վերջին տարիներին նրա աշխատանքը կենտրոնացած է Հայաստանում որակյալ մեդիայի զարգացման, փաստերի ստուգման մեխանիզմների, մեդիա էթիկայի չափանիշների և խաղաղությանն ուղղված հաղորդակցության մշակույթի վրա։ Նա անդրադարձել է խաղաղարարական նախաձեռնությունների կարևորությանը, քաղաքացիական երկխոսության արդյունավետ մոտեցումներին։
Հակոբ Կարապետյանը ներկայացրել է «Քաղաքացիական (Track 2) դիվանագիտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև․ պատմական ակնարկ եվ ապագա հեռանկարներ» թեմայով հետազոտության արդյունքները, որն իրականացվել է հարցազրույցների և հրապարակային նյութերի ուսումնասիրման, ինչպես նաև Երևանի մամուլի ակումբի փորձագետների տրամադրած տեղեկատվության ամփոփման և վերլուծության միջոցով:
Անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական Track2-ի ամենաարդյունավետ և խոստումնալից ոլորտներին՝ ըստ հարցվածների պատասխանների, ինչպես նաև ինչ խոչընդոտներ են առկա՝ քաղաքական լարվածություն, ազգայնական տրամադրություններ, քաղաքացիական հասարակության սահմանափակումներ և խաղաղարարության իմիտացիա։ Ներկայացվել են նաև հետազոտության արդյունքում վեր հանված առաջարկություններ, որոնք ուղղված են քաղաքացիական դիվանագիտության վերաիմաստավորմանը, մասնակցային հարթակների ընդլայնմանը, քննադատական մտածողության և միջազգային համագործակցության խթանմանը, և այլն։
Հանդիպումն ավարտվել է հարցուպատասխանով և ամփոփիչ քննարկմամբ, որի ընթացքում մասնակիցները բարձր են գնահատել նախաձեռնության կարևորությունը և ընդգծել դրա կիրառական նշանակությունը համայնքային աշխատանքի մեջ։
Մասնակցիները նշել են, որ նմանատիպ հանդիպումներն օգնում են հասկանալ, որ խաղաղությունը սկսվում է ամենօրյա հաղորդակցությունից՝ թե ընտանիքում, թե աշխատավայրում։ Նրանց դիտարկմամբ՝ ֆիլմի դիտումն ու քննարկումը հնարավորություն են տվել գիտակցելու, որ խաղաղությունը միայն գաղափար չէ, այլ գործընթաց, որում յուրաքանչյուրը կարող է իր ներդրումն ունենալ։
«Ռեստարտ Գավառ» երիտասարդական ՀԿ-ի նախագահ Նարեկ Արևշատյանի խոսքով՝ նմանատիպ ձևաչափով հանդիպումներն ու քննարկումները ոչ միայն զարգացնում են մասնակիցների հաղորդակցական և հուզական հմտությունները, այլև նպաստում են կայուն և խաղաղ հաղորդակցության ձևավորմանը՝ ինչպես միջանձնային, այնպես էլ միջհամայնքային մակարդակներում։
«Խաղաղության մշակույթը սկսվում է լսելու, հասկանալու և վստահության հիման վրա կառուցված երկխոսությունից։ Երբ մարդիկ սովորում են չվախենալ խոսելուց, բայց նաև լսելուց, դա արդեն խաղաղության ամենակարևոր քայլն է», – ընդգծել է նա։
Մասնակիցները նշել են, որ նախաձեռնությունը նոր մոտիվացիա է տվել շարունակելու համատեղ աշխատանքը՝ խաղաղության մշակույթի տարածման և կառուցողական հաղորդակցության ամրապնդման ուղղությամբ Գավառ համայնքում։
Միջոցառումն անցկացվել է «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում աջակցություն ստացած նախագծով, որն իրականացվել է «Ռեստարտ Գավառ» երիտասարդական ՀԿ-ի կողմից։
«Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագիրն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։


















































