«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանն այսօր հրավիրված ասուլիսում խոսեց նոյեմբերի 1-ից ուժի մեջ մտնող քաղաքացիների եկամտահարկի համատարած հայտարարագրման վտանգների մասին:
«Շատ են եղել դեպքերը, երբ իշխանության ներկայացուցիչները հայտարարել են մի բան, իսկ օրենքով եւ փաստաթղթում գրել են տրամագծորեն հակառակը: Իրականում մոտավորապես նման ձեւակերպում էլ սա էր: Վերջին շրջանում հայտարարագրման շրջանակներում մեր բացած գրասենյակներում շատ-շատ են զանգերը:
Մարդիկ ուզում են վերջապես հասկանալ իրենց ճակատագիրը եւ ինչպես պետք է վարվեն իրենց եկամուտների հայտարարագրման հետ»,-ասաց Նաիրի Սարգսյանը եւ մինչեւ բուն թեմային անցնելը բերեց վիճակագրական մի քանի էական տվյալներ, մասնավորապես, որ 860 հազար քաղաքացիներից, ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեին 2025 թվականին, ներկայացրել է շուրջ 130 հազարը: Այսինքն ՀՀ 730 հազար քաղաքացի միացել է համատարած եկամտի հայտարարման բոյկոտին:
Նաիրի Սարգսյանը հանգամանալից անդրադարձավ օրակարգային հետեւյալ հարցին: Առաջին խնդիրը ծախսատարությունն է: Նրա խոսքով, ավելի քան 42 % աղքատություն ունեցող երկրում քաղաքացին տարեկան մոտավորապես 50 հազար դրամ լրացուցիչ ծախս պետք է կատարի, ինչը աբսուրդ է:
Կարդացեք նաև
Իշխանությունը տոտալ վերահսկողություն է սահմանում հայ հասարակության վրա: «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ որպես տնտեսական բռնության գործիք է կիրառվելու եւ տնտեսական մահակը վերածվելու է քաղաքական, սոցիալական մահակի եւ բոլորին անհատապես մշտական վերահսկողության տակ է պահելու: Հայտարարագրումը հանգեցնելու է արտագաղթի ծավալների մեծացման, ներգաղթի կրճատման: Եվ բանկային գաղտնիքի տիրապետման, որն ամենավտանգավորն է այս պարագայում»,-ասաց բանախոսը եւ շնորհակալություն հայտնեց քաղաքացիների համատարած բոյկոտ ապահովելու, այսպիսի դիմադրության ճակատ ստեղծելու համար եւ խորհուրդ տվեց շարունակել համատարած բոյկոտը:
Aravot.am-ի դիտարկմանը, որ աշխատավարձ ստացող քաղաքացու ֆինանսական տեղաշարժն արդեն իսկ պետությանը հայտնի է, հետեւաբար, ի՞նչն է լրացուցիչ հայտարարագրման դրդապատճառը: Գուցե դրսից պարտադրա՞նք կա, թե՞ ներքին շահագրգռվածություն է: Եվ այդ դեպքում արդյո՞ք վտանգ չկա, որ ՀՀ քաղաքացիների անձնական գաղտնիք հանդիսացող տվյալները կարող են հայտնվել դրսի այդ հավանական պատվիրատուների ձեռքին, Նաիրի Սարգսյանը պատասխանեց. «Երկուսը միաժամանակ: Պարտադրանք դրսից միանշանակ կա, որովհետեւ տարբեր գրանտային ծրագրեր, որ բերում ու գովազդում են, թե տեսեք, այսքան գումարներ ստացանք եւ այլն, այդ գրանտների հետեւանքը լինում է այսպիսին: Երկրորդ, սա այն դեպքն է, որ մի գնդակով երկու նապաստակ են խփում: Մի կողմից ասում են արտաքին պարտադրանքի ծրագիրը տեսեք, կատարված է, երկրորդ կողմից՝ սա դառնում է իրենց համար անձնական վերահսկողության գործիք, տնտեսական ահաբեկման գործիք: Այդ թվում՝ նաեւ քաղաքական ահաբեկման գործիք, որովհետեւ հայտարարագրով, ոչ միայն սրանք, այլեւ բոլոր իշխանությունները, սա կիրառելու են անհատական ջարդելու, տույժով, տուգանքներով ծանրաբեռնելու եւ տարատեսակ քրեական պատասխանատվության վախի մթնոլորտում մարդկանց կառավարելու եւ իրենց կամքը թելադրելու նպատակով»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































