Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի օրինագիծը, որը ներկայացվել է կառավարության կողմից և քննարկման փուլում է, առաջին հայացքից ներկայացնում է նշանակալի թվային ցուցանիշներ և հավակնոտ նպատակներ, սակայն մանրամասն վերլուծությունը բացահայտում է հիմնարար խնդիրներ, որոնք վերաբերում են ինչպես բյուջեի կառուցվածքային տրամաբանությանը, այնպես էլ դրա իրականացման կարողականությանը և տնտեսական քաղաքականության ընդհանուր ուղղվածությանը։
Օրինագիծը նախատեսում է պետական եկամուտների աճ մոտավորապես 8,9 տոկոսի չափով, ինչը թվային առումով զգալի ցուցանիշ է և պահանջում է համապատասխան տնտեսական ակտիվության աճ, հարկային հավաքագրման արդյունավետության բարձրացում կամ տնտեսության նոր հատվածների ակտիվացում, սակայն օրինագծի ներկայացված տարբերակում բացակայում են այն հստակ մեխանիզմները, որոնց միջոցով նախատեսվում է հասնել այս եկամուտների աճին, և չեն նշվում կոնկրետ ոլորտները, որտեղ սպասվում է հարկային բազայի ընդլայնում կամ հավաքագրման արդյունավետության էական բարելավում։
Կապիտալ ծախսերի ընդլայնումը մինչև համախառն ազգային արդյունքի 3,4 տոկոսը նույնպես ներկայացվում է որպես դրական միտում, քանի որ կապիտալ ներդրումները տեսականորեն պետք է ապահովեն ենթակառուցվածքների զարգացում, արտադրական հզորությունների ստեղծում և երկարաժամկետ տնտեսական ներուժի ձևավորում: Սակայն այս թվերը պետք է դիտարկել ընթացիկ տարվա բյուջեի ֆոնին, երբ կապիտալ ծախսերի կատարողականը կազմել է ընդամենը 32-35 տոկոս, ինչը խոսում է համակարգային խոր խնդիրների մասին՝ կապված ծրագրերի պլանավորման, իրականացման հսկողության, պայմանագրային գործընթացների արդյունավետության և ինստիտուցիոնալ կարողությունների հետ։ Կապիտալ ծախսերի ցածր կատարողականն ուղղակիորեն վկայում է ծրագրային կառավարման համակարգի թուլությունների, իրականացման մոնիտորինգի անարդյունավետության, պայմանագրերի կնքման և իրագործման գործընթացների դանդաղության, ինչպես նաև ինստիտուցիոնալ կարողությունների պակասի մասին։ Այս լայնածավալ խնդիրների առկայության պայմաններում 2026 թվականի բյուջեում կապիտալ ծախսերի աճի նախատեսումը ձեռք է բերում մեխանիկական բնույթ և ավելի շատ հաշվառման նշանակություն է ստանում, քան իրական տնտեսական արդյունքի ապահովման միտում, քանի որ եթե համակարգը չի կարողանում արդյունավետ իրականացնել ընթացիկ ծավալները, ապա ծավալների ավելացումը, բնականաբար, չի լուծի իրականացման խնդիրները, այլ կարող է նույնիսկ խորացնել դրանք։
Ինչ վերաբերում է տնտեսական աճի՝ նախատեսված 4,5-5 տոկոս տեմպին, թեև այն համապատասխանում է միջին և երկարաժամկետ զարգացման ծրագրերում նշված նպատակներին, այնուամենայնիվ, չի ուղեկցվում այն կառուցվածքային բաղադրիչների վերլուծությամբ, որոնք պետք է ապահովեն նշված աճը՝ արտահանման ընդլայնում, արտադրական հատվածի զարգացում, արդյունաբերական արժեքավորված ապրանքների ստեղծում, նոր շուկաների ձեռքբերում կամ եղած շուկաներում մրցակցային դիրքերի ամրապնդում։
Կարդացեք նաև
Բյուջեն շարունակում է հիմնվել նույն մեխանիկական մոտեցման վրա, երբ թվերը փոխվում են տարեցտարի, բայց տնտեսական մոդելի էությունը մնում է անփոփոխ, և բացակայում է պատասխանն այն հիմնարար հարցին, թե ինչպես են այս ծախսերը վերափոխելու երկրի արտադրական կառուցվածքը, ստեղծելու նոր մրցակցային առավելություններ, խթանելու արտահանումը և ձևավորելու տնտեսության զարգացման նոր, կայուն ուղղություններ։ Բյուջետային հատկացումների կառուցվածքը, որը արտացոլված է օրինագծում, բացահայտում է պետության առաջնահերթությունների անհամաչափությունը և վկայում է այն մասին, որ վարչական և իրավապահ համակարգերի ֆինանսավորումը շարունակում է աճել, մինչդեռ տնտեսական զարգացման կառույցների հատկացումները կրճատվում կամ չեն ապահովվում համաչափ աճով։
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


















































