Օրերս «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնությունը եւ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը հայտարարեցին իրենց համագործակցության մասին։ Տարածված հայտարարության մեջ ասված է. «Մենք կարեւոր ենք համարում ջանքերի ու կարողությունների միավորումը` հաշվի առնելով երկրի առջեւ ծառացած մարտահրավերների լրջությունը եւ ազգային միասնության անհրաժեշտությունը, նպատակ ունենալով ձեւավորել նոր որակի քաղաքական համագործակցություն։ Համագործակցության հիմքում դրված են երկրի ներքին եւ արտաքին խնդիրների վերաբերյալ ընդհանուր մտահոգությունները, ինչպես նաեւ՝ զարգացման սկզբունքների շուրջ մոտեցումների ընդհանրությունը եւ, որ ամենակարեւորն է, ուժերը համատեղելու եւ միասնաբար հանդես գալու հրամայականը»:
Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի հետ: «Շանթ դաշինք» կուսակցության նախագահն ու հիմնադիրը նրա որդին է` Շահեն Հարությունյանը:
– «Շանթ դաշինքն» ինչպե՞ս որոշեց միանալ Արման Թաթոյանին:
– Ես «Շանթ դաշինք» կուսակցության հետ կապ չունեմ, իմ տղան է մասնակցելու: Ես «Ցեղակրոն» կուսակցության ղեկավարն եմ, Շահենն է որոշել միանալ: Միացել է, ես էլ ի՞նչ պիտի ասեի:
Կարդացեք նաև
– Ուզում եք ասել` Ձեր կարծիքը հաշվի չի՞ առել Ձեր որդին: Առանց Ձեզ հետ խորհրդակցելո՞ւ է նման որոշում կայացրել:
– Ախր Շահենը հո երեխա չի, որ ես ինչ-որ բան արգելեմ կամ թողնեմ: Ես պրոցեսներին ընդհանրապես չեմ մասնակցելու:
– Իսկ կողքից ինչպե՞ս եք վերաբերվում Թաթոյանի եւ Ձեր որդու համագործակցությանը:
– Ես, եթե անկեղծ ասեմ, չեմ ընդունում դաշինք ասվածը: Եթե ես մասնակցեի ընտրություններին, ոչ մեկի հետ դաշինք չէի կազմի` սկզբունքորեն: Բայց դե՝ Շահենը շատ էլ, որ իմ տղեն ա, ես հո չե՞մ կարա իմ կարծիքը ստիպեմ: Այսօրվա երկրի վիճակն էնպիսին է, որ եթե գտնում ես ինչ-որ մեկին, որն էդքան էլ վարկաբեկված չէ, վատ բաներ չի արել` առհասարակ եմ ասում, ոչ թե կոնկրետ անձերի մասին: Եթե կան մարդիկ, ովքեր վատ անցյալ չունեն ու կարան Նիկոլենց հեռացնեն իշխանությունից, դրական եմ նայում դրան` ընդհանուր առմամբ: Եթե չեն խաբում մարդկանց, ես դրան լավ եմ վերաբերվում: Շահենն իմ դիրքորոշումը գիտի, գիտի, որ ես դաշինքների կողմնակից չեմ, բայց բոլորին կոչ եմ անում մասնակցել ընտրություններին եւ ընտրել ցանկացած մեկին, բացի Նիկոլից: Իմ վերաբերմունքը դա է:
– Պնդում եք, որ չեք մասնակցելու քաղաքական պրոցեսներին, իսկ այդ դեպքում որոշե՞լ եք, թե ում եք ընտրելու: Գուցե հենց Ձեր որդո՞ւն:
– Հա, բա ո՞նց: Թաթոյանին մի անգամ եմ տեսել կյանքիս մեջ` բանտում: Նրա մասին ո՛չ լավը գիտեմ, ո՛չ վատը, բայց իմ տղուն ես ճանաչում եմ, գիտեմ, որ շատ ազնիվ ու հայրենասեր տղա է, խի՞ պիտի չընտրեմ, հենց նրան էլ ընտրելու եմ: Ես կոչ եմ անում ընտրել ցանկացածին, բացի Նիկոլից:
– Կա՞ մի ուժ, որը, ըստ Ձեզ, կարող է իշխանափոխության հասնել` ընտրությունների արդյունքում:
– Հարցն էդպես չեմ դնում, ես գտնում եմ, որ իշխանությունը պետք է փոխվի, գտնում եմ, որ ճիշտը իշխանափոխությունն է, ով կարա, թե ով չի կարա, չգիտեմ, սա պայքար է: Էականն այն է, որ ճշտի համար է պայքարը: Թե ինչ արդյունք կլինի, դա էլ պետք է հասարակությունը որոշի:
– Թաթոյանի աշխարհաքաղաքական ուղղվածությունն այնքան էլ հստակ չէ, գոնե ինձ համար: Դուք գաղափարներով ավելի շատ դեպի Արեւմուտք եք ուղղված:
– Մենք նացիոնալիստ ենք, չէի ասի, թե Արեւմուտք ենք: Թաթոյանի մասին կարծիքս հետեւյալն է` ո՛չ արեւմտամետ է, ո՛չ ռուսամետ է: Հատուկ չեմ հետեւել նրան: Հայաստանում շատ են այնպիսի մարդիկ, ովքեր հանդես են գալիս իբրեւ ինչ-որ ուղղվածությամբ, բայց կոնկրետ վարք չեն դրսեւորում, երբ գործնական պահը գալիս է: Օրինակ, Քոչարյանն ասում է՝ գնանք ռուսներին միանանք, նման մարդկանց մասին շատ հեշտ է կարծիք կազմելը, բայց մարդը, որը նոր է մտնում քաղաքականություն, ի՞նչ կարող եմ ասել: Կոնկրետ Թաթոյանը չի եղել քաղաքականության մեջ, չեմ կարա հստակ բան ասեմ: Շահենն է իրենց հետ հանդիպում, նա է որոշել:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում


















































